Radio Mariam | Միքելանջելո Բուանարոտի մաս 1 - Radio Mariam
5588
single,single-post,postid-5588,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,

բլոգ

Միքելանջելո Բուանարոտի մաս 1

12179099_961650010544685_962884042_n15-րդ դարում Իտալիայի երկնակամարում փայլեց հանճարների մի իսկական համաստեղություն։ Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, Ռաֆայել , Ջորջոնե, Տիցիան, Վերոնոզե և էլի այլ երևելի գեղանկարիչներ, քանդակագործներ ու ճարտարապետներ, որոնք իրենց հանճարի քուրայում ձուլեցին Իտալիայի «Ոսկե դարը»։ Դա Վերածնունդն էր, ասես երկար ու տանջալից մղձավանջից արթնացած ու վերստին իրենց գտած ուժեղ, կենսախինդ մարդկանց դարաշրջանը։ Ամրակուռ, հուժկու, արիասիրտ մարդկանց դարաշրջանը, հերոսների, որոնք ասես իջել էին հունական արձանների պատվանդաններից և պատրաստ էին ամեն տեսակ քաջագործությունների։ Բայց վարվելակերպն ավելի վայելչագեղ էր դարձել, ճաշակներն՝ ավելի նրբին, կեցվածքներն ու դեմքերն արտահայտում էին մեծ կամք ու եռանդ։ Դա աշխարհը ճանաչելու և հասկանալու ծարավի, ստեղծագործելու բուռն կրքով լեցուն մարդկանց, մեծ արվեստի, մեծ հայտնագործությունների դարաշրջանն էր։ Դա այն ժամանակն էր, երբ Ֆ. Էնգելսի բառերով ասած՝ «…հիացած Արևմուտքի առջև դիմականգնեց մի նոր աշխարհ՝ հունական հնադարը…», որի արվեստն օրինակ հանդիսացավ Վերածնության արվեստի համար և Վերածննդի մեծերը անտիկ կոթողների օրինակով ստեղծեցին գլուխգործոցներ, որոնք մինչև օրս էլ հիացմունք ու զարմանք են պատճառում դիտողին։ Դա այն ժամանակ էր, երբ Ֆլորենցիան հավակնում էր երկրորդ Աթենքը դառնալ և Լորենցո Մեդիչին աչքի առաջ ուներ Պերիկլեսի, իսկ Միքելանջելոն՝ Ֆիդիասի սխրանքը։ Անշուշտ, բոլորս գիտենք Միքելանջելոյի վեհաշունչ Դավթին, Լեոնարդո դա Վինչիի գեղեցկուհի Ջոկոնդային, Ռաֆայելի՝ վճիտ հայացքով Սիքստինյան տիրամորը, Ջորջոնեի հիասքանչ Հուդիթին… նուրբ ու գեղեցիկ կանացի կիսադեմեր, սիրունատես, քաջարի պատանիներ, որոնք ուժ ու բերկրություն են մարմնավորում, ֆիգուրների հուզախռով բազմություն, բարձրացող ձեռքեր, պոկված իրաններ, ջլերի սլացք, մկանների երկունք… Եվ այդ ամենը միայն խանդաղատանք են առաջ բերում։ Ամեն ինչ պարզ է, իրական, ակնահաճո ու սրտամոտ և հետապնդում է որոշակի նպատակ։

15-րդ դարը Իտալիայի համար դժվար ժամանակաշրջան էր, Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Իսպանիայի հետ մրցակցությունը, Եվրոպայի հյուսիսից անընդհատ հարձակումները լուրջ վտանգի առաջ էին կանգնեցրել երկիրը։ Այդ ամենին գումարած նաև ավատական երկպառակությունները, սկիզբ առնող դասակարգային պայքարը, խռովությունները, արյունալի ընդհարումները, խարդավանքն ու թշնամանքը, երբ միայն ուժով ու ճարպկությամբ էր հնարավոր գոյություն պահպանել։ Հիշենք Բենվենուտո Չելինիի ինքնակենսագրականը, որտեղ մեծ քանդակագործը, ժողովրդական անպաճույճ լեզվով ներկայացնելով իր ապրած կյանք պատմությունը, տալիս է նաև դարի բնութագիրը։ Բենվենուտոն ճանաչված արվեստագետ էր, օժտված գերբնական տաղանդով, բոլորի կողմից փառաբանված, բայց ապրելու և ստեղծագործելու համար ստիպված էր պայքարել՝ շատ հաճախ խտրություն չդնելով միջոցների մեջ, որովհետև այդպես էր պահանջում ժամանակը, այդպիսին էին ժամանակի բարքերը։

Ամրակազմ, ուժեղ, զենք բանեցնելու մեջ վարժ, կոփված լինելը գոյության պայման էր, ու ոչ միայն սեփական կյանքի, այլև՝ մերձավորների։ Այդպիսի մարդիկ էին հարկավոր նաև երկրին, որը ճակատագրական օրեր էր ապրում։ Հյուսիսից չդադարող հարձակումներն ու ոտնձգությունները, տարբեր կուսակցությունների ու խմբավորումների գժտությունները չէին կարող չհուզել Իտալիայի մեծ մարդկանց։ Հենց Դավիթի պես պիտի լինել հայրենիքի զինվորն ու քաղաքացին, այդպես ուժեղ, մոլեգին ու ահարկու։ Ահա թե ինչու նրանք իրենց հայացքները սևեռեցին գեղեցիկ, առողջ, գործունակ, հուժկու և քաջարի կերպարների վրա, փորձելով տեսնել նաև նրանց ներսում եռացող հույզերն ու կրքերը։ Ահա թե որտեղից էր գալիս հետաքրքրությունն անտիկ աշխարհի նկատմամբ, ինչու էին Վերածնության դարաշրջանի մարդու համար օրինակ ծառայում անտիկ հերոսների սխրանքները։ Ահա թե ինչպես հաստատվեց գեղեցիկի տիրապետութությունը։ Առողջ և գեղեցիկ մարմին և առողջ ու գեղեցիկ հոգի։ Այդպիսին չէ հրաշագեղ Ջոկոնդան իր առեղծվածային ժպիտով, որը, դրանով հանդերձ, նույնքան իրական է, որքան բնորդուհին։ Դա աշխարհիկ առաջին դիմանկարն էր, որով համաշխարհային գեղանկարչության մեջ հիմք դրվեց մի նոր ժանրի։

Ջորջո Վազարին իր «Ամենանշանավոր գեղանկարիչների, քանդակագործների և ճարտարապետների վարքագրության» մեջ այսպիսի տողեր է գրել մեծ քանդակագործի մասին. «… որը ընդունակ էր բացարձակապես բոլոր արվեստներում ու ցանկացածդ արհեստում հենց միայն իր ստեղծագործությամբ ցույց տալ, թե ինչքան կատարյալ կարող է լինել նկարչությունը գծերով ու ուրվագծերով, լույսով ու ստվերով արտահայտչականություն հաղորդելով առարկաներին, ճշգրիտ դատողությամբ քանդակներ կերտելով և կառուցելով հարմարավետ, հաստատուն, համաչափ, ճարտարապետական զանազան զարդարանքներով հարուստ շենքեր»։

Իսկ ազատամիտ իմաստուն Լեոնարդո դա Վինչին, երկնային բարձունքների ու երկրային հովիտների տիրակալ Ռաֆայելը, ինքնաբուխ ու զորավոր մյուս հանճարները փնտրեցին ու գտան նոր մարդուն, որ սիրում է կյանքը, լի է կյանքով և ապրում է գեղեցիկի թագավորությունում, ուր ամեն ինչ ներդաշնակ է նրա արտաքին ու ներքին նկարագրին։ Այսպիսին է իտալական Վերածնունդը, որը Էնգելսի բնորոշմամբ «… մարդկության կողմից մինչև այդ ապրած մեծագույն առաջադիմական հեղաշրջումն էր, դարաշրջան, որ տիտանների կարիք էր զգում և ծնեց տիտաններ՝ մտքի, տենչի ուժով…»։

Մարդ, ով հաճախ օր ու գիշեր տքնում էր մի ստեղծագործության վրա. հաճախ զոհաբերելով հիգիենան և, «ձեռքի հետ էլ», առողջությունը՝ նա մարմարից կռել և ընդամենը իր երկու ձեռքերի օգնությամբ նկարել է աշխարհի ամենահրաշագեղ ստեղծագործություններից որոշները:Եվ դա ժամանակի մեծագույն արվեստագետ Միքելանջելո Բուանարոտին է: Միքելանջելոն ծնվել է Կապրեզե քաղաքում, Արեցցոյի մոտ, Լոդովիկո Բուոնարոտտիի ընտանիքում։ Դեռ վեց տարեկան հասակում զրկվել է մորից։ Մոտ 1485-1498 թ. Միքելանջելոն հաճախում էր Ֆրանչեսկո դա Ուրբինոյի գիմնազիա։ Երբ երեխա էր, դաստիարակվել է Ֆլորենցիայում, իսկ հետո որոշ ժամանակ ապրել է Սետտինյանո քաղաքում։

Միքելանջելո Բուոնարոտին ծնվել է «ցածր ռանգի» ազնվականների ընտանիքում: Ի սկզբանե ընտանիքը տառապել է մոր վատառողջության պատճառով: Ի վիճակի չլինելով խնամել նրան՝ Բուոնարոտի ընտանիքի զավակները շուտով խնամքի տրվեցին իրենց ազգականներից շատերին: Միքելանջելոյին հանձնել էին քարտաշների մի ընտանիքի, ինչի հետևանքով էլ հիմք դրվեց նրա նշանավոր կարիերային: Մինչ 10 տարին լրանալը Միքելանջելոն արդեն հստակորեն գիտեր ինչ է ասել՝ լավ կտրված մարմարի կտոր, ինչպես նաև ինչպես այն նախապատրաստել քանդակման: Այդ փոքր տարիքից նա արդեն «մոտիկից էր ճանաչում» այն նյութը, որն իրեն հետագայում վերածննդյան գերաստղ էր դարձնելու:

Նրա հայրը հեռվից հոգ տանելով իր զավակների մասին՝ ուրախ էր տեսնել՝ ինչպես էր Միքելանջելոն դառնում գրագետ, և ինչպես ժամանակի շատ ազնվականներ, նա էլ արվեստը համարում էր ոչ ավել, քան առևտուր, ուստի նա պնդում էր, որ Միքելանջելոն սովորեր լատիներեն, մաթեմատիկա և դասական հեղինակներին՝ Բուոնարոտի ազնվականների հետզհետե ավելի քիչ լսվող ազգանունն ավելի լսելի դարձնելու հեռանկարներով: Բայց համառ տղան այլ գաղափարներ ուներ: Նա հրաժարվեց դասերից և փոխարենը դարձավ արվեստի ուսանող՝ վեցը տարի ուսանելով: 13 տարեկանում նա գերազանցեց իր ուսուցչին և գնաց Դոմենիկո Գիրլանդայոյի արվեստանոց:

Միքելանջելոն փոքր տարիքից շատ ինքնագոհ էր և ուներ լավ տվյալներ նկարչության բնագավառում: Նա ուներ մուգ գանգուրներ, որոնք իջնում էին ճակատին և միմյանցից հեռու տեղադրված, ծանր կոպերով ծածկված սաթե աչքեր: Նա կարծում էր, որ իր ամեն ինչը անհամաչափ է. «Գլուխս անկանոն է, ճակատս ծնոտիս ու բերանիս համեմատությամբ չափից ավելի է դուրս ընկած»:

Նա փորձում էր իր արտաքին թերությունները շտկեր նկարի վրա մատիտի արագ շարժումներով: Նա մեծացրեց բացվածքը, կլորացրեց ճակատն ու փոս ընկած այտերը, շրթունքները դարձրեց ավելի հաստ, կզակը` ավելի սուր: Եվ դա նրան դուր եկավ: Իջնելով փողոց` նա տեսավ Ֆրանչեսկո Գրանաշիին: Այդ ժամանակ նա տասնինը տարեկան մի շիկահեր պատանի էր, որն ամեն կերպ փորձում էր Միքելանջելոյին Գիրլանդայոյի արվեստանոց ընդուներ: Եվ դա հենց այդ օրն էր: Գիրլանդայոյի մոտ  Միքելանջելոն ուժերն ապացուցելու համար նկարեց իր արվեստանոցը:

Գիրլանդայոյին դուր եկավ Միքելանջելոն, և նա վերցրեց նրան որպես սկսնակ նկարիչ: Սակայն Միքելանջելոն ոչ թե պետք է վճարեր ուսում ստանալու համար, այլ Գիրլանդայոն՝ ուսուցանելու, ինչին Միքելանջելոն հասավ իր համառության և լավ լեզվի շնորհիվ:

Միքելանջելոի կարողություններն ու հմտությունները զարմացնում և ապշեցնում էին Գիրլանդայոյին, և արժանանում էին այդ արվեստանոցի ընկերների նախանձին: Սակայն Միքելանջելոն ուներ իր նախասիրությունը` քանդակագործությունը:

Մի որոշ ժամանակ առաջ` հուլիս ամսին, Լորենցո Մեդիչին իրենց մոտ քանդակագործների համար դպրոց էր հիմնել և ուսուցիչ էր հրավիրել Բերտոլդոյին: Արդեն մեկ տարի անցել էր, ինչ Միքելանջելոն ընդունվել էր Գիրլանդայոյի արվեստանոցը: Լորենցոն, որը հայտնի էր որպես «գրականության ու արվեստի մեծ հովանավոր»  և որը քանդակագործների նորաբաց դպրոցի  կառավարիչն էր: Նա Գիրլանդայոյից իր երկու լավագույն աշակերտներին էր խնդրել ուղարկել իր մոտ: Վերջինս այս ամենը ասաց իր աշակերտների մոտ` անգամ միտում չունենալով նրանցից որևէ մեկին ուղղարկել այդ արվեստանոց: Սակայն Միքելանջելոն, բոցավառված այդ լուրից, միանգամից արձագանքեց դրական պատասխանով: Վարպետը  դրանից շատ վիրավորված, Միքելանջելոյին և Գրանաչչին՝ նրա ընկերոջը, ազատում է իր արվեստանոցից, և նրանք գնում են նորաբաց քանդակագործների դպրոցը:

Միքելանջելոյով բոլորն էին հիանում. նա նկարում էր անընդհատ, վերադառնում էր տուն  շատ ուշ: Միքելանջելոյին Բերտոլդոն քննադատում էր իր մտքերի և ուրվանկարի համար: Միքելանջելոն ցանկանում էր տեսնել թե ինչպես է կազմված մարդու մարմինը: Ի վերջո այնքան սիրվեց, որ Լորենցոն առաջարկեց նրան իր մոտ տեղափոխվել, դառնալ իր ընտանիքի անդամը:

Միքելանջելոն այդպես էլ արեց:

Նրա առաջին աշխատանքը «Տիրամայրը սանդուղքի մոտ» քանդակն էր, որը մեծ հիացմունքի արժանացավ և պարգևատրվեց: Նա մեկ ամիս անընդհատ աշխատելով, կերտել էր մարմարից քսան մարտնչող ֆիգուրներ: Նա այս «Կենտավրների մարտ»-ը այնպես էր քանդակել, որ աչքով զգում էիր ամեն մի մարմինը, ամեն մի մկանը, ամեն մի ոսկորը:

Շուտով մահանում է նրա ուսուցիչը` Բերտոլդոն, նաև մահանում է Միքելանջելոյի ամենամեծ բարեկամն ու հովանավորը` Լորենցոն:

Մեդիչիի  մահից հետո  Միքելանջելոն վերադառնում է հայրենի բնակավայր։

Շարունակելով իր առաջընթացը՝ նա ցանկանում էր արարել մարդկային կերպարներ՝ ինչքան որ հնարավոր էր կյանքին ու իրականությանը մոտ: Այդ նպատակին հասնելու համար նա չէր բավարարվում մարդու միայն արտաքինի զննմամբ, այլև՝ ներքինի, նույնիսկ ապօրինի համագործակցելով հոգևորականների հետ…

1496թ. Միքելանջելոն առաջին անգամ ճանապարհորդեց դեպի Հռոմ՝ արվեստի աշխարհի կենտրոն: Բացի իր ժամանակակիցների և դասական քանդակագործությունն ուսումնասիրելու հնարավորությունից, նրան հնարավորություն ընձեռվեց նաև առաջին անգամ լուրջ առաջադրանք ստանալ, և իր ժամանելուց մեկ ամիս անց մի հռոմեացի ազնվական նրան հանձնարարեց կերտել Բաքոսի արձանը: Տպավորված լինելով այս ստեղծագործությամբ՝ Մայր Աթոռի (Վատիկանի) ֆրանսիայի դեսպանը հանձնարարեց նրան կերտել դրամատիզմով լի արձան իր մահակոթողի համար: Անցան շաբաթներ ու ամիսներ, և նա, առանց տատանվելու շուտով որոշեց, որ քանդակելու է խորին վիշտ ու տրտմություն մարմնավորող Պիետա: Դա նրա վաղեմի ցանկությունն էր: Այն նրա մեջ հղացել էր դեռևս այն ժամանակ երբ նա ավարտել էր  «Տիրամայրը սանդուղքի մոտ» իր առաջին քանդակը:

Պիետտայի նախատիպ որոնելու նպատակով նա հաճախ էր  թափառում Հռոմի փողոցներով հարյուրավոր ուրվանկարներ կատարում և սկսում ծեփել կավից: Նա պատրաստվում էր քանդակել Տիրամորն այն պահին, երբ նա թախիծով ու կսկիծով, սևեռուն հայացքով նայում էր իր ծնկներին գտնվող մահացած որդուն: Սա կոմպոզիցիայով բոլորովին այլ քանդակ էր:

1500թ.-ին գարնանը Պիետտան ավարտված էր:

Իր ձեռքերում վախեցնելու չափ իրականակերպ Հիսուսին ամփոփած Կույս Մարիամի ներկայացումը:  Պիետան այնքան լիավարտ էր, որ քչերն էին հավատում, որ դա կարող է լինել մի քսանամյա երիտասարդի ստեղծագործություն: Երբ Միքելանջելոն լսեց, թե ինչպես են երկու անհատ դա ներկայացնում որպես մեկ այլ արտիստի ստեղծագործություն, նա կատաղեց:  Գիշերվա կեսին նա ներխուժեց եկեղեցի և իր անունը կոպտորեն քերթեց Մարիամի կրծքի վրա՝ ի ցույց ամբողջ աշխարհին:



ՀՏՀ
Շնորհակալություն արձագանքի համար.սիրով կսպասեմ.հաջողություն եմ մաղթում կայքի աշխատանքներին....Հարգելի՛ Ծովիկ, քանի որ մեր կայքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում և աշխատանքներն այժմ ընթացքի ...Ողջույն սիրելի Ռադիո Մարիամ. կայքում վերջերս կարդացի 40 օրերի խորհրդի մասին ամենօրյա հորդոր: Սյունակ...Աստված օգնական Հայր Սուրբ։ Ցանկանում եմ մի հարց տալ։ Մարդը պարտադիր պիտի աղքատ լինի, որպեսզի Աստված ...բարև ձեզ,մի քանի հարց եմ ուզում ձեզ ուղղել,կխնդրեմ եթե հնարավոր է' պատասխանեք աստվածաշնչյան արտահայտ...Շատ ենք լսել, որ անհրաժեշտ է ունեցածով բավարարվել: Նաև ձեր քարոզներից մեկում լսեցինք, որ ասում էիք՝ ...Աստված օգնական, վարդապետ: Արդյո՞ք հաղորդություն ընդունելուց առաջ չի կարելի հաց ուտել:...Աստված օգնական Հայր Սուրբ, ինչ են նշանակում Աստվածամոր վարդարանի ամենօրյա խորհուրդները, որոնք են դրա...Ինձ ու ընկերներիս երբեմն ասում են, թե չի կարելի լսել երաժշտության ժամանակակից ժանրերի երգեր, իբր թե ...Հայր Անտոն, ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Հաղորդություն չի տալիս:...Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դու մեկին ներում ես և իր արած վատությանը համարժեք քայլերով չես պատաս...Վարդապետ, աշխարհում եւ վերջին տարիներին նաեւ Հայաստանում շատ է խոսվում դիակիզության մասին: Կուզենայի...Ինչ է նշանակում տաղավար տոն: Ինչու միայն հինգ տոնն է համարվում տաղավար:...Kareli e xostovanel mexcere skypovԵրեխաներին ո՞ր տարիքից է թույլատրվում սուրբ հաղորդություն ճաշակել, վարդապետ:...