1 Երբ Յիսուս իմացաւ, որ փարիսեցիները լսել են, թէ ինքն աւելի շատ աշակերտներ է դարձնում եւ մկրտում, քան Յովհաննէսը 2 (թէպէտեւ ոչ թէ Յիսուս ինքն էր մկրտում, այլ՝ նրա աշակերտները), 3 թողեց Հրէաստան երկիրը եւ վերստին եկաւ Գալիլիա: 4 Եւ անհրաժեշտ էր, որ նա անցնէր Սամարիայով: 5 Նա գալիս է Սամարիայի մի քաղաքը, որի անունն էր Սիւքար, մօտիկ այն գիւղին, որ Յակոբը տուել էր իր որդուն՝ Յովսէփին: 6 Եւ այնտեղ Յակոբի աղբիւրը կար: Եւ Յիսուս ճանապարհից յոգնած՝ նստեց աղբիւրի մօտ. կէսօր էր:
7 Սամարիայից մի կին է գալիս ջուր հանելու. Յիսուս նրան ասում է. 8 «Ինձ խմելու ջուր տուր» (քանի որ նրա աշակերտները գնացել էին քաղաք, որպէսզի ուտելիք գնեն): 9 Սամարացի կինը նրան ասում է. «Դու, որ հրեայ ես, ինչպէ՞ս ինձնից՝ սամարացի կնոջից, խմելու ջուր ես ուզում» (որովհետեւ հրեաները սամարացիների հետ երբեք շփում չեն ունենում): 10 Յիսուս նրան պատասխանեց եւ ասաց. «Եթէ դու գիտենայի՜ր Աստծու պարգեւները, եւ թէ ով է, որ քեզ ասում է՝ “Ինձ խմելու ջուր տուր”, գուցէ ինքդ արդարեւ նրանից կ՚ուզէիր, եւ նա քեզ կենդանի ջուր կը տար»: 11 Կինը նրան ասաց. «Տէ՛ր, սակայն դու դոյլ իսկ չունես, եւ այս ջրհորը խորն է. ուրեմն դու որտեղի՞ց կ՚ունենաս կենդանի ջուր: 12 Միթէ դու աւելի մե՞ծ մէկն ես, քան մեր հայրը՝ Յակոբը, որ այս ջրհորը մեզ տուել է եւ ինքն էլ խմել է սրանից. նաեւ՝ իր որդիներն ու իր հօտերը»:
13 Յիսուս նրան պատասխանեց եւ ասաց. «Ով որ այս ջրից խմի, նորից կը ծարաւի, բայց ով որ խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, յաւիտեան չպիտի ծարաւի: 14 Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մէջ կը լինի բխող ջրի աղբիւր յաւիտենական կեանքի համար»: 15 Կինը ասաց նրան. «Տէ՛ր, տո՛ւր ինձ այդ ջուրը, որպէսզի չծարաւեմ եւ այստեղ չգամ ջուր հանելու»: 16 Յիսուս նրան ասաց. «Գնա՛, ամուսնուդ կանչի՛ր եւ արի՛ այստեղ»: 17 Կինը պատասխան տուեց նրան եւ ասաց. «Ամուսին չունեմ»: Յիսուս նրան ասաց. «Լա՛ւ ասացիր, թէ՝ ամուսին չունեմ, 18 որովհետեւ հինգ մարդ ես փոխել եւ ում հետ, որ այժմ ապրում ես, քո ամուսինը չէ. այդ ճիշտ ասացիր»: 19 Կինը նրան ասաց. «Տէ՛ր, ինձ թւում է, թէ դու մարգարէ ես: 20 Մեր հայրերը այս լերան վրայ երկրպագութիւն արեցին, իսկ դուք ասում էք, թէ միայն Երուսաղէմն է այն տեղը, ուր արժան է երկրպագել»: 21 Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, հաւատա՛ ինձ, որ կը գայ ժամանակը, երբ ո՛չ այս լերան վրայ եւ ո՛չ էլ Երուսաղէմում կ՚երկրպագեն Հօրը: 22 Դուք երկրպագում էք նրան, ում չգիտէք, իսկ մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք, որովհետեւ փրկութիւնը հրեաներից է: 23 Բայց կը գայ ժամանակը, եւ արդէն իսկ եկել է, երբ ճշմարիտ երկրպագուները կ՚երկրպագեն Հօրը հոգով եւ ճշմարտութեամբ, քանի որ Հայրն էլ իրեն այդպիսի երկրպագուներ է ուզում: 24 Հոգի է Աստուած, եւ նրա երկրպագուները պէտք է հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագեն»: