Radio Mariam | Հակոբ Հովնաթանյան - Radio Mariam
5323
single,single-post,postid-5323,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,

բլոգ

Հակոբ Հովնաթանյան

Hakob_Hovnatanian_-Naser_al-Din_Shah_Qajar

Հովնաթանյանների գերդաստանի ավագ Նաղաշ Հովնաթանին նվիրված նախորդ ակնարկներում նշել ենք, որ նա բնածին տաղանդով օժտված նկարիչ, էր, և որը մեծ չափով նպաստել է հայկական գեղանկարչության զարգացմանը, բարձր մակարդակի հասցնելով թեմատիկ պատկերը։ Նա ստեղծել է դպրոց, որով ընթացել են նրա տոհմի հետագա ներկայացուցիչները՝ մինչև 19-րդ դարի երկրորդ կեսը։

Ահա նրանցից Հակոբ Հովնաթանյանի մասին է մեր հերթական զրույցը:

Եվ այսպես.

Նաղաշին փոխարինելու են գալիս նրա երկու որդիները՝ Հակոբը և Հարությունը, որոնք նույնպես նվիրվելով արվեստին, շարունակում են հոր մասնագիտությունը։ Որդիների կյանքի մասին գրավոր տեղեկությունները սահմանափակ են. փոքր քանակ են կազմում նաև նրանց ստեղծագործությունները, թեպետ հիշատակություն կա այն մասին, որ նրանք թե իրենց հոր՝ Նաղաշի հետ, թե հոր մահից հետո, համատեղ աշխատել են Հայաստանի շրջաններում, նկարելով բազմաթիվ եկեղեցական պատկերներ և որմնազարդեր։

Հակոբ Հովնաթանյանը, որն ավագ եղբայրն էր, ծնվել է 1685 թվականին, Շոռոթում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի դպրոցում, որտեղ դասավանդել է նրա հայրը։ Հայտնի չէ, թե որքան ժամանակ է սովորել նա այդ դպրոցում: Հավանաբար, ինչպես Ակինյանն է նշում, դա բացատրվում է դպրոցում տիրող տխմար երեխաների վարքով, որին չդիմանալով նա հեռացել է։ Որ այդ դպրոցի երեխաների վարվելակերպը եղել է անտանելի, ապացուցում է Նաղաշի «Վարք հավասար մոնթերին»՝ ոտանավորը, որի մեջ ամենախիստ որակումներով բնութագրված է աշակերտների վարքագիծը՝ տգիտությունը, ծուլությունը, անհամեստությունը, անպատկառությունը, գողությունը, անշնորհքությունը, և այլ արատավոր երևույթներ։

Այնուհետև, ըստ երևույթին, Հակոբն իր կրթությունը շարունակել է Թովմաս առաքյալի վանքի դպրոցում, ուր հայրը տեղափոխվել էր աշխատելու որպես ուսուցիչ։

Այդ դպրոցում, բացի հանրակրթական գիտելիքներից, նա սովորել է նաև նկարչություն, որի հանդեպ հետաքրքրություն էր ցուցաբերել դեռ մանկական տարիներին, տեսած լինելով հոր ստեղծագործությունները։ Սակայն նա նկարել սովորել է ոչ այնքան դպրոցում, որքան հոր նկարները դիտելով և գործնական աշխատանքում նրան օգնելով։

Կան տեղեկություններ այն մասին, որ Հակոբը անբաժան է եղել հորից, ուղեկցելով նրան մերթ ծննդավայրում, մերթ ծննդավայրից հեռու գտնվող վայրեր, երբ հայրը առիթ էր ունենեցել տարբեր եկեղեցիների համար պատվերներ կատարելու։ Այդ կերպ յուրացնելով հոր արվեստը, Հակոբը, դեռ հոր կենդանության ժամանակ կարողացել է ինքնուրույն ստեղծագործել։ Նա բախտ է ունեցել երեսունյոթ տարի ապրելու հոր կողքին, սովորելով նրանից և՛ գրել, և՛ նկարել։ Հակոբը ծանոթ է եղել թե վրացերեն, թե՝ թաթարերեն լեզուներին:

Նա հորից ժառանգել է գրողի և նկարչի ունակություններ։ Հակոբը գրել է բանաստեղծություններ, նկարել որմնանկարներ, սրբապատկերներ, դիմանկարներ, զբաղվել է մանրանկարչությամբ։

Նա թողել է 19 տաղ, որոնք Նաղաշի գրած բանաստեղծությունների նման սիրո երգեր են, բայց, ինչպես նշում է Ակինյանը, դրանց մեջ չկա Նաղաշ Հովնաթանի տաղերի խանդավառությունը, ոչ էլ նրա ճարտար և պատկերավոր գրիչր։ Ի դեպ, նրա ամենահաջող բանաստեղծությունը համարվում է ,,Ի մահն Հովնաթանի,, ողբերգությունը, գրված հոր մահվան առթիվ:

1715 թվականին Նաղաշ Հովնաթանին կաթողիկոս Աստվածատուր Համատանցին հրավիրել է էջմիածին՝ պատվերներ կատարելու: Վերջինս էլ իր հետ տարել է նաև Հակոբին։ Այդ տարիներին Հակոբը հոր հսկողությամբ, նկարել է մի քանի պատկերներ, ինչպես նաև օգնել տաճարի որմնազարդերի նկարելու գործում։

Այս դեպքում էլ ստորագրությունների բացակայությունը դժվարացնում է զանազանել նրա գործերը։ Սակայն ելակետ ընդունելով Սիմեոնի ցուցակը, ինչպես նաև այդ շրջանում կատարված նկարների ոճը, հնարավոր է առանձնացնել մի խումբ պատկերներ, որոնք տարբերվում են Նաղաշի գործերից, և վերագրել Հակոբին։ Դրանցից են՝ ,,Հայկ Նահապետ,,,, ,,Տրդատ, Աշխեն և Խոսրովիդուխտ,, որմնանկարներր, որոնք Ղուկաս կաթողիկոսի օրով էջմիածնում կատարված վերանորոգումների ժամանակ ամբողջ պատի ծեփի հետ միասին առանձնացվել և պահվել են։

Որմնանկարներն այժմ գտնվում են Հայաստանի ազգսյին պատկերասրահում: Ժամանակակիցների հաղորդումներում ոչ մի տեղեկություն չկա էջմիածնի տաճարի որմնանկարների մասին, իսկ Աբրահամ Մշեցու կաթողիկոսության տարիները համրնկնում են Հակոբ Հովնաթանյանի գործունեության տարիների հետ։ Այս որմնանկարները միայն հատվածներ են ինչ-որ րնդհանուր պատկերների, որոնք ոչնչացվել են 1780-ական թվականներին, էջմիածնի տաճարի վերանորոգման արդյունքում:

«Հայկ Նահապետը» մեզ հասել է գլխի հատվածով, ակնհայտ է, որ դա պատկերի մի մասն է. իսկ մարմնի բացակայությունը հնարավորություն չի տալիս եզրակացնելու պատվերի սյուժեի մասին։ Հակոբը ստեղծել է գեղեցիկ, նուրբ դիմագծերով, երազկոտ աչքերով, հանդարտ, խաղաղ հոգեվիճակով մի կերպար։ Թերևս նկարագրի այսպիսի հատկանիշներն են առիթ տվել ոմանց, ենթադրելու, որ դա սուրբ Մինասն է, մանավանդ որ, գլխի շուրջը լուսապսակ կա։ Մյուս կողմից էլ Հայկ Նահապետ կոչելուն նպաստում է զորավարի հանդերձանքը՝ սաղավարտը՝ վիզը պահպանող օղեզրահով, պատմուճանի տակի զրահազգեստը, ուսագլխին կոճկվող իշխանական պատմուճանը և նիզակը։ Հայկի կերպարը գրեթե հասնում է կոնկրետության, կենսունակ արտահայտության։ Նկարչի մոտ իրականի, կոնկրետի զգացողությունը ուժեղ է, և հենց դա է ջերմություն հաղորդում պատկերին։

Աշխատելով որմնանկարին հատուկ ընդհանրացումներով, Հակոբը մտահոգվել է նաև կոլորիտի րնդհանրացման հարցով, կիրառելով շատ սեղմ գեղանկարչական միջոցներ, որոնք նպաստում են դիմանկարի արտահայտչականությանր։ Հատկապես մեծ ուշադրություն է նվիրված դեմքին, նկարված օխրայի և մոխրավունի միացությամբ, որի շնորհիվ պահպանված է հայերին հատուկ թխագույն դեմքի առանձնահատկությունը։ Դիմանկարի գունային անցումներր մեղմ են, գեղանկարչական։

Ինչպես ասվեց, նույն նկարչի ձեռքով է նկարված նաև ,,Տրդատ, Աշխեն և Խոսրովիդուխտ,, որմնանկարր։ Այսպիսի եզրակացություն անելու հիմք են տալիս՝ դրանց միջև եղած մի շարք րնդհանուր գծեր:

,,Տրդատ, Աշխեն և Խոսրովիդուխտը,, պատկերի մի հատված է, նրանք պատկերված են ծնկաչոք, աղոթելիս կամ երկրպագելիս, հայացքները դեպի վեր, մի կետի ուղղած։ Արքայական ընտանիքը պատկերված է տոնական զգեստներով՝ թագով, արքայավայել պատմուճաններով, ոսկեզօծ գոտիներով։ Ի դեպ, աչքի է րնկնում երեքի դիմագծերի րնդհանուր նմանությունը և նկարելու միակերպությունը։ Դրանցով մեկտեղ, նրանց հայացքներն արտահայտում են բարեպաշտ մարդկանց հոգեվիճակ։

Որմնանկարի ներքևում պահպանված բուսական զարդանկարի մեջ կան տարրեր, որոնք նման են Պողոս-Պետրոս եկեղեցում Նաղաշի արած զարդանկարներին։ Պատկերն ունի գեղանկարչական լավ արժանիքներ, կոլորիտը պահպանված է օխրայի և մոխրագույնի սահմաններում, մարդկանց դեմքերը և ձեռքերը մշակված են Հակոբի այլ գործերին հատուկ փոխանցվող երանգներով։

Հակոբ Հովնաթանյանին պետք է վերագրել «Հոիփսիմե» և «Գայանե» սրբապատկերներր։ Հռիփսիմե և Գայանե կույսերը եկեղեցու կողմից սրբացված են: Նրանք Հայաստանում քրիստոնեություն տարածելու համար հետապնդվել են Տրդատ թագավորի կողմից և նահատակվել հանուն այդ գաղափարի։ Եկեղեցին պատշաճն է հատուցել, դասելով նրանց սրբերի շարքը, հայկական եկեղեցիներում ցուցադրելով նրանց պատկերները, 7-րդ դարում կառուցելով նրանց անունով Հռիփսիմե և Գայանե եկեղեցիները էջմիածնում, միաժամանակ եկեղեցական օրացույցով նշելով նրանց հիշատակը։

Աիմեոն կաթողիկոսի ցուցակում Հռիփսիմեի նկարը կոչվում է՝ «Սուրբ Հոիփսիմե կույսը խաչափայտն ուսին և Տրդատ արքան ոտքերի տակ»։ Հավանաբար, Սիմեոնից հետո այդ նկարը փոփոխության Է ենթարկվել, քանի որ 1910 թվականի Պատկերացույցում արտատպված պատկերի մեջ, Հռիփսիմեի ոտքերի տակ, Տրդատի փոխարեն, նկարված են խոտեր, ծաղիկներ։ Գաղտնիքը պարզվել է 1966 թվականին, երբ պատկերը վերանորոգելիս ավելի ուշ նկարված խոտերի շերտը մաքրվեց և հայտնաբերվեց Տրդատի պատկերը, երեսնիվայր փռված գետնին, սրբուհու ոտքերի տակ: Հակոբն այդպես է պատկերել Հռիփսիմեին, արտահայտելով եկեղեցու վրեժխնդրությունը հանդեպ Տրդատ թագավորի՝ որպես քրիստոնյաներին հալածողի: Սակայն հետագա կաթողիկոսները հարմար չհամարելով արքային տեսնել Հռիփսիմեի ոտքերի տակ, այդ մասը ծածկել են տվել, մանավանդ որ, Տրդատի հիշատակը նույնպես նշվում Է եկեղեցական օրացույցով, հետագայում քրիստոնեություն ընդունելու և եկեղեցուն մատուցած գործունեության համար։

Հռիփսիմեն պատկերված Է ամբողջ հասակով, խաչափայտը գրկած, որը խորհրդանշում է քրիստոնեական ուսմունքին մոլեռանդ լինելու փաստը, հանուն որի նա նահատակվել է: Պետք է ասել, որ սրբուհու կերպարը հոգեբանական արտահայտչականությամբ շատ է անտարբեր: Ինչ-որ չափով ներգործող տպավորություն են թողնում նկարի խորքում պատկերված Հռիփսիմեի չարչարանքներից առանձին դրվագներ։

Սրբացնելու համար կրոնամոլ կույսի էությունը, նկարիչը երկնքում պատկերել է աղավնակերպ սուրբ հոգուն, իսկ Մարիամի գլխի վերևում մի հրեշտակ, որը թագ է դնում կույսի գլխին։

Հակոբը ուշադրություն Է դարձրել ոչ այնքան Հռիփսիմեի դեմքի արտահայտությանը, որքան նրա հանդիսավոր կեցվածքին, որը զգեստների ծալավորման օգնությամբ բավական արտահայտիչ է դարձել:

Նույնպիսի կոմպոզիցիոն լուծումով է պատկերված «Սուրբ Գայանեն», միայն թե ավելի մելամաղձոտ արտահայտությամբ։ Պատկերի ներքևի հատվածում Գայանեի չարչարանքներից դրվագներ են։

Նշված աշխատանքները կատարվել են 1715—1720 թվականներին, երբ Նաղաշը ստեղծագործում էր էջմիածնում։ Կասկած չկա, որ դրանք նկարվել են հոր հսկողողությամբ և խորհուրդներով, գուցե և գործնական օգնությամբ:

Նույն ժամանակներում է նկարված «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ» պատկերը, իր ոճով շատ մոտ Նաղաշի ստեղծագործություններին, բայց ավելի միամիտ կատարումով։ Նույն սխալ ենթադրությունն արված է և այս պատկերի մասին, վերագրելով Նաղաշին, թեպետ չի բացառվում, որ հոր խորհուրդներն ու օգնությունը դեր կատարել են պատկերի ստեղծման գործում։ Եվ դա հասկանալի է։ Պատկերների այն շարքը, որ ստեղծվել է Աստվածատուր կաթողիկոսի պատվերով, հանձնարարված է եղել Նաղաշին, իսկ Հակոբը որպես օգնական մասնակցել է հոր աշխատանքին, բնականաբար, այդ պատկերների ստեղծման պատասխանատվությունն ու ղեկավարությունը դրված էր Նաղաշի վրա։ Եվ որովհետև պատվիրված աշխատանքի մեծ ծավալը հնարավորություն չի տվել Նաղաշին անձամբ նկարելու բոլոր պատկերները, նա մի քանի առավել պարզ թեմաներ հանձնարարել է նկարելու որդուն՝ Հակոբին։

Հիշատակված պատկերի թեման ընտրված է ավետարանից, ներկայացնելով այն դեպքը, երբ Քրիստոսն իր աշակերտների ուղեկցությամբ մտնում է Երուսաղեմ, որտեղ նրան ընդառաջ է գալիս ժողովուրդը։ Երեխաները ձիթենու ճյուղեր բռնած աշխուժորեն քայլում են նրա կողքով։

Քրիստոսի դեմքին տրված է խոհական արտահայտություն, պատկառանք և համակրանք ներշնչող հանդարտություն, աշակերտների դեմքերին կարելի է կարդալ զուսպ լարվածություն։

Իհարկե, համեմատելի չեն Հակոբի և Նաղաշի պատկերները: Հակոբի մոտ դեմքերը քիչ են անհատականացված, յուրաքանչյուրի հոգեվիճակը չի տարբերվում մյուսից։

Անտարակույս է, որ 1715-1720 թվականներին, Էջմիածնում Նաղաշի հետ աշխատած շրջանում, Հակոբը նկարել է և այլ պատկերներ:

Հոր հետ էջմիածնի պատվերն ավարտելով Հակորը աշխատել է այլ եկեղեղեցիներում, ստեղծելով զանազան բովանդակությամբ սրբապատկերներ։

Հոր մահից հետո արվեստանոցի ղեկավարությունը մնում է Հակոբին, որին այսուհետև օգնելու էր նրա կրտսեր եղբայր Հարությունը:

Հիմք ընդունելով Հակոբի նախորդ ստեղծագործություններում տեղ գտած Տիրամոր և Քրիստոսի նրա նախասիրած կերպարները, դեմքերը՝ մասնավորապես, աչքերը նկարելու նրա եղանակը, մասնագետները վստահ են, որ Հակոբի վրձնին է պատկանում նաև ազգային պատկերասրահում պահվող «Սևանի Աստվածամայրը»:

Հակոբի Տիրամայրը արտաքինով գեղեցիկ է, բարեհամբույր, մտերիմ, համեստ, մայրական սիրո ու կարեկցանքի զգացմունքներով համակված, իր որդու գալիք ճակատագրին կարեկից, խաղաղ, ինքնափոփ: Նա կերպավորված է գլխահակ, աչքերը խոնարհածթերևս կանխազգալով այն բազում չարչարանքնեը, որոնք վիճակված էին իր միածին որդուն:

Հակոբն ապրել է շուրջ 80 տարի, որից վեց տասնամյակ զբաղվել է նկարչությամբ: Նրա ու կրտսեր եղբոր կողմից տարբեր եկեղեցիներում ստեղծվել են բազում որմնանկարներ, զարդանախշեր, մանրանկարներ:

Վարպետի և ընդհանրապես Հովնաթանյանների գերդաստանի նկարիչների ստեղծագործություններին ավելի մոտիկից ու հանգամանորեն ծանոթանալու համար առաջարկում ենք Եղիշե Մարտիկյանի և Հրավարդ Հակոբյանի՝ հայկական կերպարվեստին նվիրված աշխատությունները:

 



ՀՏՀ
Շնորհակալություն արձագանքի համար.սիրով կսպասեմ.հաջողություն եմ մաղթում կայքի աշխատանքներին....Հարգելի՛ Ծովիկ, քանի որ մեր կայքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում և աշխատանքներն այժմ ընթացքի ...Ողջույն սիրելի Ռադիո Մարիամ. կայքում վերջերս կարդացի 40 օրերի խորհրդի մասին ամենօրյա հորդոր: Սյունակ...Աստված օգնական Հայր Սուրբ։ Ցանկանում եմ մի հարց տալ։ Մարդը պարտադիր պիտի աղքատ լինի, որպեսզի Աստված ...բարև ձեզ,մի քանի հարց եմ ուզում ձեզ ուղղել,կխնդրեմ եթե հնարավոր է' պատասխանեք աստվածաշնչյան արտահայտ...Շատ ենք լսել, որ անհրաժեշտ է ունեցածով բավարարվել: Նաև ձեր քարոզներից մեկում լսեցինք, որ ասում էիք՝ ...Աստված օգնական, վարդապետ: Արդյո՞ք հաղորդություն ընդունելուց առաջ չի կարելի հաց ուտել:...Աստված օգնական Հայր Սուրբ, ինչ են նշանակում Աստվածամոր վարդարանի ամենօրյա խորհուրդները, որոնք են դրա...Ինձ ու ընկերներիս երբեմն ասում են, թե չի կարելի լսել երաժշտության ժամանակակից ժանրերի երգեր, իբր թե ...Հայր Անտոն, ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Հաղորդություն չի տալիս:...Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դու մեկին ներում ես և իր արած վատությանը համարժեք քայլերով չես պատաս...Վարդապետ, աշխարհում եւ վերջին տարիներին նաեւ Հայաստանում շատ է խոսվում դիակիզության մասին: Կուզենայի...Ինչ է նշանակում տաղավար տոն: Ինչու միայն հինգ տոնն է համարվում տաղավար:...Kareli e xostovanel mexcere skypovԵրեխաներին ո՞ր տարիքից է թույլատրվում սուրբ հաղորդություն ճաշակել, վարդապետ:...