Radio Mariam | Կենսագրություն - Radio Mariam
6629
single,single-post,postid-6629,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,

բլոգ

Կենսագրություն

Մանկությունը և կոչումը
Մարտին

19-րդ դարի երկրորդ կեսին Մարտին քաղաքը Դիարբեքիր վիլայեթի վարչական միավորի մասն էր կազմում, որ կառավարվում էր Օսմանյան սուլթանի կողմից: Քաղաքն ուներ 50000 բնակիչ, որից 22000 քրիստոնյա, մեծ մասամբ հայ կաթողիկե. մի անսովոր երևույթ կայսրության մեջ:
Գլխավոր պաշտոնները հիմնականում զբաղեցնում էին մահմեդականները, քրիստոնյաներն ավելի շատ զբաղվում էին արհեստներով, առևտրով: Հոգևորականների մեջ կային հայ կաթողիկե քահանաներ, որոնց ղեկավարում էր Մելքոն եպիսկոպոս Նազարյանը: Սիրիական կաթողիկե համայնքը ղեկավարվում էր Սիրիական եկեղեցու եպիսկոպոսի կողմից: Կապուշինները Մարտինում հաստատվել էին 1865թ.-ից և այնտեղ դպրոց ունեին: 19-րդ դարի երկրորդ կեսին Ֆրանցիսկյան Քույրերը Լօնս-լե-Սոլնիերից ժամանում են Մարտին և իրենց կյանքը նվիրում երիտասարդ կանանց կրթությանը: Կային նաև բողոքական միսիոներներ: 1915 թ.-ի հունիսին թուրքերը ոչ մի տարբերություն չեն դնում քրիստոնյաների միջև: Նրանք վճռել էին սպանել բոլորին…

Մալոյանների ընտանիքը

Շյուքրալլահ Մալոյանը ութ երեխաներից չորրորդն էր, վեց եղբայր եւ մեկ քույր ուներ: Ծնվել է 1869 թ.-ին և մկրտվել նույն տարվա ապրիլի 20-ին:
Կարծիք կա, որ հայրը՝ Մելքոնը, մահացել է որդու քահանա ձեռնադրվելուց առաջ: Մայրը՝ Ֆարիդը (կնունքով՝ Թերեզա), աքսորվել է և որդու մահվանից մեկ ամիս հետո սպանվել: Ինքն ու եղբայրը՝ Մալալլահը, նահատակվել են նույն օրը: Զարմիկներից մեկը սպանվել է մահվան նույն թափորում: Հարսը՝ Աննան, բռնի կերպով աքսորվել է և նետվել մի ջրհորի մեջ, սակայն հրաշքով ողջ է մնացել:

Մանկություն

Հայր Ահմարանին վկայում է, որ Շյուքրալլահը նախքան դպրոց հաճախելն ամեն օր գնում էր եկեղեցի և սպասավորում Ս. Պատարագին: Նա լավ սան էր: Կարճ ժամանակում տիրապետում է թուրքերենին և արաբերենին: Եպիսկոպոս Մելքոն Նազարյանը հետևում է նրա ջերմեռանդությանը և նկատում տղայի կրոնավորական կոչումը: Այդ պատճառով 1883 թ.-ին, երբ նա 14 տարեկան էր, ուղարկում է Զմմառավանք՝ Լիբանան:

Զմմառ

Զմմառը Լիբանանի բարձր լեռներում գտնվող մի գյուղ է: Վանքը նվիրված է Տիրամորը: Տարբեր ծեսերի քրիստոնյաներ գնում էին աղոթքի այս բարձրադիր վայրը, որպեսզի օգնություն հայցեին Ցավագին Մորից:
1749 թ.-ից սկսած վանքը Հայ Կաթողիկե մայր տունն է եղել:
Այդտեղից դուրս են եկել նշանավոր շատ քահանաներ և ականավոր եպիսկոպոսներ:
Աշխատանքի ու աղոթքի այս թեժ մթնոլորտում երիտասարդ Մալոյանն իրեն նվիրում է ուսմանը: Նա կատարելագործում է հայերենի, թուրքերենի և արաբերենի իր իմացությունը:
Գիտելիքների պաշարին ավելացնում է ֆրանսերենը և իտալերենը: Հետագայում սովորում է նաև անգլերեն: Աստվածաշունչ ն ավելի լավ հասկանալու համար նա ուսումնասիրում է նաև եբրայերենը:
Սակայն նրա դաժան ինքնազոհողությունն ու ծանր աշխատանքն ազդում են առողջության վրա: Զմմառում գտնվելու առաջին հինգ տարիներից հետո նա ստիպված վերադառնում է Մարտին բուժման համար: Երեք տարի անց նորից Զմմառում էր: Գնահատելով, որ Մալոյանը միաբանության գերազանցիկ անդամ լինելու համար ուներ բոլոր հատկությունները, նրա մեծավորները ընդունում են նրան որպես կղերիկոս: Նորընծա երիտասարդն իր ամբողջ ուժն ու եռանդը նվիրում է
փիլիսոփայության ու աստվածաբանության ուսումնասիրությանը: 1896 թ.-ին “Տիրոջ Մարմնի և Արյան” տոնի ժամանակ եպիսկոպոսը նրան ձեռնադրում է կուսակրոն “քահանա հավիտյան”:
Ս. Պատարագի ժամանակ` աստվածային զոհը մատուցելիս, նորօծ քահանայի մտքով անգամ չէր էլ անցնում, որ 1915 թ.-ին` “Տիրոջ Մարմնի ու Արյան” տոնի օրը, պիտի մատուցեր իր վերջին Ս. Պատարագը և զոհն էլ ինքն էր լինելու:
Նրա քահանայությունը տևում է 19 տարի, որի ընթացքում նա ամբողջովին նվիրվում է Աստծուն և նրանց, ովքեր իր հոգածության տակ էին:

Եգիպտոս

1896 թ.-ի նոյեմբերի վերջին Մալոյանի մեծավորները նրան ուղարկում են Եգիպտոս:
Նրան ջերմ ընդունելություն են ցույց տալիս: Ալեքսանդրիայի Մեծավորը նրան ծանոթացնում է Հռոմի Պապի Նվիրակի հետ: Նա հանդիպում է Ֆրանսիայի հյուպատոսի և նշանավոր հայերի հետ: Եկեղեցին, եպիսկոպոսի կողմից ղեկավարման ներքին կառուցվածքը, ինչպես նաև իրեն ներկայացված ծրագիրը դուր են գալիս Մալոյանին:
Սակայն Ալեքսանդրիայի կղերի մեջ նա չի տեսնում այն նույն իդեալական պատկերը, ինչ Զմմառում էր:
Բարոյականության վերաբերյալ անսասան դիրքորոշում ունենալով՝ Մալոյանը պետք է ցավ զգար՝ տեսնելով որոշ քահանաների վարքը: Մալոյանն ատում է փողի հանդեպ նրանց ունեցած սերն ու եսասիրությունը: Նրանցից ոմանք, ըստ նրա, ծույլ էին և ընդունակ չարախոսության:
Եգիպտոսի Եպիսկոպոսական թեմը թափուր էր մնացել: Նա ցնցված էր այն նշանավոր քաղաքացիների դավադրություններից և խարդախություններից, ովքեր իրենց սեփական թեկնածուներն էին առաջադրում: Այն քահանաները, ովքեր հանուն իրենց լափող փառասիրության հեռացել էին հոգևոր կյանքից, ցնցում ու սարսափեցնում էին նրան:
Մալոյանի առաքելական մեծ եռանդը չի մարում թեմում տիրող ճգնաժամի պատճառով:
Հիվանդների հոգևոր կարիքները նրա համար առաջնայինն էին: Նա այցելում էր հիվանդներին և տալիս Սրբ. Հաղորդություն: Առանց երկմտելու՝ գնացքով մեկուկես ժամ ճանապարհ էր անցնում, որպեսզի սփոփեր մի հիվանդի: Նա աջակցում էր մահամերձներին և օգնում աղքատներին:
“Առավոտից երեկո այցելում եմ հիվանդներին, աղքատներին և չքավորներին: Երեկոյան, երբ մտնում եմ անկողին, ամբողջովին ուժասպառ եմ լինում: Այդ դժբախտ մարդկանց էլ ոչ ոք չի այցելում, քանի որ ամեն ոք հետապնդում է իր սեփական շահն ու անձնական նպատակը: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես անչափ ուրախ եմ` գիտակցելով, որ կատարում եմ Աստծո կամքը”:

Զրույց Ղպտիների հետ

Համամիութենական (էկումենիկ) ոգին հուզում էր Մալոյանին: Նա հարաբերվում էր Ղպտիների հետ, որոնց թիվը Եգիպտոսում գերազանցում էր քրիստոնյաներին: Նա հանդիպեց Ղպտիների եպիսկոպոսի հետ և իր քահանաների հետ նախաձեռնեց զրույցներ աստվածաբանական թեմաներով:
“Նրանք արաբերենով արտահայտում են մի շարք առարկություններ: Ինչ վերաբերում է ինձ, ես գիշեր-ցերեկ աշխատում եմ, որպեսզի գտնեմ դրանց պատասխանները”:

Քարոզիչը

Եգիպտոսում հավատացյալները շուտով համոզվում են, որ Մալոյանը հենց այն քահանան է, ում կարիքն իրենք ունեն: Նա բացառիկ հռետոր էր, ում կարիքը շատ ունեին կոնֆերանսների, քարոզների, հոգևոր կրթության և Մեծ Պահքի շրջանի քարոզների համար:
Մալոյանն իր ելույթները կառուցում էր այնպես, որ դրանք անթերի լինեին: Ուսումնասիրում էր արաբերենի եգիպտական տարբերակը: Եկեղեցական արարողություններին հաճախելով՝ զննում էր եգիպտացիների ոճն ու շարժուձևը: Մալոյանի ջանքերն արդյունք տալիս են. նրա ունկնդրողների թիվն անընդհատ աճում էր:
1898 թ.-ի մայիսին Հիսուսյանները նրան հրավիրում են Կահիրե արաբերենով դասախոսություն կարդալու համար: Նախապատրաստության համար պահանջվում է հինգ օր: Հետագայում Գթության Քույրերը նրան խնդրում են, որ քարոզի իրենց տարեկան հոգևոր կրթությունը: Հիսուսյան Հայրերի հետ 10 օր տևող հոգևոր կրթության ժամանակ նա թարմացնում է նաև իր սեփական հոգևոր կյանքը:
Ծխական աշխատանքն ու հոգևոր կրթություն քարոզելը Հայր Մալոյանի համար առաջնային էին համարվում: Ժամանակի մնացած մասը նա անցկացնում էր ֆրանսերենը, անգլերենն ու եբրայերենը հղկելով:
Հիվանդությունը, որից երբեք չէր ազատվելու, 1989 թ.-ին հաղթում է նրան: Աջ աչքը վիրահատում են: 1899 թ. Եգիպտոսում համաճարակ է բռնկվում՝ “ուժեղ հնդկական տենդ”: Հայ եկեղեցու Պատրիարքը Մալոյանին տեղափոխում են Կահիրե: Մոտ տասն օր նա գամված է մնում անկողնուն: Իր ամբողջ կյանքի ընթացքում Մալոյանն ունենցավ աչքերի հետ կապված խնդիրներ, շնչարգելություն, հարբուխ և թոքերի բորբոքում, սակայն երբեք չգանգատվեց:

Կյանքը Կահիրեում

Հայր Մալոյանը եպիսկոպոսի քարտուղարն էր, ինչպես նաև կատարում էր իր ծխական սպասավորությունը: Նա պատասխանատու էր եկեղեցական ատյանին, ինչպես նաև եկեղեցու մատակարարն էր: Նրա պարտականությունն էր նաև ընդունել նրանց, ովքեր գալիս էին եպիսկոպոսի բնակավայրը՝ զրուցելու իրենց ընտանեկան և ֆինանսական հոգսերի մասին: Մալոյանը ջանք չէր խնայում հայկական դպրոց բացելու համար: Կահիրեում մնալը ոչ մի բանով օգտակար չի լինում ո՛չ նրա տեսողությանը, ո՛չ էլ առողջությանը: Բժիշկները գալիս են այն եզրակացության, որ մեղավորը կլիման է:
Մալոյանին անհապաղ տեղափոխում են Ալեքսանդրիա: Բժիշկները նրան կարգադրում են հանգստանալ և չզբաղվել գրագրությամբ կամ մտավոր որևէ աշխատանքով: Ի գոհունակություն ծխի անդամների՝ Մալոյանը վերսկսում է իր առաքելությունը: Նրան ընտրում են Զմմառի Միաբանության ղեկավար խորհրդի անդամ, սակայն առողջական խնդիրների պատճառով հրաժարվում է: Այնուամենայնիվ, նա առաջարկում է մի քանի ուղիներ երիտասարդ քահանաների պատրաստությունը բարելավելու համար:
Կոստանդնուպոլսի Պատրիարքը քարտուղարի կարիք ուներ: Ոչ ոք այնքան որակավորված չէր, որքան Մալոյանը: Բացի դրանից, Կոստանդնուպոլսի կլիման էլ կարող էր նրա համար օգտակար լինել: Մալոյանն իր նոր պաշտոնը ստանձնում է խանդավառությամբ: Սակայն առողջությունը գնալով վատթարանում է, և բժիշկների հսկողությամբ, եռամսյա արձակուրդ վերցնելով, գնում է Եգիպտոս:
Կոկորդի և լեզվի ծանր վիրահատությունից հետո էլ Մալոյանի վիճակը չէր բարելավվում. հազն ու շնչարգելությունը համառում էին: Սակայն հիվանդությունը նրան չէր խանգարում, որպեսզի մոտիկից հետևեր տեղի հայ համայնքի ու զմմառյան կյանքին: Զմմառի մեծավորը նրա մոտ ուղարկում էր հոգևորականներին, ովքեր խորհրդի կարիք ունեին: Մալոյանը գիտեր, թե ինչպես խոսեր նրանց հետ: Նա կարող էր վերջիններիս օգնել լուծելու իրենց խնդիրները:
Աստիճանաբար Մալոյանը վերադառնում է իր առօրյա կյանքին: Պատրիարքը խնդրում է նրան Եգիպտոսից անմիջապես մեկնել Մարտին, որտեղ պաշտոնավարելու էր որպես Պատրիարքի Փոխանորդ:

Նեղության մեջ գտնվող թեմի փրկումը

Տարիքը և հիվանդությունը սպառել էին եպիսկոպոս Գուլյանին: Նա Մարտին քաղաքի թեմին ծառայել էր մոտ 35 տարի: Զգում էր, որ այլևս չի կարող շարունակել: Նա Պատրիարքին խնդրում է, որ վերջինս դրսից քահանա ուղարկի, քանի որ ըստ նրա. “Իմ ունեցած քահանաներն անկարող են որևէ կարևոր պատասխանատվություն ստանձնել”: Սակայն պատասխան չի ստանում: Քանի որ հիվանդությունն աստիճանաբար հաղթում էր նրան, վերջինս հեռանում է Զմմառավանք և պատրաստվում է մահվան:
“Ես կխփեմ հովվին, և ոչխարները ցիրուցան կլինեն”, – ասումէ Ավետարանը: Քահանաների դժգոհությունը տարածվում է նաև հավատացյալների շրջանում: Հետո հաջորդում են քաղաքական դավերը: Իրադրությունը պետք է հստակեցվեր և բոլորի սրտերին անհապաղ խաղաղություն բերվեր: Պատրիարքը որոշում է Մարտինի թեմի Փոխանորդի պաշտոնում Հայր Մալոյանին նշանակել:
Մալոյանի ժամանումն իր հայրենի քաղաք հիշեցնում էր Ծաղկազարդի տոնին Հիսուսի ժամանումը Երուսաղեմ: Ընդունելությունը ցնծագին էր ու հաղթական: Նա զգում էր, որ անհրաժեշտ է անհապաղ բոլորին հավաստիացնել, որ ամեն ինչ լավ կլինի:
Նա խնդրում է, որ Պատրիարքն ընդունի եպիսկոպոս Գուլյանի հրաժարականը: Ճգնաժամի համար Մալոյանը երկու պատճառ էր տեսնում. քահանաները լավ չէին պատրաստված և շատ արագ էին ձեռնադրված: Եպիսկոպոս Գուլյանին պակասում
էր բավարար հեղինակություն և ուժեղ բնավորություն, որպեսզի վերջ տար խռովարարների դավերին:
Այդ պատճառով Մալոյանը խնդրում է այնպիսի քահանաներ, ովքեր ավելի լավ էին պատրաստված: Նրանցից մեկը՝ Հայր Անդրեաս Թերզիբաշյանը, պիտի դառնար նրա “աջ բազուկը”: Նա ծրագրեց բացել մի քոլեջ, որ ղեկավարվելու էր Մարիստ եղբայրների կողմից: Ինչևիցե, նրա առողջական վիճակը գնալով վատացավ: Դաժան կլիման և թեմում տիրող ֆինանսական ճգնաժամը ոչնչով չօգնեցին:
Մարտինի թեմն անցնում էր ծանր տնտեսական ու բարոյական ճգնաժամի միջով: Չկային բավարար թվով քահանաներ: 1911 թ.- ին ծանր սով է սկսվում: Այսպիսի աղետի առաջ կանգնելով` Մալոյանը կուզենար գնալ Եգիպտոս ու օգնություն փնտրել իր նախկին ծխի անդամներից: Նա փորձում էր վերականգնել ժողովրդի վստահությունը: Միևնույն ժամանակ նրան տխրեցնում էին իր թեմում կատարվող հակակաթողիկե գործողությունները: Նրա գլխավոր անհանգստությունը թեմի քահանաների համար օգնություն ձեռք բերելն էր: Սակայն քահանաները Մարտին գալու ցանկություն չունեին: Պատճառը Մալոյանը գիտեր. “Գթում եմ այս թեմին: Իրականում տառապանք է կյանքն այստեղ անցկացնելը: Սակայն այս նպատակի համար ենք վարդապետ դարձել: Մեր
առաքինությունները հայտնի են դառնում նման իրադրություններում”:
“Խոսքը փոխանորդի համար գործն է: Իր ժողովրդի ցավալի խնդիրները ճնշում էին Գերպտ. Հայր Մալոյանի հոգին”, – նրա մասին ժամանակին այսպես է արտահայտվել Հ. Պողոս Գասպարյանը՝ Մխիթարյան Վարդապետը: Մալոյանը հույս ուներ չորս կամ հինգ երիտասարդների ուղարկել Զմմառի դպրեվանք: Խնդրանքը մերժվում է: Նա տխուր և վրդովված էր. “Որոշ ավելորդությունների պատճառով կենսական խնդիրները ոտնահարվել են”: Նա պնդում էր, որ եթե Մարտինի երիտասարդներին դպրեվանք չընդունեն, ապա հարկ կլինի հայրենի քաղաք վերադարձնել այն վարդապետներին, ովքեր ծառայում էին այլ վայրերում: “Նրանք ցանկանում են պահել մեր քահանաներին և միևնույն ժամանակ մերժում են քահանաների նոր սերունդ պատրաստել: Այս վարմունքն իսկապես զարմանալի է ու անարդարացի: Ես վճռականապես դեմ եմ դրան և կշարունակեմ բողոքել”:

1911 թ.-ի հունվարին թեմի քրիստոնյաների շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզվում է, որ Հայր Մալոյանը մեծամասնության ընտրյալն է: Մարտին քաղաքի հաջորդ եպիսկոպոսը, ակնհայտորեն, նա էր լինելու: Նրա թեկնածությունը ներկայացվում է Պիոս 10-րդ Պապին, և նա հավանության է արժանացնում: Զմմառի Մեծավորը նրանից խնդրում է մի լուսանկար և հակիրճ կենսագրականը: Մալոյանը պատասխանում է. “Սիրելի՛ եղբայր, ես վերջին անգամ լուսանկարվել եմ 15 տարի առաջ և ուրիշ նկարներ չունեմ: Կյանքում շատ բան չեմ կատարել, որ հիշատակության արժանի լինեն. այստեղ ունեցած անհաջողությունը հանդիսանում է պատիժն իմ գործած մեղքերի”:
Հայր Պողոս Գասպարյանը՝ Մխիթարյան Վարդապետը, ուղարկվել էր Մարտին, որպեսզի Մալոյանի բացակայության ընթացքում ղեկավարեր թեմը: Մարտինի կյանքի վերաբերյալ նա ասում էր. “Ամենուրեք աղքատություն ու դաժանություն է տիրում: Ձմռան պատճառով ոչ մի առևտուր չկա, մարդիկ չեն կարող աշխատանք գտնել: Հայր Մալոյանը ցավում է իր ժողովրդի համար և մեծապես տառապում”:

Օրինակելի եպիսկոպոսը
Հայոց ազգային սյունհոդոսը

Թերզ յան Պատրիարքը հայ կաթողիկե համայնքի պատասխանատուներին կանչում է Հռոմ` մասնակցելու ազգային սյունհոդոսին: Անհրաժեշտ էր դիտարկել, թե ինչ ազդեցություն ունեին երիտթուրքերը նորաստեղծ Թուրքիայի վրա, ինչպես նաև կատարել թափուր թեմերի նոր եպիսկոպոսների նշանակումը:
Սյունհոդոսը սկսվում է 1911 թ.-ի հոկտեմբերի 15-ին: Վեց օր հետո թեկնածուները թարմացնում ու ստորագրում են իրենց Հավատո հանգանակը: Չորս տարվա ընթացքում նրանցից չորսն այդ նույն հավատի համար թափելու էին իրենց արյունը: Հոկտեմբերի 21-ին Իգնատիոս Մալոյանը և յոթ ուրիշ թեկնածուներ օծվում են որպես եպիսկոպոսներ:
1912 թ.-ի գարնանը նորօծ եպիսկոպոս Մալոյանն այս նոր պաշտոնի վերաբերյալ Զմմառավանքի ոսկե մատյանում արձանագրել է մի հատկանշական նախադասություն. “Ամեն. հոգևոր տիրոջից հրահանգ եմ ստացել՝ Մարտին գնալու, այնտեղ մեղքերս քավելու և ատելությունից վառվող սրտերում սեր սփռելու”:
Մալոյանն Հավատի Քարոզչության Սուրբ Ժողովին իր թեմի վերաբերյալ մի ցնցող զեկույց է ներկայացնում. “Աղետներն իսկապես ներգործում են ժողովրդի վրա. եթե դա երաշտը չէ, ապա մորեխներն են: Իսկ անսիրտ կառավարության ագահությունն էլ միշտ առկա է”:
Դեկտեմբերի 10-ին՝ վերջին նիստից հետո, Հռոմի Պապը մասնակիցների հետ հատուկ հանդիպում է ունենում: Նա հետևյալ մարգարեական հայտարարությունն է անում. “Եկեղեցին նույնպես հալածված Եկեղեցի է: Եվ իրականում, եթե Եկեղեցին չհալածվեր, ապա Հիսուս Քրիստոսի Եկեղեցի չէր կոչվի, և նրա իսկական լինելու փաստը կպակասեր”:
Մարտին վերադառնալու ճանապարհին Մալոյանն ուրախ էր՝ իր սիրելի Զմմառը նորից տեսնելով:

Վերադարձ դեպի Մարտին

1912 թ.-ի մայիսի 6-ին նրա համայնքը նրան այնքան ջերմորեն է ընդունում, որ վերջինս հուզմունքից արտասվում է: Ժամանակ չկորցնելով՝ Մալոյանը սկսում է այցելել իր ընդարձակ թեմը, որը ձգվում էր Բաղդադից մինչև Բասրա՝ Պարսկական ծոցի մոտ: Նրա
այցելությունները շարունակվելու էին միչև Առաջին համաշխարհային պատերազմը:
Մալոյանի մշակած ծրագրերից կարելի է առանձնացնել հինգ գլխավորները՝ եկեղեցական, կրոնական, կրթադաստիարակչական, ազգային և սոցիալական:
1. Եկեղեցականների մակարդակի բարձրացման համար
անհրաժեշտ և առաջնահերթ էր պատրաստել որակյալ հոգևորականներ: Մալոյանին մտահոգում էր նաև վսեմ քահանայական իդեալներ ունեցողներով շրջապատված լինելու հարցը:
Նա ուզում էր իր մոտ պահել Հայր Պողոս Գասպարյանին՝ Մխիթարյան Վարդապետին, որն իր բացակայության ժամանակ ղեկավարել էր թեմը: Նա ընդունում էր վերջինիս
ակնառու դրական հատկանիշները: Մալոյանն առարկում էր, երբ որևէ լավ վարդապետի նախատեսում էին տանել իր թեմից: Մյուս կողմից նա աղոթում էր, որ իր մոտ չուղարկեին այնպիսի քահանայի, որը կա՛մ խռովարար, կա՛մ էլ վատ համբավ ունեցող լիներ: “Մենք` քահանաներս, կոչված ենք Աստծո կողմից: Մենք պարտավոր ենք բոլոր ժամանակներում լավ օրինակ ծառայել”:
Մալոյան եպիսկոպոսը կարեկցանքով էր վերաբերվում թեմում գտնվող և գործող վարդապետներին, նրանց հորդորում, տրամադրում էր ամենօրյա աղոթքների, քարոզներին գրավոր պատրաստվելու և ինքնազարգացման համար աշխատասեր լինելու: Օրինակ` Առաջնորդի բարեպաշտական սովորություններից մեկն էր ամեն օր ցերեկային մի ժամի այցելել Տապանակի մեջ իզուր այցելուների սպասող “Սիրո Բան- տարկյալին”, որ հավիտենական համբերությամբ մեր` այսպես կոչված քրիստոնյաներիս, անտարբերությանը տոկացող փրկիչն է:
Ամեն օր երեկոյան մի ժամի Մալոյանն Առաջնորդարանում մի քանի “մարեմասեր” վարդապետների հետ աղոթում էր Ս. Վարդարանը:
2. Կրոնական մակարդակի բարձրացման համար Առաջնորդն առաջնային էր համարում արարողությունների վայել կատարումը:
Ակնհայտ հարգանքով ու հավատարմությամբ էին կատարվում մայիսին Տիրամորը և հունիսին Ս. Սրտին նվիրված բարեպաշտ աղոթքները, որոնց ընթացքում Մալոյանի քարոզները գրավիչ ու սրտառուչ էին:
3. Կրթադաստիարակչական մակարդակի բարձրացման համար բացարձակ հրատապ ու կարևոր էր երկու դպրոցների կառուցումը: Հռոմից 1.700 ֆ. Ստանալով՝ նա ժամանակ չի կորցնում աղջիկների համար վարժարան հիմնելու, որը տնօրինելու էին Անարատ Հղության Քույրերը: Երկրորդը տղաների դպրոցն էր, որը հանձնվելու էր Մխիթարյան Հայրերի ղեկավարությանը:
4. Ազգային, պետական մակարդակի բարձրացման համար անհրաժեշտ էր դասընթացներում վերահաստատել հայերենի ուսուցումը, որը կրկին պիտի ստանձնեին Մխիթարյան Հայրերը:
Մալոյանն ազգային գիտակցության զարգացման համար կարևոր էր համարում արաբախոս և թրքախոս հայերին իրենց հիասքանչ լեզվի վերադարձը: Նա չէր ուզում, որ հայերեն լեզուն իր ընդարձակ թեմում աստիճանաբար մոռացվեր:
5. Սոցիալական, հասարակական մակարդակի բարձրացման համար դադարեցնել առօրյայի մաս կազմող հարստահարությունները և բռնությունները, որոնց զոհ էր գնում ժողովուրդը:

Նա կանգնած էր հայ ժողովրդի ծայրահեղ թշվառության առաջ: Շուրջը տիրող տնտեսական ճգնաժամը ստիպում էր ամբողջովին անզոր զգալ: Անապահովությունը, գողությունները, դաշտում կատարվող ավերածությունները ստիպում էին մարդկանց դիմել մուրացկանության: 1912 թ.-ի նոյեմբերի 28- ին նա գրում է. “Քաղաքական կացության պատճառով Ժողովուրդը ստիպված կարող է արտագաղթի դիմել: Նրանք ենթարկվում են անհավատալի դժվարությունների”: Նա Պատրիարքին ներկայացնում է իր հրաժարականը. “Ամենուրեք ծայրահեղ աղքատություն է տիրում: Կառավարությունը թաքուն միջոցներով շարունակ վշտացնում է ինձ ու իմ ժողովրդին: Ոչ ոք մեզ չի կարեկցում կամ չի փորձում շտկել այս վհատեցնող իրավիճակը: Ի՞նչ կարող եմ միայնակ անել՝ լքված բոլորի կողմից”: Նա Եվրոպա կամ Ամերիկա գնալու թույլտվություն է խնդրում, որպեսզի իր թեմի համար օգնություն ձեռք բերեր. խնդրանքը մերժվում է: Մարդիկ այնքան աղքատ էին, որ չէին կարող իրենց քահանաների ապրուստը հոգալ կամ պահպանել իրենց դպրոցների գործունեությունը: Բացի դրանից նրա առողջական վիճակը գնալով վատանում էր: Բժիշկներն անհրաժեշտ են համարում վիրահատել նրա քիթը: Այս վիրահատությունը Մարտինում չէին կարող անել: Մալոյանը մեկնում է Ալեքսանդրիա: Եգիպտոսում նա հիվանդանում է թոքերի բորբոքումով և մոտ երկու շաբաթ գամվում անկողնուն: Բժիշկներն համաձայնվում են, որ անհրաժեշտ է վիրահատություն կատարել, բայց նրան խորհուրդ են տալիս մեկնել Պադուա: 1913 թ.-ի օգոստոսին Մալոյանը մեկնում է Պադուա և 26 օր մնում հիվանդանոցում: Ապաքինման ընթացքում նա առանձին հանդիպում է ունենում Պիուս 10-րդ Պապի հետ:
Մարտին վերադառնալուց հետո Մալոյանի առողջական վիճակը չի բարելավվում: Շնչարգելության պատճառով նա ժամանակի մեծ մասն անցկացնում է անկողնում: 1914 թ.-ի հուլիսին մտածում է Հեկիրոս մեկնելու մասին, որպեսզի հոդացավի դեմ բուժում ստանա. առանց ձեռնափայտի քայլելն անկարելի էր: Սակայն արիությունը չի լքում նրան: Ինչպես տեսնում ենք նրա գրած նախավերջին նամակում, նա նույնիսկ կարողանում է սփոփել Զմմառի Մեծավորին. “Հա՛յր, եղեք ուժեղ: Վստահ եղեք, որ Աստված ձեզ կտա անհրաժեշտ բոլոր շնորհները: Տեսեք, թե ինչպես եմ միայնության մեջ ապրում այս տաղտկալի լեռներում: Ցավն ու հիվանդությունը հյուծում են ինձ: Մի՛ վախեցեք, Աստված հոգ է տանում նրանց մասին, ովքեր տառապում են. ձեր բոլոր ջանքերի մեջ նրա տված հայրական մխիթարությունը սփոփիչ կլինի: Մյուս կողմից, ուշադրություն մի դարձրեք ուրիշների ապերախտության ու եսասիրության վրա: Ինչպես գիտեք, ես խմել եմ դառնության այս բաժակից: Այն կարող է բավական քաղցր լինել, հատկապես, եթե խառնենք Քրիստոսի բաժակի հետ: Նրանք մի օր կգիտակցեն ձեր արժանիքները և կզղջան, բայց արդեն շատ ուշ կլինի…”:
Վսեմ մտքեր:

Պատերազմը և զորահավաքը

Հայր Անդրե Հուստինիանին, ով Հիսուսյան միաբանությունից էր, Մարտինի Կապուշինների եկեղեցում քահանաների համար ամենամյա հոգևոր կրթություն էր քարոզում: Հոգևոր կրթությանը հաճախում էին հայ կաթողիկե քահանաներ և եպիսկոպոս, Գաբրիել Թափփունիի սիրիական կաթողիկե եկեղեցու վարդապետները: 1914 թ.-ի օգոստոսի 3-ին՝ երկուշաբթի օրը՝ երեկոյան հոգևոր կրթության ժամանակ, լուր է հասնում, որ պատերազմում Օսմանյան Թուրքիան միացել է Գերմանիայի ու Ավստրիայի հետ՝ ընդդեմ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Անգլիայի: Մարտինի հայերից մեկը նկարագրում էր այն տառապանքը, որ պատճառեց զորահավաքը. “Ժողովրդի մեծամասնությունը չգիտեր, թե որ երկրներն են պատերազմում, ոչ էլ նրանք գիտեին պատերազմի պատճառները, և թե ով ում հետ էր դաշնակից: Միակ բանը, որ գիտեին, այն էր, որ երիտասարդները զորակոչվում էին թուրքական բանակ` թողնելով իրենց կանանց ու երեխաներին, ովքեր սովի էին մատնվելու և ենթարկվելու բազում վտանգների…”: Սկզբում զորակոչվում են միայն 20-45 տարեկան տղամարդիկ: Սակայն սա շուտով զորակոչվում են 18-50 տարեկան տղամարդիկ: Մեծ թվով երիտասարդներ դասալիք էին դարձել: Այդ պատճառով փողոցներում զինված պահակախմբեր կային՝ հավաքելու բոլոր նրանց, ովքեր պատերազմի գնալու կարող էին: Նրանց կապում էին պարաններով, այնուհետև տանում էին հավաքատեղի: Պահակախմբերի առաջնորդներն ազատություն տալու դիմաց գինի էին վերցնում: Բանակի բժիշկներից ոմանք նմանատիպ առևտրի մեջ բավական փորձառու էին դարձել:

Միջամտում են եպիսկոպոսները

Հավաքատեղիի աշխատողները կոնկրետ չէին որոշել, թե երիտասարդ զինակոչիկներն ինչ տարիքի պետք է լինեին: Քանի որ ինքնությունն հաստատող փաստաթղթեր չկային, նրանց տարիքը որոշվում էր կամայականորեն: Հայ և սիրիական եկեղեցու քահանաները, ինչպես նաև ուղղափառները ու բողոքականները գնում են շտաբ՝ վկայություն տալու իրենց տարիքի վերաբերյալ: Մալոյան և Թափփունի եպիսկոպոսները կառավարչին խնդրում են 40-ից բարձր տարիքով տղամարդկանց չզինվորագրել: Մի շարք շփոթեցնող կարգադրություններից հետո որոշվում է, որ զինվորագրվելու են 20-45 տարեկան տղամարդիկ: Քանի որ քրիստոնյա երիտասարդներն ապաստան էին փնտրում եկեղեցիներում և վանքերում, եկեղեցիների դռների դիմաց պահակներ են կարգվում: Երբ ձերբակալում են եկեղեցուց հեռացող վեց երիտասարդների, Մալոյան եպիսկոպոսը մեծապես ընդդիմանում է:

Ոստիկանությունն հարձակումներ է գործում քրիստոնյաների վրա

Հոկտեմբերի 6-ին կառավարիչը հրաման է տալիս բոլոր հոգևոր առաջնորդներին, որ վերջիններս հերթով զինվորներին ապահովեն սննդով: Որպեսզի խուսափեին կառավարության կողմից հավատացյալներին նեղություններ պատճառելուց, Մալոյան ու Թափփունի եպիսկոպոսներն ընդունում են նրա պահանջը: Սակայն սա չի կանգնեցնում անկարգ զինվորներին. նրանք թալանում էին այն ամենն, ինչ գտնում էին տներում: Երբ չէին գտնում իրենց որոնած մարդկանց, խուզարկում էին տները, ծեծում կանանց, երբեմն նրանց հետ վարվում անպատկառ, որպեսզի վերջիններս խոստովանեին, թե որտեղ են իրենց ամուսինները: Զինվորները բռնի մտնում էին վանքերը և խուզարկում սենյակները: Նրանք կոպիտ էին վարվում Քույրերի հետ և վերջիններիս դուրս քշում վանքերից, որոնք հետագայում վերածվում էին զորանոցների: Ոստիկանությունը բռնագրավում էր վանքերում քրիստոնյաների թաքցրած թանկարժեք իրերը: Մալոյան և Թափփունի եպիսկոպոսներն այցելում են կառավարչին և հարցնում. “Ինչու՞ խուզարկություններով ահաբեկել ընտանիքներին, որոնք շատ հաճախ ապարդյուն են դուրս գալիս: Տվեք մեզ դասալիքների անունները, իսկ մենք էլ կանենք այն ամենն, ինչ հնարավոր է՝ նրանց գտնելու համար”:
Կառավարիչ ը բարձր է գնահատում նրանց կողմից ցուցաբերած հավատարմության այս փաստը: 1915 թ.-ի փետրվարի 11-ին փոխկառավարիչը բարեկամական այցելություն է կատարում նրանց, որը տևում է մոտ երկու ժամ: Չնայած այս հանգամանքին՝ մարտի 28-ին՝ Ծաղկազարդի տոնին, զ ինվորները շրջապատում են Մարտինի բոլոր եկեղեցիները: Սարկավագները, ովքեր ազատ էին զինվորական ծառայությունից, ստիպված էին զինվորագրվել: Զինվորները շարունակում են պահակություն անել եկեղեցիների շուրջ, որտեղ ընթացքի մեջ էին Սուրբ Շաբթվա արարողությունները: Այն իսկապես հիշեցնում էր Գեթսեմանիի ու Գողոթայի դեպքերը: Այնուամենայնիվ, Զատկի Կիրակի օրը փոխկառավարիչ Հիլմի Բեյն այցելում է եկեղեցիներն ու Զատկի տոնի առթիվ շնորհավորում հոգևոր առաջնորդներին և ցանկանում նրանց արիություն ու երջանկություն:

Վախեցնող նախանշանները
Անվերջ անհանգստություն

1915 թ.-ին՝ Զատկի երեքշաբթի օրը, Ստամբուլից ապշեցուցիչ լուրեր են գալիս. Սուլթանը Մալոյան եպիսկոպոսին պարգևատրել էր Կայսերական շքանշանով և Օսմանյան բարձր պատվով: Սակայն եպիսկոպոսն այլ խնդիրներով էր մտահոգված: Դիարբեքիրի, Էրզրումի ու Սիվասի հայ եպիսկոպոսներից ստացված լուրերն անչափ վատն էին: Դրանց պատճառով նա կորցրել էր քունը, սակայն անում էր ամեն ինչ, որպեսզի հավատացյալների շրջանում խուճապ չառաջացներ: Ապրիլի 20-ին կայսերական պալատում փոխկառավարիչը պարգևատրում է եպիսկոպոսին: Վերադառնալով իր բնակավայր՝ Մալոյանը կարգադրում է, որ եկեղեցու կտուրից բարձրացնեն Օսմանյան դրոշը: Համայնքի առաջնորդները շնորհավորում են նրան: Նա շքանշանը խփել էր կրծքին, իսկ զինծառայողները նրան պատշաճ հարգանք էին մատուցում: Մալոյանը շարունակ աղոթում էր, որ իր ստացած նախազգուշացումներն անհիմն լինեին:
Ապրիլի 22-ին՝ հինգշաբթի օրը, նշանավոր մի սիրիացի քրիստոնյաներին տեղեկացնում է, որ վերջիններս պետք է ոչնչացնեն այն բոլոր նամակները, փաստաթղթերն ու գրքերը, որոնք ընդհանրապես որևէ առնչություն ունեին քաղաքականության հետ: Պետք է ոչ նչացվեին նաև հայկական ու ֆրանսիական բոլոր գրությունները: Ապրիլի 26-ից սկսած մահմեդականները կազմակերպում են գիշերային հավաքներ և ջանք չեն խնայում, որպեսզի գյուղերի ղեկավարներին բորբոքեն քրիստոնյաների դեմ:
Ապրիլի 30-ին զինվորները շրջապատում են հայկական եկեղեցին և սկսում խուզարկությունը: Նրանք սովորաբար պատճառաբանում էին, թե զենքեր ու հրացաններ են փնտրում: Նրանք սպառնում էին եպիսկոպոսին ու քահանաներին, որպեսզի վերջիններս խոստովանեին, թե որտեղ են թաքցրած զենքերը: Անտեսելով նրանց հերքումները՝ զինվորները խուզարկում են ամենուրեք: Նրանք առգրավում են Մալոյանի ողջ նամակագրությունը, ինչպես նաև որոշ հին փաստաթղթեր, լրագրեր ու մատյաններ: Ավարն ուղարկում են Կոստանդնուպոլիս: Այս ամենը եպիսկոպոսին շատ է տխրեցնում: Նկատի ունենալով այս վատ վերաբերմունքը՝ Մալոյանն իր պարտականությունն է համարում տեղեկացնել Հալեպի Ամերիկյան հյուպատոսությանը: Նախնական պայմանագրի համաձայն՝ Կաթողիկե հայերը գտնվում էին ֆրանսիացիների պաշտպանության ներքո: Թուրքիայի ու Ֆրանսիայի միջև պատերազմի բռնկումից հետո Կոստանդնուպոլսի Ամերիկյան դեսպանատունը պաշտպանում էր Ֆրանսիայի շահերը:
Գիշերային մռայլ հավաքը
Մայիսի 1-ին Մալոյան եպիսկոպոսը քահանաներին հավաքում է ժողովի և նրանց հայտնում, թե ինչ է տեղի ունենում հայկական այլ թեմերում: Վերահաս վտանգի բացահայտ նախանշաններ կային.
1914 թ.-ի օգոստոսին քրիստոնյաներին պատկանող 1578 խանութներ թալանվեցին ու այրվեցին: Հանցագործությունն անպատիժ մնաց
– զինվորների գրանցման թերթիկների վրա նշված էր “քրիստոնյա” բառը
– զինվորագրվելու ենթակա տղամարդկանց որոնումների ժամանակ բռնություններ էին գործադրվում. կանանց գլխիվայր էին կախում և ներբանները ձաղկում: Իսկ նրանց կահկարասին կոտրում և այրում էին
– քրիստոնյաների հանդեպ կատարված հանցագործություններն
անպատիժ էին մնում
– փակեցին Կապուշինների եկեղեցին, Քույրերին վտարեցին, իսկ նրանց վանքերը գրավվեցին զինվորների կողմից
– Քույրերի մատուռի ջահը կախված էր մզկիթում
– Կապուշին Հայրերի և Քույրերի կահկարասին վաճառվեց
աճուրդով
– Ղարաբաղից երկու “յակոբինյաններ” մահապատժի
ենթարկվեցին
– եկեղեցիները թալանվեցին
– մահմեդականները, ովքեր դասալիքներ էին, հանկարծ
դառնում են կամավորներ
– ո՞րն է լինելու այն նոր զինակոչիկների առաքելությունը, ովքեր Մարտին քաղաքի հանցավոր աշխարհից են և հայտնի են իրենց դաժանությամբ և զուրկ են բարոյականության որևէ նորմից
– ինչո՞ւ նրանք զինաթափեցին քրիստոնյա զինվորներին. նրանք պետք է ուղարկվեին ռուսական ճակատ, սակայն այժմ պետք է աշխատեն ճանապարհների վրա
– ինչո՞ւ հատկապես քրիստոնյաներից և ոչ ուրիշներից պահանջվեց իրենց զենքերը հանձնել կառավարությանը
– ինչո՞ւ հանկարծ մահմեդականներն այսպես ջանասիրաբար հավաստիացնում են, որ մեզ հետ ոչ մի վնաս չի պատահի
– ինչու՞ են գործակալները քրդական և այլ ցեղերին
բորբոքում քրիստոնյաների դեմ
– ինչի՞ համար են այս ուշ գիշերային հավաքները, որոնց քրիստոնյաները չեն մասնակցում
– ինչի՞ համար են ինձ շնորհել բարձր պատիվ: Ես երբեք չեմ խնդրել այն, ոչ ոք էլ այն ինձ համար չի խնդրել: Արդյոք իշխանությունները չե՞ն փորձում քողարկել իրենց մտադրությունները:

Իրավիճակի նման գնահատումից հետո զարմանալի չէ, որ եպիսկոպոսը խնդրում է քահանաներին աղոթել և ուժեղացնել հավատացյալների ունեցած հավատը: Կատաղի փոթորիկը կարող էր շուտով նրանց արմատախիլ անել:
Ժողովն ավարտվում է: Այդ գիշեր նրանք բոլորն էլ գնում են եկեղեցի՝ հայցելու Տիրոջ օգնությունը: Նրանք իրենց հոգիներն ապավինում են Աստծուն և Տիրամոր:
Շարժական ժառանգություն
Հաջորդ օրը Մալոյան եպիսկոպոսը գրում է մի կտակ, որը հիշեցնում էր իր պաշտպան Անտիոքի Ս. Իգնատիոսի նամակը՝ ուղղված Հռոմի քրիստոնյաներին: Ամբողջ նամակն արժանի է ընթերցանության.
Աստծո ծառա Իգնատիոս Մալոյան՝ Աստծո շնորհով ձեռնադրված որպես Մարտին քաղաքի արքեպիսկոպոս, նշանակված Ս. Աթոռի կողմից:
Տիրոջ մեջ մեր սիրելի զավակներին, ծխական քահանաներին, վարդապետներին ու բոլոր հարգարժան հոգևորականներին. մնաք բարով և Աստծո օրհնությունը թող ձեզ վրա լինի: Տիրոջ մեջ մեր զավակներին, Մարտինի թեմի ժողովրդին. ողջունում և օրհնում եմ բոլորիդ: Հաշվի առնելով, թե այս դժվարին ժամանակներում ինչ կարող է մեզ հետ պատահել՝ զգում եմ, որ պետք է լուրջ որոշումներ կայացնեմ, որպեսզի ապահովեմ մեր սիրելի թեմի ղեկավարության շարունակելիությունը: Մեր խեղճ ու թշվառ կյանքը բոլոր կողմերից գտնվում է կատաղի փոթորիկների սպառնալիքի տակ: Ես հորդորում եմ, որ ամրապնդեք ձեր հավատը: Ձեր հույսը դրեք Ս. Խաչի վրա՝ հիմնադրված Ս. Պետրոսի վեմի վրա: Մեր Տեր Հիսուս Քրիստոսն իր եկեղեցին կառուցեց այդ վեմի ու մարտիրոսների թափած արյան վրա: Ինչ վերաբերում է մեզ՝ թշվառ մեղավորներիս, թող մեր արյունն էլ միախառնվի այդ անաղարտ ու սուրբ մարտիրոսների արյան հետ: Իսկ այժմ, եթե Աստծո կամքն է, որ մենք աքսորվենք կամ մարտիրոսվենք, ապա որոշել ենք մեր թեմի ղեկավարությունը հանձնել Հարգելի Օհաննես Վարդապետ Պոտուրյանին՝ Հայր Գաբրիել Քաթմարջյանի ու Հայր Իգնատիոս Շադյանի հետ միասին՝ որպես նրա օգնականներ:
Մեր ցանկությունն է, որ ապավինեք Սուրբ Հոգուն և ամբողջությամբ հավատարիմ լինեք նրանց, մինչև Մեծավորները կորոշեն այդ պաշտոնին հիմնական մեկին նշանակել: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես միշտ էլ ամբողջությամբ նվիրված եմ եղել Աստծո Եկեղեցու առաջնորդին՝ Հռոմի Քահանայապետին: Իմ ամենաջերմ ցանկությունն է, որ հոգևորականներն ու իմ հոտը հետևեն իմ օրինակին և հնազանդ մնան Սուրբ Աթոռին:
Հայտարարում եմ, որ երբեք անհնազանդ չեմ եղել մեր ինքնավար պետությանը: Որպես կաթողիկե եպիսկոպոս՝ միշտ իմ պարտքն եմ համարել հավատարիմ լինել պետությանը: Ես հորդորում եմ, որ հետևեք իմ օրինակին: Սիրելինե՛րս, ձեզ ապավինում եմ Աստծուն: Խնդրեք Ամենակարող Աստծուն, որ ինձ ուժ և քաջություն տա, որպեսզի կարողանամ ապրել այս անցավոր աշխարհում՝ միևնույն ժամանակ մնալով նրա Շնորհի ու Սիրո մեջ, նույնիսկ, եթե այն լինի իմ արյան գնով:

Իգնատիոս Մալոյան Մարտինի Անարժան հայ Արքեպիսկոպոս
Եպիսկոպոսի բնակավայր, Մարտին, 1-ը մայիսի, 1915 թ.

Ողբերգական մայիս ամիսը

Հարձակումներին հաջորդում են սպանությունները: Դրանց, անշու՛շտ, հետևելու էին կոտորածները: Մայիսի 15-ին Կապուշինների եկեղեցում 17 հայեր ձերբակալվում և բանտարկվում են: Մայիսի 25-ին Գիրիես անունով մի հայի մերկացնում են, ծեծի ենթարկում և հրամայում, որ հայտարարի, թե մահմեդական է: Վերջիններիս կողմից մեռած համարվելով՝ մինչև հունիսի 6-ը ենթարկվում է սարսափելի տառապանքների և աքսորվում է Մալոյան եպիսկոպոսի հետ: Մայիսի 26-ին Դիարբեքիրի մի մեծահարուստ ընտանիքի հետ սպանվում է: Սպանության ժամանակ վերջիններս մերժում են ընդունել Իսլամը, որը պարտադրում էին նրանց: Կանանց առևանգում են, իսկ ընտանիքի ունեցվածքը՝ բռնագրավում:

Մալոյան եպիսկոպոսը փախուստի չի դիմելու

Մալոյանին տրվեց Սինջարի լեռներով երկրից հեռանալու հնարավորություն, որը եզդիների հայրենիքն էր հանդիսանում, որոնք, ինչպես ասում էին, “սատանայի երկրպագուներն էին”: Ի տարբերություն քրդերի՝ այդ լեռների բնակիչ ները ոչ մի առնչություն չունեին թուրքերի հալածանքների հետ: Եզդիներն ապաստան էին տալիս բոլոր փախստականներին: Թել Արմեն գյուղի ծխի անդամներն ուզում էին Մալոյանին տեղափոխել Սինջարի լեռները, բայց վերջինս նրանց ասում է. “Մենք ընդունել ենք մեր կոչումը` որպես հոտի հոգևոր հովիվ, ուր էլ որ լինի: Եվ պատրաստ ենք նույնիսկ մինչև մահ կատարել մեր պարտքը Տիրոջ ու մեր հոտի առջև”: Նա մերժեց ընդունել Հալեպի ընտանիքների խորհուրդը, որոնք հորդորում էին նրան ապաստանել այնտեղ և խուսափել Մարտինում հասունացող աղետից:
Դավաճանության ծրագիր
1915 թ.-ի հունվարին զինաթափում են ոստիկանության քրիստոնյա սպաներին ու զինվորներին: Պետությանը ծառայող քրիստոնյաներն ազատվում են աշխատանքից: Թուրքիայի պետական աշխատողները քրդական ցեղերին հայտարարում են, որ անհավատները (գյավուրները) պետք է մեռնեն: Ձևավորվում է ոստիկանախումբ. 50-60 տարեկան բոլոր մահմեդականներին, ովքեր չէին զինվորագրվել, զենք են տալիս: Պատճառաբանում, թե քաղաքները պետք է պաշտպանեն թշնամու հանկարծակի հարձակումից: Միայն այդ ժամանակ են հայերն հասկանում, թե որն էր ոստիկանների առաքելությունը, քանի որ նրանք երբեք պատերազմ չէին գնալու, և նրանց գործունեությունը սահմանափակվելու էր կոտորածով և կողոպուտով: Այն լավ ծրագրած ցեղասպանություն էր: Հանգամանքները մանրամասնորեն քննության էին ենթարկվել, ձեռք էին առնվել բոլոր նախազգուշական միջոցները, որպեսզի ապահով լինեին, որ ոչ մեկը չէր փախչի:
Ահա այսպես էին գործելու.
անխտիր ձերբակալելու էին բոլոր տղամարդկանց՝ սկսած նշանավոր քաղաքացիներից
– նրանց տանելու էին մի վայր, որը վերջիններիս անհայտ էր մնալու
– ճանապարհին նրանց բաժանելու էին 50 կամ 100 հոգանոց խմբերի
– սպանության վայրում ստիպելու էին զոհերին ամբողջովին մերկանալ, հետո նրանց սպանելու էին և դիակները նետելու էին խոր ջրհորների մեջ
– քաղաքի քրիստոնյաներին ոչինչ չպետք է հայտնեին մարդասպանների կամ զոհերի մասին, քանի որ երդվել էին Ղուրանի վրա և պարտավորված էին գաղտնապահության:

Մարտինի դրությունը

Ինչ վերաբերում է Դիարբեքիր նահանգին, որի մասն էր կազմում Մարտին քաղաքը, ծրագիրն իրագործվում է անողորմ դաժանությամբ: 1915 թ.-ի փետրվարին հատուկ գաղտնի հանձնաժողով է կազմվում: Դիարբեքիրի կառավարիչը ժողովի է կանչում 39 նշանավոր, մոլեռանդ մահմեդականների և ասում նրանց. “Ժամանակն է, որ Թուրքիան ազատվի ներքին թշնամիներից: Դրանով նկատի ունեմ քրիստոնյաներին: Մենք կարող ենք հանգիստ լինել` հավատացած լինելով, որ եվրոպական երկրները չեն առարկի և պատժամիջոց չեն կիրառի, քանի որ Գերմանիան մեր կողմն է: Նա մեզ կաջակցի և օգնություն ցույց կտա”:
Նահանգով մեկ բանբերներ են ուղարկում, որպեսզի մահմեդականներին և այլ ցեղերին դրդեն կոտորել քրիստոնյաներին՝ թույլտվություն ունենալով գողանալու նրանց ողջ ունեցվածքը և առևանգելու կանանց. “Չխնայել ոչ մի քրիստոնյայի: Ով չկատարի իր այս պարտականությունը, կհեռացվի Իսլամի դավանանքից”:
Մայիսին ոստիկանության լիազոր ներկայացուցիչ Մամդուհն ուղարկվում է Մարտին՝ իրագործելու այս չարագուշակ ծրագիրը: Հավաքված նշանավոր քաղաքացիները երդվում են գաղտնապահության: Նրանց ասում է. “Դուք պետք է հավանություն տաք Մարտինի հայությանը սպանելու գաղափարին: Պետք է վկայություն տաք, թե նրանց երիտասարդներն ու Մալոյան եպիսկոպոսը հաղորդակցվում են ֆրանսիացիների, անգլիացիների ու ռուսների հետ, ովքեր վերջիններիս մատակարարել են զանազան զինամթերքներ՝ այդ թվում նաև հրացաններ, գնդացիրներ ու պայթուցիկներ”:
Ձևավորվում և զինվում է “Խամզին” անունով մի ոստիկանախումբ: Չնայած գաղտնիությանը՝ հայերը լուր են ստանում դավադրության մասին և հայտնում Մալոյան եպիսկոպոսին: 1915 թ.- ի մայիսի վերջերին, երբ Թել Արմեն գյուղի կաթողիկե մի հայ երիտասարդի բանտարկում և սպանում են, Մալոյանն արդեն դրանում լիովին համոզված է լինում: Նրանք փորձում են երիտասարդին խոստովանեցնել, որ վերջինս Մարտինի Հայ Կաթողիկե եպիսկոպոսարան հրացաններ և ականներ է տեղափոխել, սակայն նա հրաժարվում է: Այս “խոստովանությունը” Թուրքիայի կայսերական պալատի անդամներից մեկի կողմից գաղտնի կերպով ուղարկվում է Մալոյանին: Հունիսի 1-ին` երեքշաբթի օրը, Մալոյանն այցելում է Թափփունի եպիսկոպոսին և Դոմինիկյաններին: Նա իր սիրելի ընկերոջը հայտնում է իր մտահոգությունների մասին և իր հոտի բնակիչներին հանձնում նրա հոգածությանը: Նա նաև կարդում է մայիսի 1-ին իր գրած կտակը և վստահում այն իր ընկերոջը՝ ասելով. “Համոզված եմ` ժամանակն է, որ հեռանամ այս անարժան աշխարհից”:
Իսկ նրանց, ովքեր փորձում էին հուսադրել նրան, թե փրկություն կգա, ասում է. “Ես շատ լավ գիտեմ, որ նրանք ինձ ու իմ քրիստոնյաներին տառապանքների ու մահվան կդատապարտեն: Անկասկած, նրանք ցանկացած ժամի կարող են մեզ ձերբակալել: Եվ մենք այդ առումով ոչինչ չենք կարող անել: Ահա թե ինչու եմ եկել, որ ձեզ հրաժեշտ տամ և հանձնեմ ձեզ ամենակարող Աստծուն: Աղոթեցե՛ք ինձ համար: Կարծում եմ, որ այլևս ձեզ չեմ տեսնի”:
Նրանք արտասվում են: Մալոյանը միակն էր, որ կարող էր մխիթարել նրանց. “Տեր Աստվածը մինչև այսօր պաշտպանել է մեզ: Նա ունի զորություն՝ մեզ օգնելու և փրկություն բերելու”:
Մալոյան եպիսկոպոսը հրաժեշտ է տալիս ուղղափառները Իսրայել Ավդո եպիսկոպոսին և վերադառնում իր բնակավայրը:

Ձերբակալությունը

Տիրոջ Մարմնի և Արյան տոնը, հունիսի 3, հինգշաբթի
Մալոյան եպիսկոպոսը փայփայում էր այս տոնը, որովհետև նվիրված էր Սուրբ Հաղորդությանը, և որովհետև քահանա էր ձեռնադրվել հենց այդ նույն օրը: Բոլորի համար էլ նրա քարոզը մտահոգող էր: Մալոյանն այլևս չէր կարող նրանցից թաքցնել սպառնացող փոթորիկը, որ խլելու էր իրենց կյանքը: “Նա, ով իր կյանքը կորցնի հանուն ինձ, կփրկվի: Ով մարդկանց առաջ ուրանա ինձ, ես էլ նրան կուրանամ երկնքում իմ Հոր առաջ”:
Նա, ով մինչև վերջ անսասան մնա, կփրկվի: Հավատացյալները լաց էին լինում, երբ նա խոսում էր Քրիստոսի հանդեպ հավատարմության մասին:
Մի շարք վկաներ համաձայն են հինգշաբթի օրվանից (հունիսի 3-ից) կատարված ողբերգական դեպքերի հետ առնչվող այս վկայությունների հետ: Այս կենսագրականը սերտորեն կապված է հետևյալ երեք փաստաթղթերի հետ.
– վկայություն, որ գրված է ֆրանսիացի ականատես դոմինիկյան Հայր Հիացինտ Սիմոնի կողմից
– վկայություն, որ գրված է ականատես սիրիական կաթողիկե Ծ.Վրդ. Իսհակ Արմալեի կողմից, ով աքսորյալների այդ նույն քարավանի նահատակներից մեկի եղբայրն է
– չհրատարակված վկայություն Մարտին քաղաքի մասին՝ գրված արաբերենով Իբրահիմ Կասպոյի կողմից:

Մալոյանը ձերբակալված է
Մահվան հրեշտակը՝ Մամդուհ Բեյը՝ ոստիկանական ուժերի գլխավոր հրամանատարը, ժամանում է առավոտյան 8-ին, որպեսզի Մալոյան եպիսկոպոսին հայտնի, որ կառավարիչն ուզում է տեսնել նրան: Եպիսկոպոսը պատասխանում է, որ կգնա, սակայն ոստիկանը պնդում է ուղեկցել: Մալոյանին թույլ չեն տալիս քշել իր ձին, ինչպես միշտ անում էր դուրս եկած ժամանակ: Բոլոր նրանք, ովքեր տեսնում են նրան, զարմանում են, որ ոտքով է գնում, և որ նրան ուղեկցում է ոստիկանը: Կառավարչի շտաբ հասնելուն պես Մալոյանին փակում են բանտախցում:Նույն ժամանակ ձերբակալվել էին նաև 50 նշանավոր կաթողիկեներ: Նրանց ընտանիքներին հայտնում են, որ վերջիններս մնալու են բանտում, և որ նրանց պետք է անկողին ու սնունդ բերվի: Հունիսի 4-ին՝ ուրբաթ օրը, ձերբակալում են տարբեր ծեսերի տեր 662 քրիստոնյաների և 15 քահանաների: Հունիսի 5-ին՝ շաբաթ օրը, ձերբակալվում են ևս երկու հարյուր հոգի: Նրանց թվում էր Մալալլահը՝ Մալոյան եպիսկոպոսի եղբայրը:
Հունիսի 6-ին ոստիկանության պետ Մամդուհը ժամանում է Հայոց եկեղեցի: Ասում է, որ ուզում է գտնել զենքերի պահեստը: Նրա մարդիկ փորում են գետինը, բացում եպիսկոպոսների գերեզմանները, քանդում խորանները: Սակայն ոչինչ չեն գտնում: Մամդուհն իր զայրույթը թափում է եկեղեցու պահակի վրա: Նրան գամում է պատին և մտրակի հարվածներ տալիս: Հաջորդ օրը քաշում են նրա եղունգները և շիկացրած երկաթով այրում կուրծքը: Վերջինս 1915 թ.-ի հունիսի 15-ին նահատակվում է աքսորյալների երկրորդ քարավանի զոհերի հետ միասին:

Հերոսաբար հավատարիմ

Բանտի չորս անկյունները վերածվել էին խոստովարանների: Վարդարանի ուլունքները միշտ պահում էին իրենց ձեռքերում: Նրանց բանտը վերածվել էր մայր տաճարի: Բոլորն այնտեղ էին՝ եպիսկոպոսը, քահանաները, սարկավագները, հավատացյալները: Այն իսկապես մի Ընդհանրական եկեղեցի էր դարձել. արևելյան ու արևմտյան եկեղեցիները՝ ձեռք ձեռքի տված, նախքան զոհաբերվելու համար համախմբվելը, համախմբվել էին տառապանքի մեջ: Նրանք անպատվությունները, վիրավորանքը, անարգանքն ու չարչարանքը կրում էին որպես իսկական քրիստոնյաներ:

Կեղծ մեղադրանքներ

Դատարանում Մալոյան եպիսկոպոսին թողնում են ոտքի վրա կանգնած: Սակայն նա ոչինչ չի ասում, վերև չի էլ նայում: Դատավորները սկսում են նրա վրա զենքերի վերաբերյալ հարցերի տարափ տեղալ. նրանք ներկայացնում են որոշ “փաստաթղթեր”՝ ի օգուտ իրենց կողմից ներկայացրած մեղադրանքների: Ի պատասխան՝ նա ասում է, որ այդ ամենը միայն սուտ է: Թվում էր, թե նրանք ուզում էին Մալոյանին առանց որևէ պատճառի վնասել: Նրանք պնդում էին, որ վերջինս հանձնի իր զենքերը՝ սպառնալով, որ նրան ու իր համայնքին կենթարկեն ամենածանր պատժի: Նրան մեղադրում էին կառավարությանն ընդիմանալու և նրա դեմ պայքարելու ծրագրի մեջ: Անվեհեր եպիսկոպոսը պատասխանում է. “Ձեր բոլոր մեղադրանքները կեղծ են: Ես երբեք որևէ հարցում կառավարությանը չեմ հակառակվել: Ընդհակառակը, ես պաշտպանել եմ նրա իրավունքները և՛ առանձին, և՛ հրապարակավ, և ամեն ինչ անում եմ՝ պաշտպանելու նրա շահերը, քանի որ ես նրա քաղաքացին եմ, և այն ինձ շնորհել է կայսերական շքանշան ու օսմանյան բարձր տիտղոս”:
Մամդուհը ներկայացնում է նրա ծխի անդամներից մեկի Սարգսի “խոստովանությունը”, որը հաստատվում է սուտ վկաներով: Եպիսկոպոսն ապշում է, սակայն հանգստությամբ պատասխանում է. “Կանչե՛ք Սարգսին, այլապես այս փաստաթուղթը կեղծված է”:
Բայց Սարգիսն արդեն մահապատժի էր ենթարկվել այս կեղծ վկայությունը չստորագրելու համար: Հետո հայտարարում են, թե եպիսկոպոսը ղեկավարում է հայդուկներին և մարդկանց էլ հորդորում է, որ իրենք էլ զենք վերցնեն:
Կեղծիքը բացահայտված է
Հանկարծ Մամդուհը վեր է բարձրացնում իր թեզանիքները, եպիսկոպոսին քարշ տալիս սենյակի մեջտեղ և իր գոտիով հարվածում նրան: Ի պատասխան եպիսկոպոսի, որ ընդվզում էր այս վերաբերմունքին, Մամդուհը ծաղրում է նրան. “Այսօր սուրը փոխարինում է կառավարությանը”:
Նրանք փորձում են մեկ այլ մոտեցում ցուցաբերել: Ներկաներից մեկը, ձևացնելով, թե լի է սիրով ու կարեկցությամբ, Մալոյանին առաջարկում է իրեն մահմեդական հայտարարել. սա ոչ միայն կփրկեր նրա կյանքը, այլև կերաշխավորեր պատիվ ու հարգանք: Այնժամ եպիսկոպոսը կատարում է հավատի մի հրաշալի վկայություն, որը եզրափակում է հետևյալ խոսքերով. “Ձեզ մնում է միայն ինձ հարվածել, դանակով, սրով ու հրացանով վրաս հարձակվել և ինձ կտոր-կտոր անել, որովհետև երբեք չպիտի ուրանամ կրոնս: Սա բացարձակ է ու վերջնական”:

Ծայրահեղ դաժան չարչարանքներ

Դաժան ծեծ ստանալով` նա հառաչում է. “Մարմինս տառապում է հարվածների ցավից, սակայն հոգիս լի է ուրախությամբ”:
Երեկոյան ամուր կապում են նրա ոտքերը և փայտով շարունակ հարվածում: Հետո նրան հրամայում են կանգնել և վերադառնալ իր տեղը: Բայց քանի որ նա անկարող էր դա անել, դաժանաբար քարշ են տալիս ոտքերից: Նա բացականչում է. “Ով լսում է ինձ, թող տա իմ մեղքերի վերջին թողությունը”: Հայր Բուլոս Սանիուր լսում է նրան ու նրա համար շշնջում մեղքերի թողության խոսքերը: Հետո ներս են բերում չարչարանքի գործիքները և քաշում նրա ոտքերի եղունգները: Այդ ձևով նա մնում է մինչև հունիսի 10-ը` ենթարկվելով հետագա չարչարանքների և լսելով իր համայնքի զավակների ճիչերը, որոնց նույնպես չարչարում էին: Դահիճներն անարգում էին նրան ու թքում նրա դեմքին:

Նահատակի աղոթքը

Սուրբ եպիսկոպոսն իր գիշերները բանտում անցկացնում էր` ձեռքերը վեր պարզած և աչքերը դեպի երկինք հառած աղոթելով. “Աստվա՛ծ իմ, դու թույլ տվեցիր, որ այս ամենը տեղի ունենա: Ամեն ինչ կախված է քեզանից: Ցո՛ւյց տուր քո ուժը, քանի որ մենք դրա կարիքն ունենք: Օգնի՛ր մեզ այս դժվարին ժամանակներում, քանի որ մենք տկար ենք, և արիությունը պակասում է մեզ: Տո՛ւր մեզ շնորհ, որպեսզի շարունակենք լինել վկաները մեր կրոնի և պայքարենք դրա իրավունքների համար”:

Հրաժեշտ մորը

Մալոյանի ծեր մայրը նրան տեսնելու անհաջող փորձեր էր անում: Այնուամենայնիվ, աքսորին նախորդած գիշերը նա մորտ տեսնելու թույլտվություն է ստանում: Ահա սրանք էին մորն ուղղած նրա վերջին խոսքերը. “Մա՛յր, կարող ես ապահով լինել՝ հավատացած լինելով, որ ես իրագործում եմ ինձ համար Աստծո նախատեսած ծրագիրը: Աղաչում եմ քեզ, մի՛ տխրիր և մի՛ հուսահատվիր: Մի՛ վախեցիր, մի՛ արտասվիր: Վաղն առավոտյան՝ նախքան լույսը բացվելը, ժողովրդիս հետ կբռնենք Դիարբեքիրի ճամփան: Չգիտեմ, թե մեզ այնտեղ ինչ է սպասվում: Սակայն պատրաստ եմ Տիրոջ օգնությամբ թափել արյունս՝ հանուն Նրա, որը փրկեց ինձ: Մոտ արի, որ կարողանամ քեզ հրաժեշտի համբույր տալ: Աղոթի՛ր ինձ համար և տուն գնա խաղաղությամբ: Իմ ժողովրդին տված քո խորհուրդներում եղիր մեծահոգի, որպեսզի նրանք էլ կարողանան հետևել իմ օրինակին և բացարձակապես հավատարիմ մնան իրենց հավատքին, չվախենան իրենց կեղեքիչների հարձակումներից ու անտեսեն թշնամիների խոստումներն ու սպառնալիքները”:
Նա խնդրում է մորը, որ իրեն մի զույգ շատ մեծ կոշիկներ ուղարկի՝ առանց ասելու, թե որքան սարսափելի կերպով էին խեղված ոտքերը:

Հերոսական մարտիրոսություն
Երթ դեպի մահ

Հունիսի 10-ին նրանք պատրաստվում են մեկնելու: Բանտարկյալներին բաժանում են երեք խմբերի.
– հունիսի 11-ին՝ ուրբաթ օրը, 417 մարդ՝ ուղեկցությամբ հարյուր
զինվորների և “Խամզին” կոչվող ոստիկանախմբի անդամների
– հունիսի 15-ին` երեքշաբթի օրը, երկրորդ խումբը, որ կազմված
էր 600 հոգուց
– իսկ հետո երրորդ խումբը` բաղկացած ևս 600 հոգուց: Լուրեր են տարածում, թե բանտարկյալներին տանում են ճանապարհները վերանորոգելու:
Նրանց ընտանիքներից պահանջում են վերջիններիս ապահովել հագուստով, սննդով և փողով (արյան ծարավը չէր բացառում ագահությունը): Նախքան մահապատժի ենթարկելը՝ զոհերից պետք է խլվեր ամեն ինչ:
Մեկնելու նախօրեին Մալոյան եպիսկոպոսի խնդրանքով բոլորը գնում են խոստովանության: Հետո նա խնդրում է թարմ հաց ու մի շիշ գինի: Սրբագործելով հացն ու գինին՝ նա նրանց տալիս է Ս.Հաղորդությունը: Երբ ոստիկանապետը հայտարարում է, որ մեկնելու են հաջորդ օրը, եպիսկոպոսը բացականչում է. “Քաջալերվե՛ք, զավակնե՛րս: Տեսնում եմ, որ երկինքը բացված է. մենք շուտով այնտեղ կլինենք”:
Նրան հրամայում են լռել և հարվածում են դեմքին: Այնուամենայնիվ, նա քաջալերանքի ավելի շատ խոսքեր է շշնջում, որի համար դեմքին ավելի շատ է հարվածներ ստանում: Կանայք, մայրերն ու երեխաները, որ տագնապով սպասում էին, եզերել էին ճանապարհները: Քրիստոնյաներով բնակեցրած շրջաններում մունետիկը հայտարարում է, թե կկրակեն բոլոր նրանց, ովքեր դուրս գան իրենց տներից:
Շուտով բանտարկյալների մի երկար քարավան՝ առաջնորդությամբ Մամդուհ Բեյի և ուղեկցությամբ ժանդարմների ու ոստիկաննների, քայլում էր Մարտին քաղաքի գլխավոր փողոցով: Մալոյան եպիսկոպոսը, մյուսների նման ամուր կապված, առաջնորդում էր քարավանը: Նրա հետ էին նրա տասներկու քահանաները, ինչպես նաև Հայր Լեոնարդը /Կապուշին/ և սիրիական կաթողիկե եկեղեցու չորս վարդապետներ: Հազարավոր մոլեռանդներ նախատինքի խոսքեր էին բղավում և քարեր ու աղբ շպրտում նրանց վրա: Պատուհաններից ու պատշգամբներից կանանց ու երեխաների ողբաձայն լացն էր լսվում, որոնք հրաժեշտ էին տալիս նրանց, ովքեր պատրաստվում էին մեռնել: Այսպես զորացած ու ծեծված՝ քայլեցին նրանք “Խաչի ճանապարհով”` առաջնորդվելով Խաչակիր Աստվածամարդուց և ընկերակցվելով Ցավակից Աստվածամորից…: “Մալոյանի քարավանը” տարագիրների առաջին քարավանն էր, որի ահավոր վիճակի նկարագրությունը կարդում ենք Ս. Պողոս Առաքյալի մոտ. “Սրանք իրենց զորությամբ արդարություն գործեցին, մարեցին կրակի զորությունը, հերոսացան”:
Երբ Մալոյան եպիսկոպոսն անցնում է Սրբ. Եփրեմի Սիրիական Կաթողիկե վանքի կողքից, ըստ մի վկայի, ասում է. “Մեծ պատիվ է մարտիրոսվել հանուն Քրիստոսի, ինչ վերաբերում է ինձ, ապա ես երջանիկ եմ հանուն` հավատի շղթայված լինել համար, ճիշտ այնպես, ինչպես իմ սուրբ պաշտպանը՝ Անտիոքի Սրբ. Իգնատիոսը, շղթայակապ գնաց մարտիրոսության: Ցտեսությո՜ւն, սիրելի՛ վարդապետներ ու դպրեվանքի սաներ”:
Ոչ մի քրիստոնյա ճշգրիտ չգիտեր, թե ինչ պատահեց, երբ քարավանը հեռացավ Մարտինից: Միակ ականատեսները քրդերն ու ոստիկաններն էին, ովքեր ժամանակ առ ժամանակ կենդանի մնացած քրիստոնյաներին մանրամասնություններ էին տալիս այն մասին, թե ինչ էր տեղի ունենում: Ոմանք խոշտանգվեցին, մերժեցին ազատությունը` լավագույն հարության հասնելու համար: Ուրիշները ծաղրվեցին և խոցվեցին, շղթայվեցին ու բանտարկվեցին: Քարկոծվեցին, սղոցվեցին, սրախողխող արվեցին, թափառեցին` հագած այծի կամ ոչխարի մորթի, մերկ, հալածական ու տառապագին:

Մահապատժի մանրամասները

Երկու կենսագիրներ` Դոմինիկյան Հիացինտ Սիմոնը և Իսհակ Արմալե անունով սիրիական եկեղեցու մի քահանա, ուսումնասիրել են եղած փաստերը: Հունիսի 15-ին նրանք երկուսն էլ Մարտինում էին:

Փաստերն ըստ Հիացինտ Սիմոնի

Հունիսի 10-ին` կեսգիշերին, նախքան առաջին քարավանի մեկնելը, բանտարկյալներն արդեն կապված էին: Հանկարծ գալիս են մահմեդական մի շեյխ ու 25 մուլլահներ` ճոճելով իրենց թրերը: Բանտարկյալները զարմանում են, քանի որ նրանք չէին սպասում, որ կմեռնեն Մարտինում: Շեյխն ասում է նրանց. “Դուք պետք է ընտրեք` Իսլամը կամ մահը”: “Մենք արդեն ընտրել ենք, – միաբերան պատասխանում են բանտարկյալները, – մահը”:
Մի քանի ժամ հետո նրանք մեռնելու էին լեռներում: Առավոտյան ժամը 01:00 հուղարկավորության թափորը դանդաղ և լուռ ընթանում էր քաղաքով: Մարտինի քահանաներն ու քրիստոնյաները մի քանի ժամ զգաստ սպասում էին քարավանի մեկնելուն: Քրիստոնյաները ծանր պարաններով կապված էին իրար: Շատերի ձեռքերը կապված էին շղթաներով, ոմանք նույնիսկ պարանոցներին երկաթե օղագոտիներ ունեին: Բանտարկյալների ամեն քառասուն հոգանոց խմբի մեջ քահանա կար: Մալոյան եպիսկոպոսը, չնայած բթամատների երկաթե օղակներին, վերջին անգամ օրհնում էր իր քաղաքը: Մարտին քաղաքից մոտ երկու ժամ տևող հեռավորության վրա Մամդուհ Բեյը խմբից առանձնացնում է 4 նշանավոր բանտարկյալների. նրանք դաշունահարվում են: Սպանվում են նաև նրանք, ովքեր քարավանից հետ են մնում:

Երթ դեպի նահատակություն

Քարավանը հասնում է Շայխանե՝ քրդական մի գյուղ, որ Մարտինից 6 ժամ հեռավորության վրա էր: Մամդուհ Բեյը կանգնեցնում է քարավանը և կարդում “կայսերական հրովարտակը”, որը նրանց դատապարտում էր մահվան Թուրքական կայսրությանը դավաճանելու համար:
Նա ավելացնում է. “Ձեզանից նրանք, ովքեր դառնան մահմեդական, ապահով և պատվի արժանացած կվերադառնան Մարտին: Մի ժամից դուք բոլորդ էլ կսպանվեք: Պատրաստվե՛ք, աղոթե՛ք ձեր վերջին աղոթքը: Երեկ կայսրությունից դուք ստացաք հազարավոր արտոնություններ, այսօր կստանաք հրացանի երեք գնդակ”: Մալոյան եպիսկոպոսը, որ թույլ էր և սիրտն էլ հիվանդ, բոլորի փոխարեն պատասխանում է. “Թեև մենք կառավարության իշխանության տակ ենք գտնվում, սակայն կմեռնենք հանուն Հիսուս Քրիստոսի”:
“Հանուն Հիսուս Քրիստոսի”, – համաձայնում են նրա ուղեկիցները:

Վերջին ընթրիքը

Ազատության վերջին րոպեների ընթացքում կաթողիկեները ցանկանում են վկայել իրենց հավատը: Եպիսկոպոսն ու քահանաները հավատացյալներին տալիս են մեղքերի վերջին թողությունը՝ նրանց խրախուսելով ու աջակցելով: Եպիսկոպոսը սրբագործում է հացը, իսկ քահանաները դրա կտորները բաժանում են հավատացյալներին: Հետագայում մի զինվոր պատմում էր, որ սրբագործման և հաղորդության ընթացքում բանտարկյալներին ծածկել է մի մռայլ ամպ:
Նրանք պատրաստ էին մեռնելու: Մամդուհ Բեյը նրանցից հարյուրին տանում է “Շայխանի անձավներ” կոչվող վայրը: Խոր անձավների զոհերին երբեք չեն գտնում, իսկ նրանց վերջին ճիչերն էլ երբեք չեն լսվում: Մեկ այլ խմբի տանում են Քալա Զարզավան կոչվող վայրը: Այնտեղ նրանց քարերով, դաշույններով և մահակներով չորս-չորս սպանում են: Հետո նրանց դիակները նետում են ջրհորները: Խելամիտ չէր լինի մյուսներին էլ սպանել նույն տեղում: Հաջորդ օրը, երբ նրանց ավելի հեռու են տեղափոխում, վերջիններիս տառապանքերը երկարաձգվում են: Սովամահ, մերկ, պարաններով ու շղթաներով կապկպված՝ նրանք մոտ երկու ժամ ոտաբոբիկ քայլում են փողոցների քարերի ու դաշտերի փշերի վրայով: Հունիսի 11-ին՝ ուրբաթ օրը՝ Հիսուսի Սուրբ Սրտի տոնին, նրանք սպանվում են Դիարբեքիրից մոտ 4 ժամ հեռավորության վրա գտնվող մի վայրում: Նրանց մահն ազդում է ներկա գտնվող քրդերի վրա: Նրանցից մեկն ասում էր. “Մենք երբեք չէինք տեսել կրոնական նման համոզվածություն”:

Մալոյանը` վերջին զոհը

Մալոյան եպիսկոպոսին մյուսների հետ չեն սպանում: Նրա բազմաթիվ վշտերին ավելացնում են ևս մեկը` մեռնել իր հոտից առանձին: Ոստիկանությունը ստիպում է նրան ձիով աքսորյալների քարավանից առաջ անցնել: Նա միայնակ հասնում է Կարա-Կենպրու կոչվող վայրը, որտեղ եւ մեռնելու էր: Մեկ անգամ ևս հարցնելով, թե նա արդյոք ռումբ ունի, խփում են նրա պարանոցին: Մալոյանը մահանում է իր իսկ արյան մեջ: Նա 46 տարեկան էր և մոտ 4 տարի եպիսկոպոս էր եղել: Ոստիկանությունը շտապում է Դիարբեքիր և բժիշկներից ձեռք է բերում Մալոյան եպիսկոպոսի մահը հաստատող մի վկայական, այն է՝ ճանապարհին մահացել է սրտի խցանումից:

Փաստերն ըստ Իսհակ Արմալեի
Նահատակների քարավանը

Հունիսի 10-ի գիշերը սարսափելի էր: Զինվորները բարձրանում էին միջնաբերդը և ներքև իջնում՝ բերելով երկաթե շղթաներ, հաստ պարաններ և ձեռնաշղթաներ: Նրանք կանչում էին բանտարկյալներին և երկու-երկու ամուր կապում: Հետո բանտարկյալներին դուրս էին հանում բարաքներից ու բանտից՝ հրամայելով, որ բացարձակ լուռ մնան: Միևնույն ժամանակ քաղաքում հայտարարում են, որ իր տունը լքող ցանկացած քրիստոնյա կձերբակալվի և ստիպողաբար կմիանա քարավանին: Հինգշաբթի օրը՝ լուսաբացին, նրանցից 417-ը քայլում էին գլխավոր փողոցով. նրանց մեջ կային քահանաներ, տարեցներ, երիտասարդներ, հայեր, սիրիացիներ, ուղղափառներ ու բողոքականներ: Երբ նրանք անցնում էին մահմեդականներով բնակեցրած տարածքով, կանայք ծաղրում ու նախատինք էին տեղում նրանց վրա, իսկ երեխաները քարեր էին շպրտում: Երբ հասանում են քրիստոնյաներով բնակեցրած տարածքը, մարդկանց թույլ չեն տալիս դուրս գալ իրենց տներից: Թաքնվելով կտուրների լուսամուտների հետևում՝ նրանք փորձում էին որսալ քարավանի մարդկանց հայացքները: Քրիստոնյաները լուռ քայլում էին: Երբ հասնում են քաղաքի արևմտյան դարպասին, Եփրեմյան վանականները և բողոքական միսիոներներն իրենց տների պատշգամբներից հրաժեշտ են տալիս նրանց: Քարավանն առաջնորդում էր Մամդուհը՝ սուրը դուրս քաշած: Քրիստոնյաները չորս կամ հինգ հոգանոց խմբերով իրար էին կապված: Քարավանի վերջից շղթայակապ քայլում էին քահանաներն ու եպիսկոպոսը: Նրանք, ովքեր խմբից հետ էին մնում, դաժանաբար ծեծվում էին. նշանակություն չուներ՝ ծեր էին, հիվանդ, թե վիրավոր: Մոտ 45 կմ քայլելուց հետո քարավանը հասնում է Քալա Զարզավան: Այն մի զառիթափ էր: Մալոյան եպիսկոպոսը, ում ձեռքերը, ոտքերն ու պարանոցը շղթայակապ էին, ներքև է ընկնում: Մի ոստիկան խփում է նրան և ասում. “Ավելի լավ վիճակում կլինեիր, եթե համաձայնված լինեիր մահմեդական դառնալ: Դու դարձած կլինեիր Իմամ”: Մալոյան եպիսկոպոսը պատասխանում է. “Մենք Քրիստոսի ոչխարներն ենք: Կարմիր գույնը, որ տեսնում եք մեր մարմիններին, այլ բան չէ, եթե ոչ Քրիստոսի համար արյուն թափելու մեր պատրաստակամությունը”: Երբ հասնում են ինչ-որ մի աղբյուրի, բանտարկյալներն հույս են ունենում հագեցնել իրենց ծարավը: Սակայն դաժան Մամդուհը արգելում է նրանց խմել: Նա ձիերին տանում է դեպի աղբյուրը, իսկ քարավանին հրամայում շարունակել իր ընթացքը:
Մալոյանի ոգու ուժը
Եպիսկոպոսը Մամդուհին ասում է. “Կեղծավո՛ր: Դու այլևս մեզանից չես կարող թաքցնել քո անհեթեթությունը: Ես գիտեմ, որ քո մարդիկ սպանեցին նրանց՝ համաձայն քո տված կարգադրությունների: Իմ զավակներին ու ինձ շնորհիր մի քանի րոպե, որպեսզի կարողանամ ասել նրանց, թե ինչ եմ զգում: Այնուհետև վարվիր ինչպես կամենում ես”: Մամդուհը հրամայում է իր մարդկանց, որ քրիստոնյաներին մեկ ժամ միայնակ թողնեն:
Վերջին ընթրիքը
Քաջ հոգևորականը, քահանաներն ու հավատացյալները ծնկի են գալիս: Եպիսկոպոսը նրանցից պահանջում է, որ մահը դիմավորեն առանց երկյուղի: Սրբագործելով հացը` Մալոյանը թողություն է տալիս նրանց մեղքերին, լիակատար ներում շնորհում և տալիս Ս. Հաղորդություն: Այնուհետև օրհնում է նրանց և ասում. “Թող նրանց զենքերն ու քանակը չվախեցնեն ձեզ: Արհամարհե՛ք խոստումներն ու սպառնալիքները: Քա՛ջ եղեք հանուն ձեր հավատի, դիմավորե՛ք մահը հանուն մեր Տիրոջ սիրո”: Շրջվելով դեպի Մամդուհը` եպիսկոպոսն ասում է. “Իմ գործն արված է, այժմ վարվի’ր` ինչպես կամենում ես”: Մինչ քրիստոնյաները ծնկի էին եկել ու աղոթում էին, մի պայծառ ամպ է գալիս ու ծածկում նրանց: Սպանողներն իրենք էին խոստովանում, որ երբեք ականատես չէին եղել նման տարօրինակ դիպվածի: Երբ աղոթքը վերջացնում են, ամպը ցրվում է: Այս փաստի մասին խոսել են մի քանի զինվորներ ու քրդեր:
Այնուամենայնիվ, մարդասպանների սրտերը համակված էին “չարիքի ու հպարտության ամպով”: Նրանք գայլերի նման հարձակվում են այս հնազանդ գառների վրա և տանում նրանց Զարզավանի միջնաբերդի կողմը: Նրանց մերկացնում են և տանջամահ անում:
Մալոյան եպիսկոպոսի նահատակությունը
Նրանց առաջնորդը՝ սուրբ եպիսկոպոսը, միակն էր, որին դեռևս չէին սպանել: Մամդուհը պնդում է, որ եպիսկոպոսը խոստովանի, թե որտեղ են թաքցրել զենքերն ու հրացանները : Քաջ հոգևորականը պատասխանում է. “Տեսնում եմ, Մամդու՛հ, որ դու չես հասկանում կամ էլ ձևացնում ես, թե չես հասկանում, որ քեզ ասել եմ ու դեռևս ասում եմ ճշմարտությունը. այն, ինչ պահանջում ես, անհիմն է: Դե՛, թափի՛ր քո զայրույթն ինձ վրա, որպեսզի կարողանամ նորից իմ զավակների հետ լինել: Դե՛, խփի՛ր ինձ, չարչարի՛ր ինձ, կտրի՛ր իմ կոկորդը, խաչի՛ր ինձ, վերջ տուր իմ կյանքին”:
Այնժամ Մամդուհն անում է այն, ինչ իր հավատն էր իրենից պահանջում. “Ցանկություն չունե՞ս հրապարակավ հայտարարելու, որ այժմ դու մահմեդական ես”: Եպիսկոպոսը պատասխանում է. “Զարմանում եմ, որ կրկնում ես նույն հարցը: Արդեն բազմիցս քեզ ասել եմ, որ ապրում և մեռնում եմ հանուն իմ հավատի` ճշմարիտ հավատի, և որ հպարտանում եմ միայն իմ քաղցր Փրկչի խաչով”: Մամդուհը դուրս է քաշում իր հրացանը և կրակում: Մալոյանի վերջին խոսքերն էին. “Աստվա՛ծ իմ, գթա՛ ինձ: Քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին”:
Բաշու Սարաժ անունով մեկը հաճախ պարծենում էր. “Մալոյան եպիսկոպոսն ինձ այնքան էր ջղայնացրել, որ երբ Մամդուհը սպանեց նրան, ես բռնեցի նրա մորուքից և իմ դաշույնով երեք անգամ խոցեցի նրա կոկորդը և կուրծքը: Սա ինձ օգնեց, որ ավելի լավ զգամ”:
Իսհակ Արմալեն եզրափակում է. “Այն, ինչ վերևում պատմեցինք առաջին քարավանի տեղահանվածների նահատակության մասին, մեզ պատմել են վստահելի մահմեդականներ, որոնց վկայությանն արժե հավատալ”:
Մալոյան եպիսկոպոսն իսկապես նահատակ է, հերոս՝ հանուն հավատի: Այդպիսին են նաև նրա 416 ուղեկիցները: Կաթողիկե եկեղեցին 2001 թ.-ի հոկտեմբերի 7-ին Եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին Երանելի հռչակեց:
Այս Երանացման միջոցով Հայ Կաթողիկե եկեղեցին ուզում է պատվել այն բոլոր հերոսներին, ովքեր մեռան հանուն հավատի, ինչպես նաև մխիթարել ու քաջալերել մի ցեղի, որին նախասահմանված էր բնաջնջվել:



ՀՏՀ
բարև ձեզ,մի քանի հարց եմ ուզում ձեզ ուղղել,կխնդրեմ եթե հնարավոր է' պատասխանեք աստվածաշնչյան արտահայտ...Շատ ենք լսել, որ անհրաժեշտ է ունեցածով բավարարվել: Նաև ձեր քարոզներից մեկում լսեցինք, որ ասում էիք՝ ...Աստված օգնական, վարդապետ: Արդյո՞ք հաղորդություն ընդունելուց առաջ չի կարելի հաց ուտել:...Աստված օգնական Հայր Սուրբ, ինչ են նշանակում Աստվածամոր վարդարանի ամենօրյա խորհուրդները, որոնք են դրա...Ինձ ու ընկերներիս երբեմն ասում են, թե չի կարելի լսել երաժշտության ժամանակակից ժանրերի երգեր, իբր թե ...Հայր Անտոն, ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Հաղորդություն չի տալիս:...Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դու մեկին ներում ես և իր արած վատությանը համարժեք քայլերով չես պատաս...Վարդապետ, աշխարհում եւ վերջին տարիներին նաեւ Հայաստանում շատ է խոսվում դիակիզության մասին: Կուզենայի...Ինչ է նշանակում տաղավար տոն: Ինչու միայն հինգ տոնն է համարվում տաղավար:...Kareli e xostovanel mexcere skypovԵրեխաներին ո՞ր տարիքից է թույլատրվում սուրբ հաղորդություն ճաշակել, վարդապետ:...Հայր Անտոն ինչու եկեղեցին չի քաջալերում երեխա ունենալ ամուսնությունից դուրս:...Հայր Անտոն, ինչո՞ւ է սահմանված, որ խաչակնքման ժամանակ «Հայր» բառն ասելիս մատները դնում ենք ճակատին, ...Վարդապետ, իմ շրջանակի որոշ մարդիկ, որ բուսակեր են, ինձ հետ հաճախ վիճում են միս ուտելուս պատճառով, և ...Հայր Անտոն, Առաքելական եկեղեցում Սուրբ Հաղորդության ժամանակ, կանայք զիջում են տղամարդկանց: Եվ տղաներ...