13 Եւ նա դարձեալ ծովեզերք գնաց. եւ ամբողջ ժողովուրդը նրա մօտ էր գալիս, եւ նա ուսուցանում էր նրանց: 14 Եւ մինչ նա անցնում էր, տեսաւ Ալփէոսի որդի Ղեւիին, որ մաքսատանը նստած գործի վրայ էր, ու նրան ասաց՝ արի՛ իմ յետեւից: Եւ Ղեւին վեր կացաւ գնաց նրա յետեւից: 15 Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան նստեց, բազում մաքսաւորներ եւ մեղաւորներ էլ Յիսուսի ու նրա աշակերտների հետ սեղան նստեցին, որովհետեւ շատերն էին նրա յետեւից գնում: 16 Իսկ օրէնսգէտներն ու փարիսեցիները երբ տեսան, որ նա մաքսաւորների եւ մեղաւորների հետ է ուտում, նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ էք մեղաւորների ու մաքսաւորների հետ ուտում եւ խմում»: 17 Երբ Յիսուս լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին. եւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղաւորներին»: