«Մարդկությունը երբեք խաղաղություն չի ունենա, մինչ վստահությամբ չհայցի Աստվածային Ողորմությունը»,-այսպես ասաց Տերը սրբուհի Ֆաուստինային 1931-1935 թթ. երևումների ժամանակ: Հիսուս պատվիրեց Ողորմության Վարդարանի վերջում մշտապես աղոթել. «Հիսու՛ս, վստահում եմ Քեզ»: Կովալսկան՝ Ողորմության 20-րդ դարի առաքյալը, ինչպես անվանում են այս սրբուհուն, Տիրոջը տեսավ՝ սրտից երկու ճառագայթ ճառագելիս, որոնք խորհրդանշում էին Հիսուսի կողից հոսող արյունն ու ջուրը: Այդ ճառագայթները ողողում են ամբողջ աշխարհը, դրանք Աստծո ողորմության նշաններն են:
Աղոթենք Ողորմության վարդարանը
Աստվածային ողորմության վարդարանի աղոթքը սկսենք «Հայր մեր», «Ողջույն, քեզ, Մարիամ», «Հավատո հանգանակ» աղոթքներով:
Մեծ ուլունքահատիկի վրա մեկ անգամ ասենք՝
Հավիտենական Հայր, Քեզ եմ ընծայում Քո սիրելի Որդու՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը, Հոգին եւ Աստուածությունը՝ մեր և ամղոջ աշխարհի մեղքերի քավության համար:
Յուրաքանչյուր տասը փոքրիկ ուլունքահատիկի վրա ասում ենք՝
Հանուն նրա վշտալի տառապանքների՝ ողորմիր ինձ ու ամբողջ աշխարհին:
Վարդարանն ամբողջությամբ աղոթելուց հետո եզրափակենք՝ երեք անգամ ասելով՝
Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ,
Ողորմի՛ր մեզ և ամբողջ աշխարհին:
Ապա երեք անգամ՝
Հիսու՛ս, Քե՛զ եմ վստահում: