11 Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար: 12 Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին եւ փախչում է: Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է. 13 քանի որ վարձկան է, եւ ոչխարների համար հոգ չի անում: 14 Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից: 15 Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կը տամ իմ ոչխարների համար: 16 Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ: 17 Նրա համար է իմ Հայրն ինձ սիրում, որ ես իմ կեանքն եմ տալիս, որպէսզի վերստին այն առնեմ: 18 Այն ինձնից ոչ ոք չի վերցնի, այլ ես ինքս եմ այն տալիս. իշխանութիւն ունեմ այն տալու եւ իշխանութիւն ունեմ վերստին այն առնելու. այս պատուէրը իմ Հօրից ստացայ»:
19 Այս խօսքերի պատճառով հրեաների մէջ դարձեալ պառակտում եղաւ: 20 Եւ նրանցից շատերն ասում էին. «Նրա մէջ դեւ կայ եւ մոլեգնում է. ինչո՞ւ էք նրան լսում»: 21 Ոմանք էլ ասում էին. «Սրանք դիւահարի խօսքեր չեն, միթէ դեւը կարո՞ղ է կոյրի աչքերը բանալ»: