Հացի առաջին բազմացումը
Հացի առաջին բազմացումը

13 Երբ Յիսուս այդ լսեց, այնտեղից նաւակով առանձին գնաց մի ամայի տեղ: Երբ ժողովրդի բազմութիւնը լսեց այս, քաղաքներից հետիոտն նրա յետեւից գնաց: 14 Եւ երբ նա ցամաք ելաւ, տեսաւ բազում ժողովուրդ, գթաց նրանց եւ բժշկեց նրանց հիւանդներին:
15 Երեկոյեան դէմ, աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Այս տեղը ամայի է, եւ օրը տարաժամել է. արձակի՛ր այդ ժողովրդի բազմութիւնը, որպէսզի գնայ շրջակայ գիւղերը իր համար ուտելիք գնի»: 16 Եւ Յիսուս ասաց. «Հարկ չկայ, որ նրանք գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տուէք»: 17 Եւ նրանք ասացին նրան. «Այստեղ ուրիշ բան չունենք, բացի հինգ նկանակից եւ երկու ձկից»: 18 Եւ նրանց ասաց. «Այստե՛ղ բերէք այդ»: 19 Եւ հրամայեց ժողովրդի բազմութիւնը նստեցնել խոտի վրայ. եւ վերցնելով հինգ նկանակն ու երկու ձկները՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ նկանակները աշակերտներին տուեց. իսկ աշակերտները՝ ժողովրդին: 20 Բոլորը կերան ու յագեցան: Եւ տասներկու սակառ լիքը կտորտանքների մնացորդներ վերցրին: 21 Եւ նրանք, որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին՝ չհաշուած կանանց եւ երեխաներին: