43 Եւ երկու օր յետոյ նա ելաւ այնտեղից եւ գնաց Գալիլիա. 44 քանի որ Յիսուս ինքն իսկ վկայել էր, թէ մարգարէն իր գաւառում պատիւ չունի: 45 Սակայն, երբ նա Գալիլիա եկաւ, գալիլիացիները նրան ընդունեցին, որովհետեւ նրանք եւս տեսել էին այն բոլոր նշանները, որ նա արեց Երուսաղէմում՝ տօնի ժամանակ, քանի որ նրանք էլ էին եկել տօնին:
46 Յիսուս դարձեալ եկաւ Գալիլիայի Կանա քաղաքը, ուր ջուրը գինու էր վերածել: Պալատական մի պաշտօնատար կար, որի որդին հիւանդ էր Կափառնայումում: 47 Երբ նա լսեց, թէ Յիսուս Հրէաստանից Գալիլիա է եկել, եկաւ նրա մօտ եւ աղաչում էր, որ Կափառնայում իջնի ու իր որդուն բժշկի, քանի որ մերձիմահ էր: 48 Յիսուս նրան ասաց. «Եթէ նշաններ եւ զարմանալի գործեր չտեսնէք, չէք հաւատում»: 49 Պաշտօնատարը նրան ասաց. «Տէ՛ր, իջի՛ր, քանի դեռ իմ որդին չի մեռել»: 50 Յիսուս նրան ասաց. «Գնա՛, քո որդին կենդանի է»: Եւ մարդը հաւատաց Յիսուսի ասած խօսքին ու գնաց: 51 Եւ մինչդեռ նա իջնում էր, նրա ծառաները ընդառաջ ելան նրան, աւետիս տուեցին եւ ասացին, թէ նրա տղան կենդանի է: 52 Նա հարցրեց նրանց, թէ ո՞ր ժամին ապաքինուեց: Նրան ասացին. «Երէկ, յետմիջօրէի ժամը մէկին ջերմը նրան թողեց»: 53 Հայրը գիտակցեց, որ այդ ժամին էր, երբ Յիսուս նրան ասաց՝ քո որդին կենդանի է: Եւ հաւատաց ինքը, ու իր ամբողջ ընտանիքը: 54 Այս դարձեալ երկրորդ նշանն է, որ արեց Յիսուս՝ Հրէաստանից Գալիլիա գալուց յետոյ: