30 Առաքեալները հաւաքուեցին Յիսուսի մօտ ու նրան պատմեցին այն ամէնը, ինչ որ արել էին եւ ուսուցանել: 31 Եւ Յիսուս նրանց ասաց. «Եկէ՛ք դուք առանձին մի ամայի տեղ ու մի քիչ հանգստացէ՛ք». որովհետեւ եկող-գնացողները շատ էին. եւ հաց ուտելու անգամ ժամանակ չունէին: 32 Եւ նաւակով գնացին մի ամայի տեղ՝ առանձին: 33 Սակայն մարդիկ տեսան նրանց, որ գնում էին, եւ շատերը ճանաչեցին նրանց ու բոլոր քաղաքներից հետիոտն, խուռներամ այնտեղ վազեցին եւ մօտեցան նրանց 944: 34 Եւ նա նաւակից դուրս ելնելով՝ մեծ ամբոխ տեսաւ ու գթաց նրանց, որովհետեւ նման էին ոչխարների, որոնք հովիւ չունեն. եւ սկսեց նրանց ուսուցանել շատ բաներ:
35 Երբ շատ ժամեր անցան, աշակերտները, մօտենալով, ասացին. «Սա ամայի տեղ է, մինչ օրը դեռ չի վերջացել, 36 արձակի՛ր այս ժողովրդին, որպէսզի գնան շրջակայքի ագարակներում եւ գիւղերում իրենց համար ուտելիք գնեն, որովհետեւ այստեղ ուտելու բան չունեն»: 37 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Դո՛ւք նրանց ուտելիք տուէք»: Ասացին նրան. «Գնանք գնե՞նք երկու հարիւր դահեկանի հաց եւ նրանց տանք ուտելու»: 38 Ասաց նրանց. «Քանի՞ նկանակ ունէք, գնացէք տեսէ՛ք»: Երբ իմացան, նրան ասացին. «Հինգ նկանակ եւ երկու ձուկ»: 39 Եւ նա հրամայեց խումբ-խումբ նստեցնել նրանց դալար խոտի վրայ: 40 Եւ դաս-դաս նստեցին, տեղ-տեղ՝ հարիւր, տեղ-տեղ՝ յիսուն: 41 Եւ նա վերցնելով հինգ նկանակը եւ երկու ձկները՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, մանրեց նկանակները եւ տուեց աշակերտներին, որպէսզի դնեն նրանց առաջ: Եւ երկու ձկներն էլ բաժանեց բոլորին: 42 Կերան եւ յագեցան 43 եւ տասներկու սակառ լիքը կտորտանքները վերցրին, ինչպէս նաեւ՝ ձկներից: 44 Եւ նրանք որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին: