Որոմների առակը
Որոմների առակը

24 Նա մէկ ուրիշ առակ էլ նրանց առաջ դրեց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նմանուեց մի մարդու, որ իր արտի մէջ բարի սերմ սերմանեց: 25 Եւ երբ մարդիկ քնի մէջ էին, նրա թշնամին եկաւ եւ ցանած ցորենի վրայ որոմ ցանեց ու գնաց: 26 Եւ երբ ցորենը բուսաւ ու պտուղ տուեց, ապա երեւաց եւ այն որոմը: 27 Տանտիրոջ ծառաները մօտեցան ու ասացին նրան. «Տէ՛ր, չէ՞ որ քո արտի մէջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը»: 28 Եւ տէրն ասաց նրանց. «Թշնամի մարդ է արել այդ»: Ծառաները նրան ասացին. «Կամենո՞ւմ ես, որ գնանք ու քաղենք հանենք այն»: 29 Եւ տէրը նրանց ասաց. «Ո՛չ, մի գուցէ որոմը քաղելիս, ցորենն էլ նրա հետ արմատախիլ անէք: 30 Թողէ՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչեւ հունձը, եւ հնձի ժամանակ ես հնձողներին կ՚ասեմ՝ նախ այդ որոմը քաղեցէ՛ք եւ դրանից խուրձեր կապեցէ՛ք այրելու համար, իսկ ցորենը հաւաքեցէ՛ք իմ շտեմարանների մէջ»: