Radio Mariam | Լեոնարդո դա Վինչի մաս 3 - Radio Mariam
5503
single,single-post,postid-5503,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,

բլոգ

Լեոնարդո դա Վինչի մաս 3

Leonardo+da+Vinci+-+Madonna+Litta+Լեոնարդոյի վաղ ստեղծագործությունների շարքին է դասվում 1478 թվականին ստեղծված և Սանկտ Պետերբուրգի էրմիտաժում պահպանվող «Տիրամայրը ծաղիկով» կտավը, որը որոշակիորեն տարբերվում է 15-րդ դարի բազմաթիվ Աստվածամայրերից։ Հրաժարվելով ժանրայնությունից և մանրազնին մանրամասնումից, որոնք հատուկ են Վաղ Վերածննդի վարպետների գործերին, Լեոնարդոն խորացնում է բնութագրումները, ընդհանրացնում ձևերը։  Կողային լույսով ողողված երիտասարդ մոր և մանկիկի պատկերները զբաղեցնում են նկարի գրեթե ամբողջ տարածությունը։ Բնական ու գեղատես են օրգանապես միմյանց հետ կապված պատկերների շարժումները։ Դրանք հստակորեն են երևում պատի մութ ֆոնի վրա։ Պատուհանից երևացող պարզ կապույտ երկինքը պատկերները կապում է բնությանը,  այն աշխարհի հետ, ուր իշխում է մարդը։ Կոմպոզիցիայի հավասարակշռված կառուցվածքում զգացվում է ներքին օրինաչափություն։ Բայց դա չի բացառում կտավում նկատելի ջերմությունը, պարզ հրապուրանքը։

Լեոնարդոն համեմատաբար փոքրաթիվ նկարներ է ստեղծել, որոնցից շատերը անավարտ են մնացել: Դրանց շարքին է դասվում «Մոգերի երկրպագություն» աշխատանքը։

Նրա երիտասարդ տարիների ոճը համեմատվում է Վերոկկիոյի ոճի հետ, բայց նա աստիճաբար հեռանում է իր ուսուցչի կարծր, պիրկ և կոշտ պատկերներ ստեղծելու մեթոդից՝ աշխատելով  կերտել  ավելի նուրբ,  քնքույշ մթնոլորտ և կոմպոզիցիոն մեկնաբանություն։

«Մոգերի երկրպագություն» ստեղծագործության մեջ նա դրսևորում է կոմպոզիցիոն նոր մոտեցում, որում հիմնական պատկերները խմբավորված են առաջին պլանում, մինչդեռ հետին պլանում ներկայացվում են իրարից հեռու գտնվող պատերազմական տեսարաններ։

Միլանյան շրջանին են վերաբերվում նրա «Աստվածամայրը քարանձավում» և «Խորհրդավոր ընթրիք»՝ արդեն հասուն ոճի գեղանկարչական ստեղծագործությունները:

«Աստվածամայրը քարանձավում» կտավը, որ պահվում է Փարիզի հռչակավոր Լուվրի թանգարանում, Բարձր Վերածննդի անդրանիկ հոյակերտ կոմպոզիցիան է։ Նրա պատկերած Մարիամը, Հովհաննեսը, Քրիստոսը և հրեշտակը օժտված են վեհության հատկանիշներով, բանաստեղծական ոգեշնչվածությամբ և կենսական արտահայտչականության  հարստությամբ։

Մտախոհ տրամադրությամբ և գործողությամբ, ներդաշնակ բրգաձև խմբում միավորված՝ մանուկ Քրիստոսը օրհնում է Հովհաննեսին, ասես լուսաստվերի աղոտ շղարշի մեջ: Ավետարանական ավանդազրույցի գործող անձերը ներկայացվում են որպես խաղաղ երջանկության իդեալներ:

Իրական կրքերի և դրամատիկական զգացմունքների աշխարհն է մեզ տեղափոխում Լեոնարդոյի կոթողային որմնանկարներից ամենանշանավորը՝ «Խորհրդավոր ընթրիքը», որը ստեղծվել է 1495 թվականին: Դա  Լեոնարդո դա Վինչին նկարել է Սանտա Մարիա դելլե Գրացիեի վանքի սեղանատան պատին։

Ամբողջ 1496 թվականն անցավ կոմպոզիցիայի որոնումներով։ Հարկավոր էր չափել պատը և մտքով նրա վրա տեսնել ամբողջ կոմպոզիցիան։ Լեոնարդոն սկզբում որոշեց տալ շարժումով լեցուն մի տեսարան։ Ցանկանում էր Հուդային միայնակ հակառակ կանգնեցնել սեղանին, մյուս առաքյալներին և Քրիստոսին։ Հետո ցանկանում էր լուսապսակներ դնել բոլոր առաքյալների գլխներին, բացի Հուդայից։ Բայց վերջում հակվեց դեպի ավելի հանգիստ տարբերակը։ Լեոնարդոյի նախորդների համար «Խորհրդավոր ընթրիքը» բազմիցս խոշոր, մոնումենտալ որմնանկարների սյուժե է ծառայել։ Այդ թեմայով նկարել են Ջոտտոն, Կաստանյոն, Գիրլանդայոն։ Լեոնարդոն, անկասկած, ծանոթ էր նրանց նկարներին։ Բայց ոչ նրանք, ոչ էլ ընդհանրապես իտալական նկարիչների որևէ գործ նրան էական նշանակություն ունեցող հենակետ չտվեց։ Նրա նկարն ամբողջովին նոր էր և ամբողջովին իրեն էր պատկանում։ Նրա ստեղծագործության մեջ դա գագաթ էր, իսկ իտալական նկարչության զարգացման մեջ՝ ամենակարևորագույն փուլերից մեկը։ Իզուր չէ, որ «Խորհրդավոր ընթրիքից» հետո Լեոնարդոյի փառքը, որպես նկարչի, թնդում էր ամբողջ Իտալիայում։ Այն բոլորը, ինչ խաղաղ միայնության մեջ խորհել էր Լեոնարդոն, իր արտացոլումը գտավ այդ նկարում։ Այն բոլորը, ինչ նախկինում նկարել էր, դրա մեջ գտավ իր ավարտվածությունը։ Խնդիրները, որոնք ինքնամոռաց աշխատանքի ընթացքում նա դրել էր իր առջև, շատ բազմազան էին։ Նա նոր կոմպոզիցիոն բանաձևեր էր որոնում, աշխատում էր կոլորիտի խնդիրների ու նրբագույն լուսաստվերի, խաղի լուծման վրա, ձգտում էր տալ այնպիսի կերպարներ, շարժումներ ու դեմքեր, որոնք բացահայտեին մարդու ներաշխարհը։

Թեման բավականին ավանդական էր սեղանատան համար, չնայած Լեոնարդոյի նկարելու ժամանակ այն դեռևս սեղանատուն չէր։ Լեոնարդոյի նկարում պատկերված է այն պահը, երբ Հիսուս Քրիստոսն առաքյալների հետ ընթրիքի ժամանակ ասում է, որ նրանցից մեկը իրեն կմատնի։ Ուսուցչի խոսքերը վիթխարի տպավորություն են գործում, և 12 առաքյալներից ամեն մեկն ըստ իր բնավորության է արձագանքում, տարբեր աստիճանների բարկությամբ ու զարմանքով։ Առաքյալների դեմքերը հստակորեն որոշակիացած են։ Ֆիգուրները դինամիկ են, լի շարժումով, բայց այդ շարժումը զուսպ է, ավելի ներքին է, քան արտաքին։ Դիտողը դա զգում է առաջին իսկ հայացքից, բայց երբ խորանում է իր տպավորության մեջ, զարմանքով նկատում է, որ նկարիչը այդ տպավորությունը ստեղծել է բացառիկ ժլատ միջոցներով։

Տեսարանում չկա իրարանցում, չկա ոչ մի չափազանցված կեցվածք, չկան ճչալու պատրաստ բաց բերաններ, չռված աչքեր, վեր բարձրացած ձեռքեր։ Բայց շարժումը շատ-շատ է։ Խորը սենյակը լուսավորված է առջևից, դիտողի կողմից։ Երկար ու նեղ սեղան՝ վրան ամանեղեն։ Սեղանը ծածկված է նախշազարդ սփռոցով, երևում է, որ առաջին անգամ է օգտագործվում՝ նկատելի են բոլոր ծալքերը։ Սեղանի մոտ նստած են 13 մարդ՝ երկուսը ծայրերին՝ կիսադեմով, մնացածները դեմքով դեպի դիտողը։

Մեջտեղում՝ մնացածներից անջատ, պատուհանից թափանցող լույսի ֆոնին Քրիստոսն է։ Երկու կողմերն առաքյալներն են։ Քրիստոսը հենց նոր արտասանել է դավաճանության մասին խոսքերը։ Դեմքին մեղմ, հեզ թախիծ կա։ Աչքերը խոնարհված են։ Աջ ձեռքը դեռ թրթռում է զսպված շարժումից, ձախը՝ մի տեսակ անուժ, ափը վեր, ընկած է սեղանին։ Աշակերտները լսածից ընկճված են։ Ինչպե՞ս կարելի էր ուժեղացնել այդ ընկճվածության տպավորությունը։ Լեոնարդոն ամեն ինչ հաշվել է։ Ծայրի երկու ֆիգուրները բոլորովին ձիգ են, մնացածները՝ տարբեր թեքվածությամբ։ Բոլորը միասին բաժանված են 4 խմբի՝ յուրաքանչյուրում 3 մարդ։ Քրիստոսին մոտիկ երկու խմբերն ավելի սերտ են՝ եռանկյունու մեջ, երկու հեռավորներն ավելի ազատ են՝ քառանկյան շրջագծում։ Բարդուղիմեոսը, Հակոբոս Ալփյանը և Անդրեասը ձևավորում են առաջին խումբը։ Նրանք երեքն էլ զարմացած են։  Հուդան, Պետրոսը և Հովհաննեսը մյուս եռյակն են։ Հուդան հագել է կանաչ և կապույտ և ստվերում է՝ զարմանքից ետ քաշված իր պլանի հանկարծակի բացահայտումից։ Նրան՝ դավաճանին, Լեոնարդոն դիտմամբ լույսի ակունքին թիկունքով է նստեցրել, և նրա դեմքը մութ է ստացվել։ Նա իր ձեռքին մի փոքրիկ քսակ ունի, ուր հավանաբար այն արծաթն է, որի դիմաց նա մատնեց Քրիստոսին, կամ էլ ցույց է տալիս, որ 12 առաքյալների միջից նա է եղել գանձապահը։ Նա նաև հպվում է աղամանին։ Սա հավանաբար կապված է արևելյան մի արտահայտության հետ՝ «Աղը դավաճանել», ինչը նշանակում է Տիրոջը դավաճանել։ Հուդան միակ աշակերտն է, որ արմունկով հենված է սեղանին և նաև հորիզոնական ուղղությամբ նրա գլուխը բոլորից ցածր է։ Պետրոսը բարկացած տեսք ունի և  դանակ է պահում ձեռքին, որն ուղղված է Քրիստոսին հակառակ, ինչը, հավանաբար, ցույց է տալիս նրա բարկությունը՝ Քրիստոսին Գեթսեմանում ձերբակալելու համար։ Ամենաերիտասարդ առաքյալը՝ Հովհաննեսը, կարծես ուշագնաց լինի։ Առաքյալներ Թովմասը, Հակոբոսը և Փիլիպոսը մյուս եռյակն են։ Թովմասը բացահայտ կերպով տխուր է, Հակոբոսն ապշած է՝ ձեռքերը օդում։ Մինչդեռ Փիլիպոսը կարծես ինչ-որ բացատրություն է հարցնում։ Մատթեոսը, Թադեոսը և Սիմոն Կանանացին վերջին եռյակն են կազմում։ Ե´վ Մատթեոսը, և´ Թադեոսը շրջված են Սիմոնի կողմը՝ հավանաբար որպեսզի պարզեն իրենց մի քանի հարցերի պատասխանները։ Շարժման տպավորությունը ստեղծվում է խմբերի այդ զարմանահրաշ բաժանումով ու յուրաքանչյուր խմբում դեմքերի, մարմինների, ձեռքերի խաղով։ Լույսն ընկնում է ինչ-որ տեղից՝ վերևից ու ձախից, և բոլոր դեմքերը լուսավորված են՝ ինչպես վերը նշվեց, բացառությամբ Հուդայի։ Նկարը վիթխարի ուժ ունի, և մենք հասկանում ենք, թե ինչու Լեոնարդոն այդքան երկար ու այդպիսի համառությամբ որոնում էր գեղանկարչական բազմաթիվ խնդիրների լուծումը, խնդիրներ, որոնք իրականացվել են այդ նկարում։ Այն բոլորը, ինչ խմորվում էր նրա գիտակցության մեջ, երբ նկարում էր «Մոգերի երկրպագությունն» ու «Աստվածամայրը քարանձավումը», այժմ հասունացել էր, և նա իր մեջ ուժ գտավ ավարտելու այդ նկարը։ Ճիշտէ, նրա համար դա այնքան էլ հեշտ չէր։ «Խորհրդավոր ընթրիքը» ինչ-որ մի շրջափուլ է ավարտում Լեոնարդոյի գիտական որոնումների մեջ, որոնք հարստացրին արվեստագետի նկարչական հնարքները։

 

Գիտական մեթոդներով չզինված նկարիչը երբեք չէր կարողանա այդպես լուծել նկարի կոմպոզիցիոն խնդիրը։ Լեոնարդոյի ստեղծագործության հետ համեմատած՝ Կաստանյոյի և Գիրլանդայոյի նկարները մանկական թոթովանք են։ Այդ նկարիչները չեն կարողացել ո´չ նստեցնել իրենց 13 կերպարանքները, ո´չ համապատասխան դիրքեր տալ նրանց մարմինների ու դեմքերի արտահայտությանը, ո´չ էլ անհրաժեշտ շրջանակ են ստեղծել։ Նրանք հրապուրված են ճաշասեղանի մանրամասները ստույգ պատկերելու մտքով, նրանով, որ ամեն մեկի առջև սպասք լինի, որ սափորներում բավական գինի լինի, իսկ սեղանին՝ հաց, իսկ այն լարված դրամատիզմը, որը «Խորհրդավոր ընթրիքի» սյուժեի բուն խնդիրն է, չեն կարողացել հաղորդել։ Լեոնարդոն բոլորովին էլ չի մտածում մանրամասերի լուսանկարչական ճշգրտության մասին։ Քննադատները հաշվել են սեղանի վրայի սպասքի ու բաժակների թիվը և գտել, որ դրանք բոլորին չեն բավարարում։ Դրա փոխարեն խտացված դինամիկայի ու դրամատիզմի տպավորությունը ցնցող է, և դա Լեոնարդոյին հաջողվել է շնորհիվ իր գիտական հետազոտությունների։ «Խորհրդավոր ընթրիքը» ավարտվեց 1498 թվականի փետրվարի սկզբին։

Լեոնարդոն հանճարեղորեն լուծում է գեղանկարչության և ճարտարապետության համադրման հիմնարցը։ Որմնանկարում պատկերված կողապատային հեռանկարային կրճատումը կարծես շարունակությունն է սեղանատան իրական տարածության։

Որմնանկարը խիստ քայքայված է, սակայն պահպանված փորագրանկարները և նախապատրաստական էսքիզները թույլ են տալիս համալրել կոմպոզիցիայի բոլոր մանրամասները։

Այս որմնանկարի ստեղծման հետ կապված մի պատմություն կա, որ հասել է մեր օրերը: Լեոնարդո դա Վինչին իր նշանավոր «Խորհրդավոր ընթրիք»-ի համար տարիներ շարունակ  փնտրում էր համապատասխան դեմքեր՝ Հիսուսին և առաքյալներին պատկերելու նպատակով։ Սկզբում Հիսուսի դեմքը նկարելու համար նրան գրավեց զարմանալիորեն գեղեցիկ ու բարի Պիետրո Բենդենելիի դեմքը, որին նկարիչը  դարձրեց  բնորդ։ Անցավ երկար ժամանակ: Նկարիչը փնտրում էր Հուդայի կերպարն արտացոլող բնորդ։ Մի օր նրան հանդիպեց մի թափառաշրջիկ, որին նոր էին բանտից դուրս թողել, և նրա դեմքի արտահայտությունը հետաքրքրեց նկարչին։ Այդ դեմքի վրա  մեղքերի, կրքերի ու անօրենության կնիքը կար։ Որքան մեծ եղավ նկարչի զարմանքը, երբ իմացավ, որ այդ մարդը նույն այն սքանչելի դեմք ունեցող Պիետրո Բենդենելին էր…

Իտալացի հետազոտող Սաբրինա Սֆորիցա Գալիցիան հավաստիացնում է, որ իրեն հաջողվել է կարդալ աշխարհի վերջին վերաբերող հաղորդագրություն՝ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» նկարում: Ըստ նրա հետազոտությունների` դա Վինչին կանխատեսել է, որ 4006 թվականի մարտի 21-ին սկսվելու է աշխարհի վերջը կամ համաշխարհային ջրհեղեղ հիշեցնող մի երևույթ, որը միգուցե և մարդկության նորացման ու վերածննդի պատճառ դառնա:

Թե ինչպես է իտալացի հետազոտողը հանգել այդ եզրակացությանը, հայտնի չէ: Հայտնի է միայն այն, որ Գալիցիան ուսումնասիրել է ոչ թե Միլանի Սանտա-Մարիա Գրացիա եկեղեցում գտնվող որմնանկարը, այլ Լյուդովիկոս XII-ի պատվերով արված կրկնօրինակը:

Սաբրինա Սֆորիցա Գալիցիան հավաստիացնում է, որ իրեն հաջողվել է բացահայտել որմնանկարում քողարկված մաթեմատիկա-աստղագիտական մի կոդ: Նա բացատրում է, որ Հիսուսի ու նրա աշակերտների ընթրիքի սեղանի սփռոցի ծալքերն աշխարհի քարտեզն են կազմում: Բացի դրանից` 24 ժամերից յուրաքանչյուրը դա Վինչին լատինական այբուբենի մի տառով է նշանակել: Հետազոտողը նաև խոսում է առանձին մի քանի խորհրդանիշների մասին, որոնք առկա են նկարում: Դրանք են` անընդհատ կրկնվող ութ թիվը, Ֆրանսիայի զինանշանը, նկարչի ստորագրությունը:

2009 թվականին Գալիցիան այս որմնանկարի մասին  իր ուսումնասիրությունները հրատարակեց առանձին գրքով: Սպասվում է, որ գիրքը շարունակություն կունենա, որտեղ ավելի հիմնավոր ու մանրամասնորեն կներկայացվեն նրա ուսումնասիրության արդյունքները:

Ֆլորենցիայում բնակվելու երկրորդ շրջանում Լեոնարդոն նկարեց մի քանի դիմանկար, բայց միակը, որ պահպանվել ու հասել է մեր օրերը՝ հանրաճանաչ «Մոնա Լիզա»-ն է: Այս դիմանկարը համաշխարհային գեղանկարչության ամենափառաբանված ստեղծագործություններից մեկն է։ Արտասովոր են պատկերված կերպարի խորությունը և նշանակալիությունը, կերպար, որտեղ անհատականի հատկանիշները զուգորդվում են մեծ ընդհանրացումների հետ։

Սա կերպարվեստի գլուխգործոցն է և նրան կարելի է անվանել աշխարհի ամենահայտնի գեղանկարչական ստեղծագործություն: Տարբեր լեգենդներ ստեղծվեցին «Մոնա Լիզայի» շուրջ, որը հայտնի է նաև «Ջոկոնդա» անվամբ: Սա ընդամենը դիմանկար է, սակայն դա մատուցված է այնպիսի խորհրդավորությամբ, այնպիսի վարպետությամբ, որ մինչ այժմ մարդկությունը չի կարողանում հասկանալ նրա ժպիտի առեղծվածը: Նա վարպետորեն է ստվերագծել Մոնայի աչքերի և շրթունքների հատվածը, ու այնքան կենդանի է արել դա, որ կարծում ես, թե այն առեղծվածային է և ոչ երբեք մարդկային: Այս կտավում կարևոր է նաև այն, որ Մոնան առանց զարդարանքների է, գեղեցիկ ու պարզ զգեստով, իսկ ահա ետևի բնանկարը այնպես է արված, որ քեզ թվում է, թե այն անընդհատ փոփոխվում է: Վազարին նկատել է, որ հենց այս ստեղծագործությունն է ստեղծագործողին տվել ավելի շատ ինքնավստահություն:

,,Մոնա Լիզա,,-ն հայտնի է նաև Ջոկոնդա անվամբ: Շատ են վարկածները, որ դիմանկարում Ֆրանցիսկո Դել Ջոկոնդայի կին` Լիսա Ջերարդինին է: Այդ կտավը նկարվել է նավթով` բարդու կեղևի վրա: Դա մի կնոջ դիմանկար է, որի ժպիտն համարում են առեղծվածային: Լեոնարդոն դիմանկարի վրա սկսել է աշխատել 1503 թվականից և ավարտել է 1519 թվականին: Կտավն այժմ գտնվում է Փարիզի` աշխարհահռչակ Լուվրի թանգարանում: Բոլորս ենք ծանոթ այդ դիմանկարի վերատպությանը:

Լեոնարդո դա Վինչին «Մոնա Լիզա»-յի դիմանկարը սկսել է նկարել Ֆլորենցիայում: Ըստ դա Վինչիի ժամանակակից Ջորջո Վազարիի կարծիքի, նկարիչը 4 տարի այն մի կողմ է դրել, հետագա աշխատանքը շարունակել է 3 տարի անց, և ավարտել է մահվան շեմին՝ 1519 թվականին: Նա կիսավարտ կտավը վերցրել էր իր հետ, երբ  Ֆրանսիայի թագավորի հրավերքով մեկնել է Ամբոզե քաղաքը:

Հետագայում թագավորը գնել է այդ նկարը և իր դղյակում: Լուի XIV-ը տեղափոխել է կտավը Վերսալի պալատ, իսկ Ֆրանսիական հեղափոխությունից հետո նկարը հանգրվանում է Լուվրում:

Ավելի ուշ Նապոլեոն I-ը նկարը տեղափոխում է իր ննջասենյակ, այնուհետև կրկին վերադարձվում է Լուվր: Ինչով է մոնա լիզան հրապուրում դիտողին. այդ երիտասարդ կնոջ՝ վարպետորեն մշակված և ստվերանկարով ինքնապարփակ վեհասքանչ պատկերն  իշխում է հեռավոր բաց կապույտ մշուշով ծածկված ժայռերում գալարվող գետակներով բնանկարի վրա, կերպարը դարձնելով առավել կատարյալ ու մշտահմա:

Բարդ կիսաֆանտաստիկ բնանկարը նրբորեն ներդաշնակում է պատկերված կնոջ բնավորության և բանականության հետ։ Թվում է, թե բուն կյանքի անկայուն փոփոխությունն է զգացվում նրա հազիվ նկատելի ժպիտով աշխուժացած դեմքի արտահայտության մեջ, նրա հանգիստ, վստահ խորաթափանց հայացքում։ Պատրիկուհու դեմքը և փափկասուն ձեռքերը պատկերված են զարմանալի զգուշավորությամբ, մեղմությամբ։ Լուսաստվերի նրբին, ասես անհետացող շղարշը, որ պատել է պատկերը, մեղմացնում է ուրվագծերը և ստվերները. նկարում չկա ոչ մի կտրուկ վրձնախազ կամ անհարթ ուրվագիծ։

Շատերը կարծում են, որ այդ կտավում նկարիչը իրեն է պատկերել բնության ֆոնի վրա: Արևելյան արվեստագետներից Յուկիո Յաշիրոն պնդում է, որ կտավի հետևի ֆոնը նկարվել է չինական նկարների ազդեցության տակ: Սակայն այս թեզը հստակ ապացուցված չէ:

,,Մոնա Լիզան,, 19-րդ դարի կեսերին դեռևս  հայտնի չէր լայն հասարակայնությանը, մինչև որ խորհրդապաշտ նկարիչների շարժումը չգնահատեց այն:

Համաշխարհային գեղանկարչության այս գլուխգործոցը՝ բազմաթիվ փորձագետներ են ձգտել մեկնաբանել, հազարավոր հոդվածներ ու գրքեր են գրվել, սակայն գիտնականներին հուզող ,,ինչն ու ինչպես,,-ը մինչև օրս էլ չի բացահայտվել: Բազմաթիվ նյութեր կան Մոնա Լիզայի մասին, նաև վարկածներ, որոնցում փորձ է արվել լուսաբանել կտավի առեղծվածը, սակայն առ օրս էլ ամեն ինչ մշուշում է ու անվերծանելի: Ավելի քան հիսուն տասնամյակ անց արվեստաբանները դեռ շարունակում են ուսումնասիրել Վերածննդի մեծագույն վարպետ Լեոնարդո դա Վինչիի  ,,Մոնա Լիզայի” կամ  “Ջոկոնդայի” դիմանկարը:

Վերջերս արված ուսումնասիրություններից հետո իտալացի արվեստաբանները պնդում են, որ դա Վինչիի “Մոնա Լիզայի” դիմանկարի վրա տառեր և թվեր են գտել: Դա հնարավոր է  անել հատուկ գերզգայուն տեխնիկայի միջոցով:

Պրոֆեսոր Սիլվանո Վինչետին` Իտալիայի մշակութային ժառանգության պահպանման ազգային կոմիտեի նախագահը,  ասում է, որ Ջոկոնդայի աչքերում թվեր և տառեր են ուրվագծվում: Դրանք կարելի է տեսնել մեծացված պատկերի վրա: Աջ բիբում երևում են լատինական LV տառերը: Արվեստաբանի կարծիքով` դա հենց դա Վինչիի անվանատառերն են: Ձախ բիբում կարդացվում է 149 թիվը. հնարավոր է` դա էլ նկարի ստեղծման տարեթիվն է, սակայն, չգիտես ինչու, չկա վերջին թիվը:

Ինչպես հայտնի է, նկարում պատկերված կնոջ ինքնության մասին մի քանի վարկածներ կան, որոնցից մեկի  համաձայն` դա Վինչին պատկերել է Լիզա Գերարդինիին: Այլ վարկած է առաջ քաշում Սիլվանո Վինչետին: Ըստ նրա` կտավը ստեղծված է եղել ոչ թե 1503-04 թվականներին, այլ 1490 թվականին:  Դա Վինչիի կենսագրությունից գիտենք, որ սկսած 1482-ից` նկարչին իր  արքունիք է հրավիրում  Միլանի հերցոգ  Լյուդովիգո Սֆորցան: Իսկ ենթադրյալ  Լիզա Գերարդինին  ապրել է Ֆլորենցիայում: Հավանաբար դա Վինչին պատկերել է Սֆորցայի շրջապատի ազնվական կանանցից մեկին:

Արվեստաբանը նաև կամրջի ֆոնին հայտնաբերել է 72 թիվը, որի նշանակությունը դեռ մեկնաբանված չէ: Բայց գիտնականը համոզված է, որ այս թիվն էլ պատահականություն չէ և իր նշանակությունն ունի:

Գուցե և  այս վարկածներն այնքան էլ հիմնավոր չթվան, բայց  շատ արվեստաբանների համար կասկած չկա, որ դա Վինչին կոդավորված տեղեկություններ է փոխանցել իր աշխատանքներում: Այս պնդումը հաստատում է տարիներ առաջ Իտալիայի ազգային կոմիտեի անդամ Լուջի Բորջիայի գտած մի հին գիրք, ըստ որի մի հատվածի` դա Վինչիի “Մոնա Լիզայի” աչքերը լի են գաղտնիքներով և խորհրդանիշներով: Ըստ Վինչետիի խոսքերի` նկարիչը իր արվեստում սիրում էր գործածել տարբեր նշաններ և կոդեր: Շատ հավանական է, որ նա աչքերում, այսինքն` հոգու հայելով կարևոր տեղեկություն փոխանցեր:

Նկարն էլ ավելի խորհրդավոր մշուշով է պարուրում նրա ճակատագիրը: Եթե դիմանկարը պարզապես պատվեր լիներ, ապա տրամաբանական է, որ ավարտելուց հետո պետք է հանձնվեր պատվիրատուին: Բայց դա Վինչիի կենսագրությունից գիտենք, որ “Մոնա Լիզայի” դիմանկարը նրա մոտ է եղել մինչև իր կյանքի վերջը: Այստեղ էլ ուրիշ հարց է ծագում. գուցե աշխատանքը ամենևին է պատվեր չի եղել կամ էլ դուր չի եկել պատվիրատուին, և նա հրաժարվել է դրանից, հնարավոր է նաև, որ շատ թանկ է եղել դա Վինչիի համար, ուստի իր մոտ է պահել: Ստույգ փաստերի բացակայության պայմաններում անվերջ կարելի է այսպիսի վարկածներ առաջ քաշել….

Երբ  2011 թվականին որոշվեց  Լոնդոնում բացել «Լեոնարդո դա Վինչի. Միլանի արքունական նկարիչը»  ցուցահանդեսը, ներկրված գործերը ապահովագրվեցին ռեկորդային` 2.4 միլիարդ դոլար գումարով: Լոնդոնի ազգային թանգարանում բացված ցուցահանդեսում ներկայացվել էին նկարչի 15 պահպանված կտավներից  9-ը` «Կզաքիսով կինը», «Մադոննան ժայռերում», «Երաժիշտի դիմանկարը» և այլն: Ցուցահանդեսի կազմակերպիչները դիմել էին  ծայրահեղ միջոցների` նկարների անվտանգությունը ապահովելու համար: Նկարները կախվել են  գերամուր ապակուց պատրաստված էկրանների տակ: Ցուցահանդես են այցելել  մինչ այդ չգրանցված քանակով այցելուներ: Վաճառվել էր թանգարանի ողջ պատմության ընթացքում ռեկորդային քանակով տոմս:

Ավարտվեց, մեր հերթական զրույցը իտալական Վերածննդի հանճարեղ ներկայացուցիչ Լեոնարդո դա Վինչիի մասին:



ՀՏՀ
Շնորհակալություն արձագանքի համար.սիրով կսպասեմ.հաջողություն եմ մաղթում կայքի աշխատանքներին....Հարգելի՛ Ծովիկ, քանի որ մեր կայքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում և աշխատանքներն այժմ ընթացքի ...Ողջույն սիրելի Ռադիո Մարիամ. կայքում վերջերս կարդացի 40 օրերի խորհրդի մասին ամենօրյա հորդոր: Սյունակ...Աստված օգնական Հայր Սուրբ։ Ցանկանում եմ մի հարց տալ։ Մարդը պարտադիր պիտի աղքատ լինի, որպեսզի Աստված ...բարև ձեզ,մի քանի հարց եմ ուզում ձեզ ուղղել,կխնդրեմ եթե հնարավոր է' պատասխանեք աստվածաշնչյան արտահայտ...Շատ ենք լսել, որ անհրաժեշտ է ունեցածով բավարարվել: Նաև ձեր քարոզներից մեկում լսեցինք, որ ասում էիք՝ ...Աստված օգնական, վարդապետ: Արդյո՞ք հաղորդություն ընդունելուց առաջ չի կարելի հաց ուտել:...Աստված օգնական Հայր Սուրբ, ինչ են նշանակում Աստվածամոր վարդարանի ամենօրյա խորհուրդները, որոնք են դրա...Ինձ ու ընկերներիս երբեմն ասում են, թե չի կարելի լսել երաժշտության ժամանակակից ժանրերի երգեր, իբր թե ...Հայր Անտոն, ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Հաղորդություն չի տալիս:...Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ դու մեկին ներում ես և իր արած վատությանը համարժեք քայլերով չես պատաս...Վարդապետ, աշխարհում եւ վերջին տարիներին նաեւ Հայաստանում շատ է խոսվում դիակիզության մասին: Կուզենայի...Ինչ է նշանակում տաղավար տոն: Ինչու միայն հինգ տոնն է համարվում տաղավար:...Kareli e xostovanel mexcere skypovԵրեխաներին ո՞ր տարիքից է թույլատրվում սուրբ հաղորդություն ճաշակել, վարդապետ:...