Սուրբ Շարբելը ծնվել է 1828 թվականի մայիս 8-ին Լեռնալիբանանի հեռավոր գյուղում՝ Բըքահ Քաֆրայում, բազմազավակ ընտանիքում: Հայրը՝ Անթուն Մախլուֆը, և մայրը՝ Բրիջիթան, բարեպաշտ մարդիկ էին: Շարբելը շատ փոքր էր, երբ մահացավ հայրը: Մայրն ամուսնացավ մի հավատացյալ մարդու հետ, ով հետագայում մեծ դեր ունեցավ Շարբելի կյանքում:
22 տարեկան նա որոշում է մտնել Մայֆուքի Տիրամոր վանք ու նվիրվել աղոթական կյանքին: Այս վանքում էլ նա փոխում է իր մկրտության անունը՝ Յուսեֆ, ստանալով 2-րդ դարի նահատակ Շարբելի անունը: Նորընծայական շրջանը ավարտելուց հետո փոխադրվում է Աննայա՝ Սուրբ Մարոնի վանք, ուր 1853 թվականի կատարում է կրոնավոր ուխտը, այնուհետև տեղափոխվում է Լիբանանի Քիֆիֆանի վանք՝ փիլիսոփայություն և աստվածաբանություն ուսումնասիրելու համար: 1859 թվականին Շարբելը ձեռնադրվում է կուսակրոն քահանա: Իսկ 1875 թվականին մտնում է ճգնարան, ուր 23 տարի անցկացնում է լռության եւ աղոթքների մեջ՝ դառնալով Աննայա դարավոր վանքի մենավոր հայրերից մեկը:
Սուրբ Շարբելը, Աստծո ներշնչմամբ, բազմաթիվ հրաշքներ է գործում, որոնցից է Ճրագի հարշքը. ճրագի ամանի մեջ լցրած ջուրը վերածվում է յուղի ու լուսավորում սրբի խուցը ամբողջ գիշեր: Մենաստանում Շարբելն ապրում էր ժուժկալ և աղոթական կյանք, ինչի համար ստացավ “Աստծով արբած մարդ” անունը: Նա քիչ էր քնում, շատ աղոթում: Մարդիկ գալիս էին հրաշագործ Շարբելի մոտ՝ զանազան հիվանդություններից բուժվելու, արտերը բերքառատ դարձնելու և այլ նպատակների համար:
1898 թվականի Ծննդյան տոնին նախորդող շաբաթ օրը ճգնավորը Պատարագ է մատուցում: Բարձրացնելով սկիհը՝ արտասանում է «Ճշմարիտ Աստված» աղոթքը, որի ընթացքում ձեռքերը կծկվում և անշարժանում են: Հայր Մակարիոսը նրան ուղեկցում է իր սենյակ: Ութ օր Սուրբ Շարբելը տառապում է անասելի ցավերից, սակայն չի դադարում աղոթել: Սուրբը մահանում է 1898 թվականին Ծննդյան տոնի երեկոյան:
Հայր Շարբելին հուղարկավորում են վանքի հանրային գերեզմանատանը: Հարևանությամբ ապրող մարդիկ 45 գիշեր նրա շիրիմի վրա շողացող լույս են տեսնում: Գերբնական երևույթների կրկնվելու պատճառով պատրիարք Էլիաս Էլ Հայեքը թույլատրում է բացել գերեզմանը, որի մեջ հայտնաբերում են Շարբելի չքայքայված մարմինը և կոնքից հոսող ջրախառն արյուն: 1926 թվականին մարմինը տեղափոխում են նոր գերեզման: 1950 թվականին ապրիլի 22-ին մարմինը զննում են բժշկական և եկեղեցական երկու հանձնաժողով: Նկատում են, որ այն մնացել է նույն վիճակում, բայց արնահոսում է:
1965 թվականին Հռոմի Պապ Պողոս VI նրան դասում է երանելիների շարքին, իսկ 1977 թվականի հոկտեմբերի 9-ին՝ հռչակում Սուրբ:
Վանքը, ուր ապրել է սուրբ Շարբելը, այսօր համարվում է Լիբանանի ամենահայտնի ուխտատեղերից մեկը: Հազարավոր մարդիկ հայտնել են սուրբ Շարբելի հրաշագործությունների ու զարմանահրաշ բժշկությունների մասին: