17 Երբ նա այնտեղից ճանապարհ ընկաւ, ահա մեծահարուստ մէկը առաջ վազելով ծնկի իջաւ, հարցրեց նրան ու ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: 18 Եւ Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. բարի չէ ոչ ոք, այլ միայն՝ Աստուած: 19 Պատուիրանները գիտես. մի՛ շնանար, մի՛ սպանիր, մի՛ գողանար, սուտ մի՛ վկայիր 952, պատուի՛ր քո հօրն ու մօրը»: 20 Նա պատասխանեց եւ ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ բոլորը իմ մանկութիւնից ի վեր արել եմ. արդ, ի՞նչ եմ պակաս թողել»: 21 Եւ Յիսուս նրան նայելով՝ սիրեց նրան եւ ասաց. «Քեզ մէ՛կ բան է պակասում. եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր ինչ որ ունես ու աղքատների՛ն տուր եւ երկնքում գանձեր կ՚ունենաս. եւ վերցրո՛ւ խաչդ եւ արի՛ իմ յետեւից»: 22 Եւ մարդը այդ խօսքի վրայ խոժոռուած՝ գնաց տրտում, որովհետեւ շատ հարուստ էր:
23 Եւ Յիսուս այս կողմ, այն կողմ նայելով՝ ասաց իր աշակերտներին. «Ինչքա՜ն դժուարին է Աստծու արքայութիւն մտնել նրանց համար, որ հարստութիւն ունեն»: 24 Եւ աշակերտները զարմացած էին նրա խօսքերի վրայ. իսկ Յիսուս դարձեալ պատասխանեց նրանց եւ ասաց. «Զաւակնե՛րս, ինչքա՜ն դժուար է Աստծու արքայութիւն մտնել նրանց համար, որ իրենց յոյսը դրել են հարստութեան վրայ 953: 25 Աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ Աստծու արքայութիւնը մտնի»: 26 Եւ աշակերտները առաւել եւս էին զարմանում ու միմեանց ասում. «Ապա ուրեմն ո՞վ կարող է փրկուել»: 27 Նայելով նրանց՝ Յիսուս ասաց. «Մարդկանց համար այդ անհնար է, բայց ո՛չ Աստծու համար»: