Ավանդության համաձայն, երբ լրացավ Լուսավորչի քահանայապետության երեսուն տարին, Տիրոջ հրամանով նա ելավ Սեպուհ լեռան կատարը և առանձնացավ լռության մեջ՝ Մանյա անունով մի քարայրում: Սրբի մահից միայն որոշ ժամանակ անց մի քանի հովիվներ, երբ պատահմամբ քարայր մտան հանգստանալու, գտան նրա մարմինը և ենթադրելով, որ պարզ ճգնավոր է, քարակույտի տակ ամփոփեցին նրան և հեռացան: Տարիներ անց, Գառնիկ անունով մի ճգնավոր տեսիլքով գտնում է սրբի մարմինը: Վերջինս հայոց հայրապետի նշխարները փոխադրեց և ամփոփեց Դարանաղյաց գավառի Թորդան ավանում: