Մարդու որդու իշխանությունը
Մարդու որդու իշխանությունը

19 Յիսուս ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, մարդու Որդին ինքն իրենից ոչինչ չի կարող անել, այլ անում է այն, ինչ տեսնում է, թէ Հայրը կատարում է, որովհետեւ ինչ որ Հայրն է անում, նոյնը նրա նման եւ Որդին է գործում, 20 քանի որ Հայրը սիրում է Որդուն, եւ այն ամէնը, ինչ ինքն է անում, ցոյց է տալիս նրան. եւ նրան ցոյց կը տայ սրանից շատ աւելի մեծ գործեր, որոնց վրայ դուք կը զարմանաք. 21 որովհետեւ, ինչպէս որ Հայրը յարութիւն է տալիս մեռելներին եւ կենդանացնում է, նոյնպէս եւ Որդին կենդանացնում է՝ ում կամենայ: 22 Սակայն Հայրը ոչ մէկին չի դատում, այլ ամէն դատաստան տուել է իր Որդուն, 23 որպէսզի ամէնքը պատուեն Որդուն, ինչպէս պատւում են Հօրը: Ով Որդուն չի պատւում, չի պատւում եւ Հօրը՝ նրան առաքողին: 24 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով իմ խօսքը լսում է ու հաւատում է նրան, ով ինձ առաքեց, ընդունում է յաւիտենական կեանքը եւ չի դատապարտւում, այլ մահուանից կեանք անցաւ: 25 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ կը գայ ժամանակ, եւ արդէն իսկ եկել է, երբ մեռելները կը լսեն Աստծու Որդու ձայնը, եւ նրանք, որ կը լսեն, կ՚ապրեն, 26 որովհետեւ, ինչպէս Հայրն ինքն իր մէջ կեանք ունի եւ կեանք է տալիս, նոյնպէս եւ Որդուն տուեց ինքն իր մէջ կեանք ունենալ եւ տալ: 27 Եւ նրան իշխանութիւն տուեց դատաստան անելու, քանի որ մարդու Որդի է. 28 դրա վրայ ինչո՞ւ էք զարմանում, որովհետեւ կը գայ ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կը լսեն նրա ձայնը 29 եւ դուրս կը գան. ովքեր բարի գործեր են արել՝ կեանքի յարութեան համար, իսկ ովքեր չար գործեր են արել՝ դատաստանի յարութեան համար:
30 Ես ինքս ինձնից ոչինչ անել չեմ կարող, այլ, ինչպէս լսում եմ Հօրից՝ դատում եմ, եւ իմ դատաստանը արդար է, որովհետեւ ոչ թէ իմ կամքն եմ որոնում, այլ նրա կամքը, ով ինձ առաքեց»: