Լուսադեմին Մուշի տների դռները բացվում են, և ջահել հարս ու աղջիկ, կժերն առած, անուշ երգելով ու մեղմիկ շորորալով գնում են դեպի Մեղրագետը, որ հոսում է Մշո դաշտով: Պարզվում է՝ սասունցի տղաներն արդեն Մշո դաշտում են հավաքված: Հանկարծ տղաներից մեկը նկատում է աղջիկներին և նրանց մեջ էլ՝ իր Շուշո յարին, որ շորորում էր կաքավի պես: Մյուս տղաները, տեսնելով, թե ինչպես իրենց ընկերը, հափշտակված Շուշոյին է նայում, կատակով, նրա անունից, սկսում են ձայն տալ. « Ըմ անուշ յար Շուշո քընց աստղիկ մը լուսո»: Շուշոն, լսելով տղաների այս կանչը և նրանց շարքերում տեսնելով իր յարին, որ շփոթված իրեն է ժպտում, ինչպես նաև՝ հարս ու աղջիկների շարքերում սկիզբ առած քչփչոցը լսելով, մի պահ ինքն էլ է շփոթվում ու առվի թմբով քայլելիս մեկ քայլ առաջ է գցում, երկու քայլի տևողությամբ կանգնում: Բայց հետո սթափվում է, համարձակություն առնում ու կանչում է իր յարին, թե «արի, մեկ համբույր տամ, թող այս քչփչացող հարսները մնան մոլոր», չկարծեն, թե ինքն ամոթից պետք է թաքնվեր: Հիմա էլ աղջիկների ու հարսների խումբն է սկսում աղջկա անունից կատակով ձայն տալ, թե «Սասնո տղա, շատ խորոտ ես, միայն ափսոս՝ բոյդ է կոլոտ»: Սակայն տղան բնավ չի վիրավորվում դրանից, և, տպավորություն ստեղծելով, թե մյուս աղջիկներին չի նկատում, բայց հենց նրա՛նց իր համարձակությունը ցույց տալու համար, սկսում է գլուխ գովել, թե հարսների մոլոր մնալն ի՞նչ, «դու տես, որ գիշերը գալու եմ և ձեր տան մոտ եմ խոստացածդ համբույրն առնելու, որ հենց մայրդ մոլոր մնա»: Իսկ Շուշոն ասում է, թե պատրաստ է մեկ համբույր էլ այստեղ տալ, չլինի՝ հանկարծ իր յարն ընկերների մոտ ամոթով մնա, թե չհամարձակվեց իրեն համբուրել: Նրանց այս զրույցի ողջ ընթացքում տղաների խումբը սիրահարների հոգու հետ խաղալու, նրանց ամոթահար անելու համար չարաճճիորեն անդադար ձայն է տալիս, թե անուշ յար Շուշոն կարծես լույսի աստղիկ լինի: Մշեցի աղջիկներն էլ սկսում են մրցել սասունցի տղաների հետ, հիշեցնելով, որ իրենց ընկերը, չնայած խորոտն է, բայց բոյը կոլոտ է: Սակայն նրանց այս խոսքերի մեջ վիրավորական ոչինչ չկա, այլ հակառակը, նկատելի է անսահման սեր՝ հանդեպ երկու սիրահարների: