Radio Mariam | ՏԻՏԱՆՆԵՐԻ ՏԻՏԱՆԸ մաս 1 - Radio Mariam
5607
single,single-post,postid-5607,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,

բլոգ

ՏԻՏԱՆՆԵՐԻ ՏԻՏԱՆԸ մաս 1

12202248_964914600218226_64214453_nՁեր ուշադրությունը հրավիրում ենք հայտնի էսսեիստ, արվեստաբան ԻՆԳՐԻԴ ԴՐՈՈՒԼԵՆԴԻ ,,ՏԻՏԱՆՆԵՐԻ ՏԻՏԱՆԸ,, քննական ստեղծագործության վրա, որը նվիրված է Միքելանջելոյին: 

Բարձր վերածնության գագաթնակետ և միաժամանակ դարաշրջանի մշակույթի խոր հակասությունների արտահայտություն հանդիսացավ իտալական հսկաներից երրորդի` Միքելանջելո Բուոնարոտիի (1475-1564) ստեղծագործությունը: Նույնիսկ Լեոնարդոյի և Ռաֆայելի համեմատությամբ, որոնք զարմացնում էին իրենց բազմակողմանի շնորհալիությամբ, Միքելանջելոն առանձնանում է նրանով, որ գեղարվեստական ստեղծագործության անդաստաններից յուրաքանչյուրում նա թողել է մասշտաբներով և ուժով հոյակապ ստեղծագործություններ, որոնք մարմնավորում են դարաշրջանի առավել առաջադիմական մեծ գաղափարները: Միքելանջելոն հանճարեղ քանդակագործ էր, գեղանկարիչ, ճարտարապետ, նկարիչ-գծագրիչ, ռազմական ինժեներ, բանաստեղծ և միևնույն ժամանակ բարձր հումանիստական իդեալների համար մարտնչող, քաղաքացի, որը զենքը ձեռքին պաշտպանում էր իր հայրենիքի ազատությունն ու անկախությունը:

Մեծ քանդակագործն ու գեղանկարիչն անբաժան են Միքելանջելոյի մասին պատկերացման մեջ: Նրա ամբողջ կյանքը հերոսական անդուլ պայքար է հանուն մարդու ազատության, հանուն ստեղծագործման իրավունքի հաստատման: Երկար ստեղծագործական ուղու ամբողջ ընթացքում քանդակագործի ուշադրության կենտրոնում էր մարդը` գործուն, ակտիվ, սխրագործության պատրաստ, մեծ կրքով տոգոչված: ՈՒշ շրջանի նրա ստեղծագործություններում արտացոլվում է Վերածննդի իդեալների ողբերգական կործանումը:

Ժամանակակից աշխարհի գաղտնիքներից մեկը շատերի ծայրահեղ անձնական համակրանքն է, որ թվում է, թե տածում են ֆլորենտացի ժլատ, կամակոր, նեղացկոտ քանդակագործի հանդեպ, ում իրական փառքը ամփոփված է ընդամենը մի քանի ստեղծագործությունների մեջ` Պիետան Ս. Պետրոսի տաճարում, Դավիթը` Ֆլորենցիայում, Մովսեսը` Հռոմի Սան Պիետրո ին Վինկոլի եկեղեցում, Սիքստինյան կապելլայի առաստաղապատկերը, Ահեղ դատաստանը, ինչպես նաև մի շարք անավարտ Ստրուկներ Ֆլորենցիայում և Լուվրում: Գուցե և ընդամենը մի քանի գործ, որոնց թիվը կարելի է մատների վրա հաշվել, սակայն, անկասկած, նույնքան արժեքավոր, որքան Արևմուտքի արվեստի ցանկացած գլուխգործոցը, և մեզ այնքան մտերիմ ենք համարում դրանց հեղինակին, որ նրան ազատորեն դիմում ենք ոչ թե ազգանունով, այլ պարզապես անունով` Միքելանջելո:

Եթե այսօր Միքելանջելոն գեղարվեստի տիտանների մեջ համարվում է իր ժամանակի տիտանների տիտանը, պատճառը մասամբ այն է, որ նրան համառորեն որպես տիտան են ներկայացրել հիացկոտ կենսագիրները` Ասկանիո Կոնդիվին և Ջորջիո Վազարին: Ինչպես տիտանների մեծ մասը, բարեկամություն համար նա տհաճ մարդ է եղել: Անհրապուրիչ արտաքինով, հատկապես այն բանից հետո, երբ նկարիչ ընկերը` Ջակոբո Տորիանին ձեռնամարտի ժամանակ ջարդեց քիթը, Միքելանջելոն, կարծես, ոչ մի ջանք չգործադրեց, որպեսզի ֆիզիկական հրապույրի պակասը լրացներ անձնական գրավչությամբ: Չնայած հարստությանը, որ կուտակել էր ժլատի գծուծ հուսահատությամբ, քնում էր շորերով, ընդսմին` կաշվե կոշիկներով, որ այնպես էին սոսնձվել ոտքերին, որ հազվադեպ առիթներով, երբ հանում էր, սեփական մաշկը նույնպես պլոկվում-դուրս էր գալիս: Նրան հյուծում էր նախանձը, հատկապես` Ռաֆայելի հանդեպ, որի բարետես արտաքինը, մարդկանց հետ շփվելու հմայքը և զանգվածներին հաճոյանալու բնածին շնորհը պակասում էին իրեն, և, ըստ էության, թշնամաբար էր ընդունում նրա անսահման տաղանդը:

Բայց այդ ամենն անէանում է, երբ կանգնում ես Պիետայի կամ Դավիթի առաջ, և կամ` Սիքստինյան կապելլայի առաստաղապատկերի ներքո: Քաջությունը, հպարտությունը, տառապանքը և հոգևոր խորաթափանցությունը կերպավորելիս Միքելանջելոն մարդկանց պատկերում է անաղարտ և զարմանալի քնքշությամբ: Հռչակավոր ճարտարապետ Ֆրանչեսկո Բորոմինիի նման, որ նրանով հիանում էր որպես ՙճարտարապետների արքայազնի՚, Միքելանջելոն կարողանում էր վերացականորեն սիրել մարդկանց, սակայն այդ սերը հերոսական ուժ ուներ, այնքան հերոսական, որ բավականաչափ համապատասխանում էր սեփական տաղանդի ուժգնությանը: Ծեր ժլատը շռայլ էր, երբ ձեռնարկում էր մարմինն ազատելու մարմարյա պատանքից և ոչ պակաս շռայլ, երբ գունավոր ծեփվածքի երևակայական կերտվածքներ էր արարում Սիքստինյան կապելլայի առաստաղին, որ հետո բնակեցնի աստվածաշնչյան հերոսներով: Նա սովորել էր գեղարվեստորեն մտածել, համենայն դեպս այնպես, ինչը նրա ժամանակակիցներն անվանում էին disegno` նկարչություն, վարժանք, որ արվեստի բոլոր տեսակների և հենց արվեստի գաղափարի հիմքն էր Վերածննդի ժամանակաշրջանի Ֆլորենցիայում:

Նկարներից մեկի վրա Միքելանջելոն նշում է կատարել իր սանի` Անտոնիո Մինիի համար. ,,Նկարիր, Անտոնիո, նկարիր, Անտոնիո` նկարիր, ժամանակ մի կորցրու,,: (Հանդիմանանքն ավելի խիստ է հնչում Տոսկանայի` կետադրությունից զուրկ տեղական խոսվածքով. ՙDisegnia Antonio disegnia Antonio disegnia non perdere tempo՚:) Անտոնիոն հրաշալի գիտեր, որ Միքելանջելոն սեփական խորհրդի հանգույն էր ապրում: Շուրջ ութսուն տարի,սկսել էր աշակերտել տասներկու տարեկանում և մահացավ ութսունութում, նկարեց այնպես, կարծես իր համար ավելի կարևոր բան գոյություն չուներ` թանաքով, մատիտանման սև կավճով և, որ ամենահրաշալին է, փափուկ կարմիր կավճով: Փոքրաքանակ սպիտակ, լուսավոր գծերի միջոցով նա կարողանում էր նկարներին այնպիսի փայլ, լույսի ու ստվերի թրթռուն կոնտրաստ հաղորդել, որ նկարների երկչափ ֆիգուրները նույնպիսի գողտրիկ զգացում են առաջացնում, որքան անդիմադրելի են նրա քանդակները:

Միքելանջելոյի նկարները, մի քանի բացառությամբ, կենտրոնանում են երկու թեմայի շուրջ` դասական ճարտարապետություն և մարդկային ֆիգուրա, նրա դեպքում` գրեթե բացառապես տղամարդու ֆիգուրա: Բայց նրա օրերում Վերածննդի ճարտարապետները, անտիկ Հունաստանի և Հռոմի ճարտարապետների նման, դասական սյուներն այնպես էին պատկերում, կարծես դրանք իսկապես մարդիկ էին. նրանք դիմում էին դորիացի երիտասարդների, իոնացի կանանց, կորնթացի կույսերի ֆիգուրներին: Դասական որոշ շինություններում արձաններն ամբողջությամբ փոխարինում էին սյուներին, ինչպես փառահեղ կարիատիդները, որոնք իրենց վրա էին պահում Աթենքի Ակրոպոլիսի Կույսերի սյունասրահը, կամ վայրի, մազմզոտ տղամարդկանց ֆիգուրները, որ Հոմերոսի հսկայամարմին, դանդաղաշարժ հերոսի` Այաքսի հոր` Թելամոնեսի պատվին կոչվում էին թելամոնեսներ: Տասնհինգերորդ դարի ճարտարապետ Ֆրանչեսկո դի Ջորջիո Մարտինին ավելի ընդարձակեց շինության և մարդու համանմանությունը` ներառելով նաև եկեղեցիների հատակները, որոնց վրա պատկերում էր խաչված Քրիստոսի կերպարը, ինչպես նաև ծեփածո, զարդանախշած ծխնելույզները, որ զարդարում էին ինչպես անտիկ, այնպես էլ Վերածննդի շրջանի տանիքները: Այս ամենին նա դեմքեր և կիսադեմեր էր շնորհել, իբր դրանք անտիկ հռոմեացի պատրիկներ կամ բացբերան, զավեշտական գրոտեսկներ էին:

Հռոմում, որտեղ Միքելանջելոն անցկացրեց կյանքի կեսը, այնքան բազմաթիվ էին անտիկ արձաններն ու հուշարձանները, որ բնության մասնիկն էին դարձել, նմուշներ, որ նույնպիսի ուշադրությամբ պետք է ուսումնասիրվեին, ինչպես բնորդի ծփացող մկանները կամ դիակները, որ նա և Լեոնարդո դա Վինչին մշակում էին, որպեսզի տեսնեին, թե մկաններն ինչպես են աշխատում: Հայրենի Ֆլորենցիայում Միքելանջելոն հավաքում էր բրոնզե իրեր, որ պատկանում էին էտրուսկներին, որոնց տարօրինակ, ընդգծված կազմվածքը նրանց խիստ արտահայտիչ էր դարձնում: Նա սովորում էր նաև Լեոնարդո դա Վինչիից ու Դոնատո Բրամանտեից, իր ժամանակի վարպետներից, որ արդեն դասական էին դարձել, և ջանում էր մրցակցել Լեոնարդոյի արագաշարժ գրչի և Բրամանտեի հրաշագործ քանոնի հետ: Միքելանջելոն կարող էր անփառունակ մենակյաց լինել, սակայն արվեստագետի նրա երևակայությունը բարգավաճեց մյուսների ստեղծագործությունների շնորհիվ` կենդանի, թե վաղուց մահացած, և հավանաբար դա էր պատճառը, որ նա շարունակեց անսխալորեն կապված մնալ հաջորդ սերունդների հետ:

Միքելանջելոյի վաղ շրջանի գործերը, որ արված են գրչով, խզբզված ու անհարթ են, դուրս ցցված աչքերով, կերպարները բազմաբնույթ են` սկսած խռնված դիտորդների անշնորհք խմբից մինչև կիսադեմը նրա, ում տասնիններորդ դարի Լոնդոնի պահնորդը կնույնացներ սատանայի հետ (իրականում, ֆիգուրան գուցե հենց էտրուսկյան դև է): Միքելանջելոյի ուսումնառությունը նկարիչ Դոմենիկո Գիռլանդաոյի արվեստանոցում նրա մեջ հստակորեն սերմանել էր գեղարվեստական կայուն փորձառություն, որ ակնհայտ է նրա վաղ շրջանի, սակայն խորապես հուզիչ գործերում: Չնայած դրան, հարկավոր էր ծանրակշիռ խթան, որպեսզի ամբողջությամբ բացահայտվեր գծանկարչի իրական վարպետությունը: Այդ խթանն ի հայտ եկավ Լեոնարդո դա Վինչիի կերպարով, որին, ինչպես և Միքելանջելոյին, հրավիրել էին որմնանկարելու Պալացցիո Վեկքիոյի` Ֆլորենցիայի քաղաքապետարանի Մեծ խորհրդի նոր դահլիճի երկար պատը:

1504 թվականի այդ օրերին Ֆլորենցիայում նոր էր փոխվել հին հանրապետական իշխանությունը, սկզբում դուրս էր մղվել Մեդիչիների ընտանիքը (1494-ին), ապա` դոմինիկյան խռովարար Ֆրա Ջիրոլամո Սավոնարոլան (1498-ին): Բռնապետությունից անսպասելիորեն ազատագրվելու իրողությունից ոգևորված` ֆլորենտացիները ձեռնարկեցին հանրային արվեստի գործեր պատվիրել` սկսելով Միքելանջելոյի Դավթից (1501-1504)` մարմնացում հպարտության և զգուշավորության, որ հանրապետական քաղաքային նոր իշխանություններին ուղղորդում էր իրենց չափանիշները կրող Պիետրո Սոդերինիի և նրա քարտուղար Նիկոլո Մաքիավելիի գլխավորությամբ:

Մեծ խորհրդի նոր դահլիճի որմնանկարները պետք է պատկերեին Ֆլորենցիայի ռազմական երկու հաղթանակները հարևանների նկատմամբ` Անգիարիի ճակատամարտը, երբ 1440 թվականին Ֆլորենցիայի բանակը ջախջախեց Միլանին և ճակատամարտը Կաշինի տակ (1364 թվականին), որի արդյունքում Ֆլորենցիան գրավեց Պիզա նավահանգիստը: ՙԱնգիարիի ճակատամարտի՚ համար Լեոնարդոյի անհամեմատ ուրախ ուրվանկարները երեսնամյա Միքելանջելոյին ոգեշնչեցին ՙՃակատամարտ Կաշինի տակ՚-ի համար փորձել նկարելու մարդկանց և ձիերի խմբեր: Սակայն Միքելանջելոն չէր կիսում Լեոնարդոյի հիացմունքը բնությունով և ավագ գործընկերոջ անկրկնելի սահուն աշխատանքը թանաքով ու գրչով: Լեոնարդոյի նախանկարները քառատրոփ արշավող և փոշի բարձրացնող ձիերի այնպիսի դինամիզմով են հագեցած, որին հավասարը չէր կարող ունենալ ոչ միայն Միքելանջելոն, այլ ցանկացած ուրիշ արվեստագետ:

Ուստի, պատահական չէ, որ ,,Ճակատամարտ Կաշինի տակ,,-ը նախանկարելիս Միքելանջելոն կենտրոնանում է հակամարտության այն պահի վրա, երբ Առնո գետում լողացող ֆլորենտացի զինվորների ջոկատին վախեցնում է Պիզայի ուժերի անսպասելի հարձակումը. քանի որ բոլորովին մերկ էին, նրանք անմիջապես դուրս են գալիս ջրից և վրաներն են առնում զենքերը: Ձիերն արածում են հեռվում` երկրորդ պլանում, իսկ գեղարվեստական բարձր վարպետությամբ պատկերված զինվորների գալարվող ու շրջվող ֆիգուրներն առաջին պլան են մղված: ՙՃակատամարտ Կաշինի տակ՚-ի այս նախանկարը յուրօրինակ ձևով նույնքան հռչակավոր դարձավ, որքան ՙԱնգիարիի ճակատամարտի՚ Լեոնարդոյի նախանկարը. ընդ որում, դրանցից մեկն իսկապես հանրագիտական չափանիշներով ներկայացնում է մարդու կազմվածքը շարժման մեջ, մյուսը` ձիու և հեծյալի փոխգործունեությունը: Երկու նախանկարն էլ ավարտին չհասան: Լեոնարդոն, ինչպես հաճախ էր վարվում, ներկի նոր բաղադրատոմս էր փորձարկում` հույս ունենալով նախանկարի փայլատ մակերեսը փոխարինել (խոնավ ծեփանյութին գունանյութ ավելացնելու միջոցով) փայլող քսուքով: ՙԱնգիարիի ճակատամարտը՚ անհաջողության մատնվեց և, ի վերջո, վերացավ պատից: Իսկ Միքելանջելոն, հարազատ իր բնավորությանը, անավարտ թողեց ,,Ճակատամարտ Կաշինի տակ,,-ը, քանի որ ավելի նպաստավոր առաջարկություն էր ստացել Հռոմից:

Առաջարկությունն արել էր Հուլիոս Երկրորդ պապը, հանրահայտ papa terribile-ն` մարդկային մրրիկը, որ կարդինալ Ջուլիանո դելլա Ռովերեի նման տիրապետում էր անտիկ արձանների` քաղաքում ամենահազվագյուտ հավաքածուին (այսօր այն Վատիկանի Բելվեդերյան հավաքածուի միջուկն է կազմում): Կարդինալ Ջուլիանոն նույնպես նոր արձան էր պատվիրել, հորեղբոր` Սիքստուս Չորրորդ պապի բրոնզե մահարձանը, որ Անտոնիո դել Պոլաուոլոյի կոպիտ ոճով, առանց պատվանդանի տապանաքար էր` զարդարված ազատական արվեստին հատուկ զգայացունց, արտասվող ֆիգուրներով: Որպես Հռոմի պապ, Հուլիոսին սեփական դամբարանը պատկերվում էր հորեղբոր շիրմից ավելի ծավալուն, մարմարակերտ փոքրիկ շինություն` քրիստոնեական վաղ շրջանի հսկա կառույցի` Ս. Պետրոսի տաճարի ներքևում, որ կարգադրել էր հիմնովին քանդել և փոխարինել բոլորովին նոր եկեղեցով: Սուրբ Պետրոսի նոր տաճարի նախագծումը հանձնարարված էր Դոնատո Բրամանտեին` արվեստագետ, ում համեստ բնավորությունը քողարկում էր էպիկական մտապատկերը, որ համապատասխանում էր պապի սեփական մտասևեռմանը: Դամբարանը պատվիրել էր Միքելանջելոյին, շատ չանցած ավելացրել ևս մեկ հանձնարարություն` իրականացնել Սիքստինյան կապելլայի առաստաղապատկերը:

Հուլիոսի ուրույն բնավորությունը և խնամակալի անսխալական աչքը Միքելանջելոյին գեղարվեստական այնպիսի ներշնչանք էին հաղորդել, որ նույնքան կոշտ ու պահանջկոտ էր, որքան Լեոնարդոյին առաջարկվածը, և նախանկարները հենց դրա արդյունքն են: Միքելանջելոն դրանից առավել անկարող էր նկարել: Հուլիոսն էր, որ արգելանք էր դրել տասներկու առաքյալների կերպարներով զարդարված Սիքստինյան կապելլայի առաստաղապատկերի` Միքելանջելոյի գրեթե ավարտին հասցրած նախանկարի վրա, և Հուլիոսն էր, որի շղթայապատ գավազանը` բառացիորեն մտրակելով, այդ վիթխարի նախագիծն իրականություն դարձրեց: Ջլուտ մարմինները, մկանային կառուցվածքը և վայրի գույները Միքելանջելոյինն են, սակայն խորքում դրանք նույնպես պարտական են համառ, ծեր կղերականին, ով առաջինն էր մտահղացել դրանց գոյությունը:



ՀՏՀ
Շնորհակալություն արձագանքի համար.սիրով կսպասեմ.հաջողություն եմ մաղթում կայքի աշխատանքներին....Հարգելի՛ Ծովիկ, քանի որ մեր կայքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում և աշխատանքներն այժմ ընթացքի ...Ողջույն սիրելի Ռադիո Մարիամ. կայքում վերջերս կարդացի 40 օրերի խորհրդի մասին ամենօրյա հորդոր: Սյունակ...Աստված օգնական Հայր Սուրբ։ Ցանկանում եմ մի հարց տալ։ Մարդը պարտադիր պիտի աղքատ լինի, որպեսզի Աստված ...բարև ձեզ,մի քանի հարց եմ ուզում ձեզ ուղղել,կխնդրեմ եթե հնարավոր է' պատասխանեք աստվածաշնչյան արտահայտ...Շատ ենք լսել, որ անհրաժեշտ է ունեցածով բավարարվել: Նաև ձեր քարոզներից մեկում լսեցինք, որ ասում էիք՝ ...Աստված օգնական, վարդապետ: Արդյո՞ք հաղորդություն ընդունելուց առաջ չի կարելի հաց ուտել:...Աստված օգնական Հայր Սուրբ, ինչ են նշանակում Աստվածամոր վարդարանի ամենօրյա խորհուրդները, որոնք են դրա...Ինձ ու ընկերներիս երբեմն ասում են, թե չի կարելի լսել երաժշտության ժամանակակից ժանրերի երգեր, իբր թե ...Հայր Անտոն, ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Հաղորդություն չի տալիս:...Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դու մեկին ներում ես և իր արած վատությանը համարժեք քայլերով չես պատաս...Վարդապետ, աշխարհում եւ վերջին տարիներին նաեւ Հայաստանում շատ է խոսվում դիակիզության մասին: Կուզենայի...Ինչ է նշանակում տաղավար տոն: Ինչու միայն հինգ տոնն է համարվում տաղավար:...Kareli e xostovanel mexcere skypovԵրեխաներին ո՞ր տարիքից է թույլատրվում սուրբ հաղորդություն ճաշակել, վարդապետ:...