1 Եւ մի հիւանդ կար, Ղազարոս անունով, Բեթանիայից՝ Մարիամի եւ նրա քոյր Մարթայի գիւղից: 2 Սա այն Մարիամն էր, որ իւղով օծեց Տիրոջը եւ իր մազերով սրբեց նրա ոտքերը: Եւ սրա եղբայր Ղազարոսը հիւանդ էր: 3 Սրա քոյրերը նրա մօտ մարդ ուղարկեցին եւ ասացին. «Տէ՛ր, ահաւասիկ նա, ում դու սիրում էիր, հիւանդացել է»: 4 Երբ Յիսուս լսեց, ասաց. «Այդ հիւանդութիւնը մահաբեր չէ, այլ Աստծու փառքի համար է, որպէսզի դրանով Աստծու Որդին փառաւորուի»: 5 Յիսուս սիրում էր Մարիամին, նրա քրոջը՝ Մարթային, եւ Ղազարոսին: 6 Լսելուց յետոյ, թէ Ղազարոսը հիւանդացել է, նա տակաւին երկու օր մնաց այնտեղ, ուր գտնւում էր: 7 Ապա դրանից յետոյ իր աշակերտներին ասաց. «Եկէ՛ք վերստին գնանք Հրէաստան»: 8 Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի՛, հրեաները դեռ նոր էին ուզում քեզ քարկոծել, եւ նորից այնտե՞ղ ես գնում»: 9 Յիսուս պատասխանեց. «Ցերեկը տասներկու ժամ չունի՞. եթէ մէկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետեւ այս աշխարհի լոյսը տեսնում է, 10 իսկ եթէ մէկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետեւ հետը լոյս չունի»: 11 Այս բաներն ասելուց յետոյ նորից ասաց նրանց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»: 12 Աշակերտները նրան ասացին. «Տէ՛ր, եթէ ննջել է, ապա կ՚առողջանայ»: 13 Բայց Յիսուս նրա մահուան մասին էր ասում, մինչդեռ նրանց այնպէս թուաց, թէ նա քնով ննջելու մասին է խօսում: 14 Այն ժամանակ Յիսուս նրանց յայտնապէս ասաց. «Ղազարոսը մեռաւ. 15 բայց ես ուրախ եմ ձեզ համար, որ այնտեղ չէի. որպէսզի դուք ինձ հաւատաք: Արդ, եկէ՛ք գնանք նրա մօտ»: 16 Թովմասը, որ Երկուորեակ էր կոչւում, աշակերտակիցներին ասաց. «Եկէ՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք»: 17 Յիսուս եկաւ, նրան գտաւ չորս օրից ի վեր գերեզմանի մէջ: 18 Եւ Բեթանիան Երուսաղէմի մօտ էր շուրջ երեք կիլոմետր: 19 Հրեաներից շատերը եկել էին Մարթայի եւ Մարիամի մօտ, որպէսզի նրանց մխիթարեն իրենց եղբօր մահուան համար: 20 Երբ Մարթան լսեց, որ Յիսուս գալիս է, նրան ընդառաջ գնաց. իսկ Մարիամը տանը նստած էր: 21 Մարթան Յիսուսին ասաց. «Տէ՛ր, եթէ դու այստեղ եղած լինէիր, իմ եղբայրը մեռած չէր լինի. 22 բայց հիմա էլ գիտեմ, թէ ինչ էլ որ Աստծուց ուզես, Աստուած քեզ կը տայ»: 23 Յիսուս նրան ասաց. «Քո եղբայրը յարութիւն կ՚առնի»: 24 Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ յարութեան ժամանակ վերջին օրը յարութիւն կ՚առնի»:
Հիսուս՝ կյանք և հարություն
25 Յիսուս նրան ասաց. «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կ՚ապրի. 26 եւ ով կենդանի է ու ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնի: Հաւատո՞ւմ ես այս բանին»: 27 Նա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, ես հաւատում եմ, որ դո՛ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու»: 28 Եւ այս ասելուց յետոյ, գնաց գաղտնաբար կանչեց իր քրոջը՝ Մարիամին եւ ասաց. «Վարդապետն է եկել եւ քեզ է կանչում»: