Ոչխարների ավազանի անդամալույծի բժշկումը
Ոչխարների ավազանի անդամալույծի բժշկումը
1 Դրանից յետոյ հրեաների տօնն էր, եւ Յիսուս Երուսաղէմ ելաւ: 2 Եւ Երուսաղէմում, Ոչխարների աւազանի մօտ մի տեղ կար, որ եբրայերէն անուանւում էր Բեթհեզդա՝ հինգ սրահներով, 3 որոնց մէջ պառկած էր մի մեծ բազմութիւն հիւանդների, կոյրերի, կաղերի եւ գօսացածների, որոնք սպասում էին ջրերի խառնուելուն: 4 Եւ Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր աւազանը եւ ջրերը խառնում. եւ ով ջրերի խառնուելու ժամանակ առաջինն էր իջնում, բժշկւում էր՝ հիւանդութիւնից նշան անգամ չպահելով(994):
5 Այնտեղ կար մի մարդ, որ երեսունութ տարուց ի վեր հիւանդ էր: 6 Երբ Յիսուս տեսաւ, որ նա պառկած ընկած է, եւ իմացաւ, որ դա շատ ժամանակից ի վեր էր, նրան ասաց. «Կամենո՞ւմ ես առողջ լինել»: 7 Հիւանդը պատասխանեց նրան. «Տէ՛ր, ոչ ոք չունեմ, որ, երբ ջրերը խառնուեն, ինձ աւազանի մէջ իջեցնի. եւ մինչ ես դանդաղում եմ, մէկ ուրիշն ինձնից աւելի առաջ է իջնում»: 8 Յիսուս նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛»: 9 Եւ մարդը առողջացաւ 995, վեր կացաւ, վերցրեց իր մահիճը եւ ման էր գալիս. եւ այն օրը շաբաթ էր: 10 Հրեաները բժշկուած մարդուն ասացին. «Շաբաթ օր է եւ օրինաւոր չէ, որ վերցնես մահիճդ»: 11 Նա նրանց ասաց. «Նա, որ ինձ բժշկեց, նա՛ ինձ ասաց՝ վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛»: 12 Նրան հարցրին ու ասացին. «Ո՞վ է այն մարդը, որ քեզ ասաց՝ վերցրո՛ւ քո մահիճը եւ շրջի՛ր»: 13 Իսկ բժշկուածը չէր իմանում, թէ ո՛վ է նա, որովհետեւ Յիսուս այդտեղից ամբոխի պատճառով հեռացել էր: 14 Այնուհետեւ Յիսուս նրան գտաւ տաճարում ու ասաց նրան. «Ահաւասիկ առողջացար, այլեւս մի՛ մեղանչիր, որպէսզի մի աւելի չար բան չպատահի քեզ»: 15 Մարդը գնաց եւ հրեաներին պատմեց, թէ՝ Յիսուս էր, որ ինձ բժշկեց:
16 Եւ հրեաները Յիսուսին հալածում էին նրա համար, որ շաբաթ օրով էր անում այդ բաները: 17 Սակայն Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Իմ Հայրը մինչեւ այժմ գործում է, ուրեմն ես եւս գործում եմ»: 18 Դրա համար հրեաները առաւել եւս ուզում էին նրան սպանել, որովհետեւ ոչ միայն չէր պահում շաբաթը, այլ նաեւ Աստծուն կոչում էր իր Հայրը եւ իր անձը Աստծուն հաւասար էր դասում: