14 Եւ Յիսուս մի համր դեւ էր հանում. եւ երբ դեւը ելաւ, համրը խօսեց. եւ ամբողջ ժողովուրդը զարմացաւ: 15 Եւ նրանցից ոմանք ասացին. «Դա դեւերին հանում է դեւերի իշխան Բէեղզեբուղի միջոցով»: 16 Իսկ ուրիշներ փորձում էին նրան եւ երկնքից նշան էին ուզում նրանից: 17 Իսկ նա իմանալով նրանց մտածումները՝ ասաց նրանց. «Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն տուն՝ կործանւում: 18 Արդ, եթէ սատանան էլ ինքն իր մէջ բաժանուեց, նրա թագաւորութիւնը ինչպէ՞ս կարող է կանգուն մնալ. որովհետեւ իմ մասին ասում էք, թէ՝ “Դա դեւերին հանում է դեւերի իշխան Բէեղզեբուղի միջոցով”: 19 Եթէ ես դեւերին հանում եմ Բէեղզեբուղի միջոցով, ձեր հետեւորդները ինչո՞վ պիտի հանեն. դրա համար նրա՛նք պիտի լինեն ձեր դատաւորները: 20 Իսկ եթէ Աստծու մատով եմ հանում դեւերին, ապա Աստծու արքայութիւնը հասել է ձեր վրայ: 21 Երբոր զինուած հզօր մի մարդ պահպանում է իր տունը, նրա ինչքը ապահով է: 22 Բայց եթէ նրանից աւելի հզօրը գայ նրա վրայ եւ յաղթի նրան, նրանից կը հանի այն զէնքերը, որոնց վրայ յոյս էր դրել, եւ նրա աւարը կը բաժանի: 23 Ով ինձ հետ չէ, հակառակ է ինձ, եւ ով ինձ հետ չի հաւաքում, ցրում է»: