25 Երուսաղէմացիներից ոմանք ասում էին. «Սա չէ՞ նա, որին ուզում էին սպանել: 26 Իսկ ահաւասիկ բացայայտօրէն խօսում է, եւ դրան բան չեն ասում. գուցէ արդարեւ իշխանաւորներն էլ ճանաչեցին, թէ սա՛ է Քրիստոսը: 27 Բայց մենք սրան գիտենք, թէ որտեղից է. իսկ Քրիստոս երբ որ գայ, ոչ ոք չի գիտենայ, թէ որտեղից է»: 28 Յիսուս աղաղակեց տաճարի մէջ, ուսուցանում էր եւ ասում. «Ե՛ւ ինձ գիտէք, ե՛ւ գիտէք որտեղից եմ. ինքս ինձ չեմ եկել, այլ ճշմարիտ է նա, ով ինձ ուղարկեց. նա, որին դուք չգիտէք: 29 Ես գիտեմ նրան, որովհետեւ նրանից իսկ եմ, եւ նա՛ ուղարկեց ինձ»: 30 Ուզում էին նրան բռնել, բայց ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց, որովհետեւ նրա ժամանակը դեռ չէր հասել:
31 Սակայն բազմութեան միջից շատերը հաւատացին նրան եւ ասում էին. «Երբ Քրիստոսը գայ, միթէ աւելի՞ նշաններ պիտի անի, քան սա է անում»: