1 Գալիլիա հասնելու երրորդ օրը Կանա քաղաքում հարսանիք կար: Եւ Յիսուսի մայրը այնտեղ էր: 2 Հարսանիքի հրաւիրուեցին նաեւ Յիսուս եւ իր աշակերտները: 3 Եւ երբ գինին պակասեց, մայրը Յիսուսին ասաց. «Գինի չունեն»: 4 Եւ Յիսուս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, ո՛վ կին, իմ ժամանակը դեռ չի հասել»: 5 Նրա մայրը սպասաւորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արէ՛ք»: 6 Այնտեղ կային քարէ վեց թակոյկներ՝ հրեաների սովորութեան համաձայն մաքրուելու համար. նրանցից իւրաքանչիւրը շուրջ հարիւր լիտր տարողութիւն ունէր: 7 Յիսուս նրանց ասաց. «Լցրէ՛ք այդ թակոյկները ջրով»: Եւ լցրին բերնէբերան: 8 Եւ ասաց նրանց. «Հիմա վերցրէ՛ք եւ տարէ՛ք սեղանապետին»: Եւ նրանք տարան: 9 Եւ երբ սեղանապետը ճաշակեց գինի դարձած ջուրը ու չէր իմանում, թէ որտեղից է (բայց սպասաւորները, որոնք ջուր լցրին, գիտէին), 10 խօսեց փեսայի հետ ու ասաց. «Ամէն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, եւ երբ հարբած են, այն ժամանակ՝ վատը: Իսկ դու ընտիր գինին մինչեւ հիմա պահել ես»: 11 Յիսուս այս առաջին նշանն արեց Գալիլիայի Կանա քաղաքում որպէս սկիզբը նշանների եւ յայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հաւատացին նրան: