Radio Mariam | ՄԱՐԻԱ՛Մ, ԵՐԿԻՆՔ ՎԵՐԱՓՈԽՎԱԾ ՈՒԽՏԻ՛ ՏԱՊԱՆԱԿ, ԲԱՐԵԽՈՍԻ՛Ր ՄԵԶ ՀԱՄԱՐ - Radio Mariam
6457
single,single-post,postid-6457,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,

բլոգ

ՄԱՐԻԱ՛Մ, ԵՐԿԻՆՔ ՎԵՐԱՓՈԽՎԱԾ ՈՒԽՏԻ՛ ՏԱՊԱՆԱԿ, ԲԱՐԵԽՈՍԻ՛Ր ՄԵԶ ՀԱՄԱՐ

57242_b

Հայր Թոմի Լեյնի քարոզը Տիրամոր Վերափոխման տոնի առթիվ
Երբ մանուկը վիրավորում է իր մատը, լացելով վազում է մոր մոտ: Բոլոր մայրերը սովորաբար համբուրում են երեխայի մատը եւ այն լավանում է: Երեխան գիտե, որ մայրը սիրում եւ մեծ զոհողությունների է գնում իրեն համար:
Նույնը վերաբերում է Մարիամին՝ որպես մեր երկավոր մորը: Մեր բոլորի մայրն է նա: Մենք նրան դիմում ենք որպես մեծ սիրով մեզ սիրող մայր, ով մեզ նայում է պաշտպանելու համար: Նա այն մայրն է, ում կարող ենք պատմել մեր ամեն մի ուրախության եւ տխրության մասին: Հիշենք Հիսուսի՝ խաչի վրա մահվան պահին ասված խոսքերը՝ երբ դիմեց Մարիամին. « Ո՛վ կին, ահա՛ քո որդին,- ապա ասաց Հովհաննեսին,- որդի՛, ահա քո մայրը» (Հովհ. 19,26-27): Այս փոքրիկ միջադեպը մենք միշտ հասկացել ենք որպես մեզ տրված խորհրդանիշ՝ Հիսուսը խաչի վրա մահանալիս մեզ տվեց իր մորը, որպես մեզ մայր:
Մեջբերենք սբ. Թերեզա Լիզյոացու օրինակը, ով Մարիամին ընդունում էր որպես մայր: Թերեզն իր մորը կորցրել էր 10 տարեկանը չլրացրած: Ծանր հիվանդության ընթացքում, երբ նա պայքարում էր իր սեփական կյանքի համար եւ Մարիամի բարեխոսության շնորհիվ հրաշքով բուժվում է, Թերեզն իրեն տեսնում է որպես մեկին, ով հանգրավնել էր Մարիամի թեւերում: Ինչպես մանուկ Հիսուսն էր պաշտպանություն գտել Մարիամի բազուկներում, այդպեսեւ Թերեզը: Մեր մեծագոյն ուրախության պատճառն այսօր, երբ տոնում ենք Տիրամոր վերափոխման տոնը, նրանում է, որ հիշատակում ենք մեր երկնային մորը տրված մեծ առաձնաշնորհը:
Մեզանից յուրաքանչյուրի մոտ կա ինքներս մեզ համար «Աստված» հանդիսանալու ձգտումը կամ փորձությունը. թույլ չենք տալիս, որ Աստված վերահսկի մեր կյանքը: Մեր կյանքը Աստծով չենք շրջապատում: Երբեմն կանգնում ենք Աստծո առջեւ կարծես փոքրիկ աստվածներ լինենք: Բարձրացնում ենք մեր ձեռքերն առ Աստված ինքներս մեզանով լցված եւ Աստված չի կարողանում ինքն իրեն տալ մեզ, որովհետեւ նա դա կարող է անել այնժամ, երբ մեր ձեռքերը դատարկ են: Մեր կյանքը նպատակաուղղված է Աստծուն մեզ ավելիով տալուն: Մենք բարդ մարդիկ ենք, բայց Աստծուն տալիս ենք միայն մեր մի մասը, որը մեզ ձեռք է տալիս: Մինչդեռ երկնքում Աստծուն հանդիպելու համար պետք է նախ եւ առաջ մեզ ամբողջությամբ շրջապատել Աստծով, թույլ տալ, որ Աստված լինի Աստված մեր կյանքում եւ ընդունել մեր մարդ արարած լինելը:
Մարիամի մեծությունը, փաստացի, Աստծո առաջ խոնարհ լինելու եւ իրեն Աստծով շրջապատելու մեջ է: Ավետման պահին հրեշտակին ասած նրա խոսքերի շուրջ մեծ ջանասիրությամբ մտածելու կարիքն ունենք. «Թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ. 1,38): «Աստծով ինքն իրեն պարուրել» չի նշանակում հավիտենական հոգեւոր մեղրամսի մեջ լինել, այլ ժամանակի ընթացքում ավելի ու ավելի նվիրվել Աստծուն: Սրա օրինակը կարող ենք տեսնել Ավետարանում. Հիսուսին տաճարին ընծայելիս Սիմեոն ծերունին Մարիամին ասում է, որ նրա հոգին խոցվելու է սրով: Երբ Հիսուսը 12 տարեկան էր, նրա ընտանիքը չհասկացավ թե ինչու Հիսուսը երեք օր կորած մնաց: Մարիամը մեկ անգամ եւս սովորեց Աստծով պարուրվել, երբ Հիսուսը նրան ասաց, որ նա պետք է իր Հոր գործն անի:
Հենց այն պատճառով, որ Մարիամն իրեն շրջապատել էր Աստծով, Աստված նրան հագեցնում է իր ներկայությամբ, ինչպես Աստված մեզ էլ է լիացնում, երբ պարուրվում ենք նրանով: Մարիամի «առանց մեղքի» եւ «շնորհներով լի» վիճակը նրա կյանքի վերջում, բնականորեն, նրան տանելու էր մարմնով եւ հոգով վերավոխման (տե՛ս Հռ. 6,23): Եկեղեցին դարերով հավատացել է Մարիամի վերափոխմանը, չնայած նրան, որ դա որպես դոգմա հռչակվել է 1950թ., Պիոս ԺԲ Պապի կողմից:
Մարիամի նման Աստծով շրջապատվելու եւ Աստծո ներկայությամբ լցվելու մեր ճանապարհը ամեն օր Վարդարան աղոթելն է: Դա շատ գեղեցիկ աղոթք է, աղոթք, որը կարող է մեզ մոտեցնել Աստծուն եւ մեզ նրա մոտ պահել: Երբ վարդարան ենք աղոթում, միայն աղոթք չէ, որ ասում ենք: Աղոթքը մեզ հանգստացնում եւ միացնում է Աստծուն եւ մեր երանելի Մորը: Երբ աղոթում ենք մեր միտքը մտորում է Հիսուսի կյանքում տեղի ունեցած 15 մեծ դեպքերի մասին: Երբ հուսահատության մեջ ենք եւ չգիտենք ինչպես աղոթել, լավ ու գեղեցիկ է կապ հաստատել մեր երկնավոր Մոր հետ. այդկերպ կարող ենք միանալ մեր Մորը՝ արտահայտելով նրա խոսքերը.
«Իմ անձը հռչակում է Տիրոջ մեծությունը,
եւ իմ հոգին ցնծում է իմ Փրկիչ Աստծով,
որովհետեւ նա իր հայացքը դարձրեց
Իր աղախնի խոնարհության վրա » (Ղուկ. 1,46-48):

Այսօր մենք գոհություն ենք մատուցում Աստծուն՝ Մարիամին շնորհված մեծ պատվի համար՝ թույլ չտալու, որ նրա մարմինը ապականվի: Իր երկրային կյանքի վերջում նա մարմնով եւ հոգով երկինք համբարձվեց: Պաշաճ էր, որ նրա մարմինն ապականություն չտեսներ, որովհետեւ նա լույս աշխարհ էր բերել Հիսուսին, ինչպես նաեւ զերծ էր մնացել մեղքից: Նրա հղացումը անարատ էր եւ կյանքի ընթացքում այդպես առանց մեղքի էլ մնաց: Ինչպես Աստվածաշունչն է ասում՝ մահը մեղքի հետեւանք է (Հռ. 6, 23), հետեւաբար իր երկրային կյանքի վերջում նա մարմնով եւ հոգով երկինք պիտի փոխադրվեր:
Տիտղոսներից մեկը, որ տվել ենք Տիրամորը, Ուխտի տապանակն է: Սուրբ Գրքից այսօրվա ընթերցման մեջ՝ Հայտնության գրքում, Հովհաննեսը տեսիլքով ականատես է լինում երկնքի մի տեսարանի, որն ապշեցնում է իր ժամանակակիցներին: Նա տեսնում է Ուխտի տապանակը (Հայտն. 11,19): Ուխտի տապանակը անհետացել էր դեռեւս Հիսուսից դարեր առաջ եւ կարող ենք պատկերեցնել այն ցնցումը, որ Հովհաննեսի պատմությունը պիտի պատճառեր առաջին դարում, երբ նա պատմեր, որ տեսել է տապանակը երկնքում: Հին կտակարանյան Ուխտի տապանակը թանկարժեք էր ոչ իր ոսկյա զարդարանքների համար, այլ որովհետեւ իր մեջ կրում էր երեք անգին սրբություններ (Եբ. 9, 4):
1. Քարից երկու տախտակները, որոնց վրա Աստծո ձեռքով գրվել էին 10 պատվիրանները,
2. մանանան,
3. Ահարոնի ծաղկյալ գավազանը
Կարող ենք ասել, որ Հին կտարակարանյան Ուխտի տապանակը նախապատկերում է Նոր կտակարանյան Մարիամին, այն մատնանշում է Մարիամին Նոր Կտակարանում: Ինչպե՞ս եւ ինչու՞: Մարիամն իր արգանդում կրեց
1. Հիսուսին՝ Աստծո կենդանի Խոսքը, մարդեղացած Բանը (ոչ միայն գրված քարի վրա, ինչպես Հին Կտակարանում)
2. Հիսուսին՝ Կենաց Հացին (Հովհ. 6) (Հին կտակարանյան մանանայի կատարյալ նախատիպին)
3. Հիսուսը Նոր կտակարանյան Քահանան է (Եբրայեցիների թուղթ), (Ահարոնը եւ նրա սերունդները քահանաներ էին, բայց Հիսուսը Նոր Կտակարանի քահանան է):
Այսպիսով Հին Կտակարանյան Ուխտի տապանակը մատնացույց է անում Նոր Կտակարանի ավելի վեհ Ուխտի տապանակը, որ Մարիամն է, նա, ով կրեց Աստծո կենդանի Խոսքը՝ Հիսուսին:
Եթե այսօրվա ավետարանական ընթերցման մեջ ներկայացված Մարիամին, ով այցելության է մեկնում Եղիսաբեթին, համեմատենք Դավիթ թագավորի հետ, ով առաջին անգամ Երուսաղեմ է տանում տապանակը, կհանդիպենք այն բանի ակնարկությանը, որը մատնացույց է անում Հին Կտակարանյան Ուխտի տապանակը՝ Մարիամին որպես նոր Կտակարանի առավել մեծ Ուխտի տապանակ:
1. Դավիթը պարում է ուրախությունից (Բ Թագ. 6,5), իսկ Հովհաննեսը ուրախությունից խայտում է Եղիսաբեթի որովայնում (Ղուկաս 1,44 ):
2. Դավիթը բղավում է. «Ինչպե՞ս կարող է Տիրոջ տապանակը ինձ մոտ գալ» (Բ Թագ. 6,9) իսկ Եղիսաբեթը կանչում է. «Ինչու՞ է ինձ այս շնորհը տրվել, որ Տիրոջ մայրը գա ինձ մոտ (Ղուկ. 1, 43):
3. Տիրոջ տապանակն երեք ամիս մնում է գեթացի Աբեդ-դարի տանը, որը Երուսաղեմից մի քանի մղոն հեռու էր, եւ Տերը օրհնում է Աբեդ-դարին եւ նրա ընտանիքը (Բ Թագ. 6,11), իսկ Մարիամը երեք ամիս մնում է Եղիսաբեթի տանը (Ղուկ. 1, 56), որը Երուսաղեմից հեռու էր մի քանի մղոն:
Հովհաննեսը, Ավետարանական ընթերցման մեջ, Ուխտի տապանակը երկնքում տեսնելուց հետո մեկ այլ տեսիլք է ունենում՝ հաստատելու, որ Մարիամն է Նոր Կտակարանի Ուխտի տապանակը, եւ տեսնում է հետեւյալը.
«մի կին՝ արեգակն իր վրա առած, լուսինն իր ոտքերի տակ եւ գլխի վրա մի պսակ՝ տասներկու աստղերից» (Հայտն. 12,1):
Սա Գվադալուպեի Տիրամոր պատկերն է՝ սբ. Խուան Դիեոգոյի պարեգոտի վրա: Հովհաննեսի Հայտնության մեջ տեսած կինը կինը հղի էր եւ ծնում է արու զավակ, երբ վիշապը սպասում էր, որպեսզի վնասեր մանկանը: Սակայն թե՛ մայրը, թե՛ երեխան Աստծո միջամտությամբ փրկվում են: Հովհաննեսի այս տեսիլքը կարող ենք հասկանալ հետեւյալ կերպ. Հին Կտակարանում Իսրայելը ծնունդ է տալիս Նոր Կտակարանի Եկեղեցուն, իսկ վիշապը՝ սատանան, փորձում է կործանել Եկեղեցին:
Հովհաննեսի հայտնությունն ավելի լավ հասկանալու ճանապարհը ընդունելն է, որ այդ կինը Մարիամն է՝ Նոր Կտակարանի Ուխտի տապանակը, ով օգնում է մեզ հոգեպես ծնվել, քանի որ ինքն է Եկեղեցու Մայրը, իսկ սատանան պատերազմում է մեր դեմ: Ոմանք դժվարանում են այդ կնոջ մեջ տեսնել Մարիամին, բաց երբ այս հատվածը կարդում ենք աստվածաշնչյան համտեսքստում, եզրահանգում ենք, որ այստեղ խոսքը Մարիամի մասին է:
1. Չնայած այն բանին, որ տվյալ ընթերցման մեջ ասվում է՝ կինը ցավերով ծնեց (Հայտն. 12, 2), սա չի հակասում «Մարիամի հավիտենական կուսության» դոգմային, ոչ էլ նրա կուսությանը ծննդից առաջ, ընթացքում (անցավ) եւ հետո, որովհետեւ այլ տեղ Սուրբ Գիրքը մեջբերում է որդեծնության ցավերը ոչ թե ֆիզիկական, այլ հոգեւոր պառապանքը ցույց տալու համար (Հռ. 8, 22; Գաղ. 4, 19; Բ Պետ. 2, 8): Հետեւաբար, Մարիամին վերագրվող ցավերը, մեր՝ նրա հոգեւոր զավակների համար կրած նրա մայրական տառապանքն է:
2. Հետո, տեսիլքում (արդեն ոչ ընթերցման մեջ) Հովհաննեսն ասում է, որ տեսավ վիշապին, ով գնաց պատերազմելու ընդդեմ կնոջից մյուս ծնվածների (սերնդի) (Հայտն. 12,17): Սա նույնպես չի հակասում Մարիամի հավիտենական կուսությանը, որովհետեւ «ծնունդ» բառը Սուրբ Գրքում գործածվում է «հոգեւոր ծնունդ» իմաստով (հմմտ.՝ Գաղ. 3, 19):
3. Եվ վերջում, «կնոջը տրվեց արծվի երկու թեւ» (Հայտն. 12,14, դարձյալ ոչ առաջին ընթերցման մեջ) արտահայտությունը չի նշանակում, որ տեքստը չի վերաբերում Մարիամին, որովհետեւ այն առնչվում է անմեղությանը, որը նա ուներ իր առաջին իսկ պահից:
Հետեւաբար, ճշմարիտ է, որ դարեր ի վեր Սրբազան Քահանայապետները այդ կնոջ կերպարում տեսել են Մարիամին, մասնավորապես Եկեղեցու Մայր Մարիամին: Պիոս Ժ Պապը Հայտնություն 12-ում ներկայացված կնոջ մասին ասում է.
« Ամեն ոք գիտի, որ այս կինը Կույս Մարիամի խորհրդանիշն է»:
Իր երկրային կյանքն առանց մեղքի ավարտած Մարիամի վերափոխումն երկինք մեզ հիշեցնում է, ինչպես Հովհաննես Պողոս Բ-ն է ասում, որ Եկեղեցու նպատակակետը երկինքն է: Աղոթում ենք, որ մի օր ամբողջ Եկեղեցին երկնքում լինի մաքուր եւ սուրբ, ինչպես Մարիամը.
«Ի դեմս ամենասուրբ Մարիամի Եկեղեցին արդեն իսկ հասել է կատարելության, ուր նա գոյություն ունի առանց արատի կամ բծի» (Redemptoris Mater, 47):
Մարիամը, որպես Եկեղեցու Մայր, երկնքից հոգ է տանում մեզ համար, որ երկրի վրա ենք դեռ, օգնելով մեզ ավելի նմանվել իր որդուն՝ Հիսուսին: Հովհաննես Պողոս Բ Պապը մեջբերելով Պողոս Զ Պապի խոսքերն, ասում է.
«Մենք հավատում ենք, որ Ամենասուրբ Աստվածամայրը՝ նոր Եվան, Եկեղեցու Մայրը, երկնքում հոգ է տանում մեր մասին իր մայրական կարգավիճակով, որպես Քրիստոսի մարմնի անդամների՝ համագործակիցելով փրկվածների հոգիներում աստվածային կյանքի ծննդին եւ զարգացմանը» (Redemptoris Mater , 47):
Պիոս Ժ Պապը կարողացավ ասել, որ Հայտնության գրքի 12-րդ գլխում ներկայացված Մարիամի ծննդաբերությունը
«մեր ծնունդն էր, մեր՝ աքսորի մեջ գտնվողներիս, որ դեռ պիտի ծնվենք Աստծո կատարյալ սիրո եւ հավիտենական երջանկության համար: Երկունքի ցավերը ցույց են տալիս սերն ու ցանկությունը, որով Կույսը երկնքից նայում է մեզ եւ մաքառում անխոնջ աղոթքով՝ կատարելության հասցնելու ընտրյալների թիվը» (Ad diem illum laetissimum, 24):
Մարիամը երկնքում
«…իր հարտեւ բարեխոսությամբ շարունակում է մեզ տալ հավիտենական փրկության պարգեւը: Իր մայրական սիրով նա հոգ է տանում իր Որդու եղբայրների մասին, որ դեռեւս երկրի ուղիների վրա են …» (Վատիկան Բ, Lumen Gentium, 62):
Այսօր շնորհակալություն ենք հայտնում Աստծուն այն շնորհի եւ հաճության համար, որ Աստված պարգեւեց Մարիամին, կյանքի ավարտին նրան հոգով ու մարմնով երկինք վերափոխելով: Սա պատշաճ վարձատրություն էր նրա համար, ով Ուխտի տապանակն է, ով Հիսուսին աշխարհին է տվել, ավելի մեծ Ուխտի տապանակի, քան Հին Կտակարանի Ուխտւ տապանակն էր: Երկնքում Մարիամը շարունակում է բարեխոսել մեզ համար՝ օգնելով մեզ հասնել մեր նպատակակետին՝ երկնքին, որը նա վայելում է: «…Մեր այս աքսորից հետո ցույց տուր մեզ քո որովայնի օրհնված պտուղը՝ Հիսուսին»:
Սրբուհի՛ Մարիամ,
Մա՛յր Աստծո,
Աղոթի՛ր մեզ՝ մեղավորներիս համար,
Այժմ եւ մեր մահվան ժամին:
Ամեն:



ՀՏՀ
Շնորհակալություն արձագանքի համար.սիրով կսպասեմ.հաջողություն եմ մաղթում կայքի աշխատանքներին....Հարգելի՛ Ծովիկ, քանի որ մեր կայքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում և աշխատանքներն այժմ ընթացքի ...Ողջույն սիրելի Ռադիո Մարիամ. կայքում վերջերս կարդացի 40 օրերի խորհրդի մասին ամենօրյա հորդոր: Սյունակ...Աստված օգնական Հայր Սուրբ։ Ցանկանում եմ մի հարց տալ։ Մարդը պարտադիր պիտի աղքատ լինի, որպեսզի Աստված ...բարև ձեզ,մի քանի հարց եմ ուզում ձեզ ուղղել,կխնդրեմ եթե հնարավոր է' պատասխանեք աստվածաշնչյան արտահայտ...Շատ ենք լսել, որ անհրաժեշտ է ունեցածով բավարարվել: Նաև ձեր քարոզներից մեկում լսեցինք, որ ասում էիք՝ ...Աստված օգնական, վարդապետ: Արդյո՞ք հաղորդություն ընդունելուց առաջ չի կարելի հաց ուտել:...Աստված օգնական Հայր Սուրբ, ինչ են նշանակում Աստվածամոր վարդարանի ամենօրյա խորհուրդները, որոնք են դրա...Ինձ ու ընկերներիս երբեմն ասում են, թե չի կարելի լսել երաժշտության ժամանակակից ժանրերի երգեր, իբր թե ...Հայր Անտոն, ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Հաղորդություն չի տալիս:...Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դու մեկին ներում ես և իր արած վատությանը համարժեք քայլերով չես պատաս...Վարդապետ, աշխարհում եւ վերջին տարիներին նաեւ Հայաստանում շատ է խոսվում դիակիզության մասին: Կուզենայի...Ինչ է նշանակում տաղավար տոն: Ինչու միայն հինգ տոնն է համարվում տաղավար:...Kareli e xostovanel mexcere skypovԵրեխաներին ո՞ր տարիքից է թույլատրվում սուրբ հաղորդություն ճաշակել, վարդապետ:...